Վիքիպեդիայի հիմնադրի անակնկալը Սուսաննա Մկրտչյանին - Mediamax.am

exclusive
12692 դիտում

Վիքիպեդիայի հիմնադրի անակնկալը Սուսաննա Մկրտչյանին


Սուսաննա Մկրտչյանը եւ Ջիմի Ուելսը
Սուսաննա Մկրտչյանը եւ Ջիմի Ուելսը

Լուսանկարը` Wikimedia.org

Սուսաննա Մկրտչյանը
Սուսաննա Մկրտչյանը

Լուսանկարը` Wikimedia.org

Wikimania 2015-ի մասնակիցները
Wikimania 2015-ի մասնակիցները

Լուսանկարը` Wikimedia.org


«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը Մեքսիկայում կայացած 9-րդ «Վիքիմանիա» համաժողովին Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմի Ուելսի կողմից արժանացել է «Տարվա Վիքիպեդիստ» (Honorable mention of the year by Jimmy Wales) մրցանակին: Ըստ Վիքիպեդիայի՝ Ջիմի Ուելսի կողմից շնորհվող այս մրցանակը նշանավորում է Վիքիպեդիա հանրագիտարանի նվաճումները անհատ Վիքիպեդիստի կողմից:

 

Տեխնիկական գիտությունների թեկնածու Սուսաննա Մկրտչյանը, ով Վիքի միջավայրում հայտնի է նաեւ «Վիքիտատիկ» անունով, վերջին 5 տարիների ընթացքում հսկայական ներդրում է ունեցել Հայերեն Վիքիպեդիայի զարգացման գործում: Նրա եւ «Վիքի շարժման» ակտիվիստների շնորհիվ Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների թիվը ոչ միայն կտրուկ աճ արձանագրեց, այլ էականորեն բարելավվեց բովանդակության որակը:

 

Սուսաննայի եւ ընկերների «Վիքիճամբար» նախաձեռնությունը նախորդ տարի «Վիքիմանիա» համաժողովին ճանաչվել էր «Վիքի ամենացնցող նախագիծ» (The Coolest Project), իսկ այս տարի ցնցող նախագծերի երրորդ հորիզոնականում է հայտնվել «Արեւմտահայերեն Վիքիպեդիայի» մտահղացումը:

 

Սուսաննա Մկրտչյանը առաջին անգամ Վիքիպեդիայում հոդված է գրել 2010թ. «Ուրարտուի տնտեսությունը» թեմայով եւ անմիջապես հասկացել է, որ Հայերեն Վիքիպեդիան խղճուկ վիճակից դուրս բերելու համար կաղապարից դուրս նոր մոտեցումներ են անհրաժեշտ։ 2011թ. «168 Ժամ»-ում նա հոդված է հրապարակել՝ արտահայտելով իր մտահոգությունն այս թեմայով: Նույն թվականին Իսրայելում կայացած «Վիքիմեդիա» համաժողովին նա ներկայացրել է գործողությունների ուղեցույց` Հայաստանում Վիքիմեդիա նախագծերը զարգացնելու վերաբերյալ:

 

Չնայած զբաղվածությանը՝ Սուսաննան շարունակում է հոդվածներ գրել Վիքիպեդիայում: «Երբեմն տեսնում եմ որեւէ կարեւոր հոդված չկա եւ փորձում եմ խմբագրել: Եթե ժամանակի սղության պատճառով հոդվածը կիսատ է մնում, մեր խմբագիրները, որոնք հետեւում են իմ քայլերին Վիքիպեդիայում, ավարտին են հասցնում իմ սկսած գործը»,-ասում է Սուսաննա Մկրտչյանը Մեդիամաքսի հետ զրույցում:

 

«Վիքիմանիայի» անակնկալը Սուսաննային

 

«Վիքիմանիան» ամենամյա համաժողով է Վիքի նախագծերով բոլոր հետաքրքրվածների համար: Բացի Սուսաննայից, համաժողովին պետք է մասնակցեին «Վիքիմեդիա Հայաստանի» եւս երկու անդամ, սակայն նրանցից մեկին ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր չէր տրամադրել: 

 

Սուսաննա Մկրտչյանի խոսքերով, Ջիմի Ուելսի մրցանակն իր համար մեծ անակնկալ է եղել: «Հաղթողի անունը մինչեւ վերջ գաղտի են պահում, բայց որոշ մարդիկ կարծես արդեն տեղյակ էին, քանի որ մինչեւ իմ անունը հայտարարելը շատերն ինձ հետ նկարվում էին: Համաժողովի մասնակիցներից ոմանց նվիրել էի հայկական Վիքիմեդիայի շապիկներ, եւ նրանք դրանցով էին եկել փակման արարողությանը: Մինչեւ Ջիմի Ուելսի ելույթը, զրուցում էի GLAM-Wiki-ի հիմնադրի հետ` հայկական թանգարանները Վիքիպեդիայում ճիշտ կերպով ներկայացնելու շուրջ, եւ երբ Ջիմիի ելույթը սկսվեց, նա ինձ շտապեցրեց տեղ զբաղեցնել դահլիճում:  Ես այդ օրը մեր շապիկով չէի, քանի որ վերջինը նվիրել էի մի արաբ աղջկա:

 

Ելույթի ընթացքում ինձ հաղորդագրություն ուղարկեց Վիքիմեդիայի մեր տարածաշրջանի ղեկավարը՝ հարցնելով, թե լսում եմ արդյո՞ք Ջիմիի ելույթը: Ես, ճիշտն ասած, մի փոքր նույնիսկ անհանգստացա այդ պահին: Բայց մի որոշ ժամանակ անց էկրանին հայտնվեց իմ նկարը եւ, որպես Տարվա Վիքիպեդիստ, Ջիմին արտասանեց իմ անունը, ազգանունս էլ բարդության պատճառով միայն իմ արտասանելուց հետո կրկնեց։ Շատ անսպասելի էր ինձ համար: Իր ելույթում նա նաեւ ներկայացրեց «Վիքիմեդիա Հայաստանի» հաջողությունները», - պատմում է Սուսաննան:

 

«Վիքիմանիա» համաժողովն ամեն տարի անցկացվում է նոր երկրում: Երկրները համաժողովը հյուրընկալելու համար հայտ են ներկայացնում: Եթե հայտը միաձայն հավանության է արժանանում, ապա համաժողովն անցկացվում է տվյալ երկրում: Սուսաննան չի բացառում, որ հնարավոր է մի օր էլ համաժողովը Հայաստանում անցկացվի:

Wikimania 2015-ի մասնակիցները Wikimania 2015-ի մասնակիցները

Լուսանկարը` Wikimedia.org

«Պարզապես դա լրացուցիչ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ կպահանջի։ Ճիշտ է, Վիքիմեդիա հիմնադրամը գումար տրամադրում է համաժողովի կազմակերպման համար, բայց դժվար է լավագույն ձեւով ներկայանալ ֆիքսված գումարի պայմաններում: Եթե մենք լինեինք հյուրընկալող երկիր, կուզեի, որ ամեն ինչ լավ կազմակերպված լիներ: Եթե այդքան ակտիվ Վիքիպեդիստներ գան, որոնք բովանդակություն են ստեղծում տարբեր լեզուներով, ապա Հայաստանը համացանցում ներկայացնելու հարցը լավագույնս կլուծվի», - նշում է նա:

 

Վիքիճամբարների մասին

 

Արդեն երկու տարի է, ինչ «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպում է ճամբարներ, որտեղ 14-20 տարեկան պատանիները խմբագրում են Վիքիպեդիա կամ Վիքիբառարան: Տեսնելով Վիքիճամբարի գրանցած հաջողությունը՝ Գյուլբենկյան հիմնադրամը, որը սերտ համագործակցում է Վիքիմեդիա Հայաստանի հետ,  այս տարի ցանկություն է հայտնել համատեղ Վիքիճամբար կազմակերպել Լիբանանում, որտեղ ճամբարականները Վիքիպեդիան կհարստացնեն արեւմտահայերեն հոդվածներով:

 

«Մեզ հետ Լիբանան կուղեւորվեն 4 հայաստանցի պատանիներ, ովքեր ողջ տարվա ընթացքում շատ ակտիվ են եղել: Գյուլբենկյան հիմնադրամի հետ հաջորդ տարի ուզում ենք Վիքիճամբար կազմակերպել նաեւ Ֆրանսիայում»,-ասում է Սուսաննան:

 

Շատ երկրներ ուզում են կիրառել Վիքիճամբարի փորձը: Օրինակ, Ռուսաստանում պատրաստվում են բոլոր պատանեկան ճամբարներում ներդնել Վիքիպեդիայի խմբագրման ժամեր: «Ինձ խնդրեցին աջակցել ճամբարներում վիքիպեդիայի ուսուցման եւ արդյունքների գնահատման մեր փորձն իրենց մոտ ներդնելու հարցում: Ես էլ փորձել եմ պայմանավորվել, որպեսզի ճամբարներին մասնակցեն նաեւ հայ պատանիներ»,- նշում է Սուսաննա Մկրտչյանը:

Սուսաննա Մկրտչյանը Սուսաննա Մկրտչյանը

Լուսանկարը` Wikimedia.org

Նա պատմում է, որ ամենասկզբից նախատեսվում էր Վիքիճամբարը միջազգային ձեւաչափով կազմակերպել, սակայն նախագիծը մերժվել է նմանատիպ միջոցառումների կազմակերպման փորձի չունենալու պատճառով: Օգոստոսի 16-29 Աղվերանում կազմակերպվող Վիքիճամբարի երկրորդ հերթափոխին կմասնակցեն նաեւ պատանիներ Էստոնիայից եւ Վրաստանից։ Սուսաննան համոզված է, որ հաջորդ տարի ավելի շատ երկրներ կմասնակցեն Հայաստանում կազմակերպվող Վիքիճամբարներներին:

 

Արեւմտահայերեն Վիքիպեդիա եւ այլ նախագծեր

 

Վիքիպեդիայում այժմ 1600-ից ավել արեւմտահայերեն հոդված կա եւ, Սուսաննայի կարծիքով, լիբանանյան Վիքիճամբարից հետո հոդվածների թիվը զգալիորեն կավելանա: Քանի որ արեւմտահայերենը համացանցում ներկայացված չէ որպես առանձին լեզու, արեւմտահայերենով հոդվածները խմբագրվում են Հայերեն Վիքիպեդիայում: Համացանցային լեզուների շարքում Արեւմտահայերենի ներկայացված չլինելը խնդիրներ է ստեղծում Վիքիխմբագիրների համար, ուստի Վիքիմեդիա Հայաստանը՝ Գյուլբենկյան Հիմնադրամի եւ հայ լեզվաբանների հետ համատեղ Ստանդարտների միջազգային կազմակերպության կոդ ստանալու դիմում է ներկայացնելու այս հարցը շտկելու համար:

 

«Վիքիմեդիա Հայաստանի» հաջողված նախաձեռնություններից է նաեւ «Վիքին սիրում է գիտություն» նախագիծը: Ամեն ամիս 2 օր գիտական եւ կրթական թեմաներով հոդվածներ գրող ամենաակտիվ վիքիխմբագիրները հյուրընկալվում են Աղվերանում եւ քննարկումներ ունենում:

 

«Հնարավոր է, որ առաջիկայում շատ լավ մրցանակ ունենանք նախագծի ամենաակտիվ մասնակցի համար, օրինակ, մասնակցություն հաջորդ տարվա «Վիքիմանիային», որն անցկացվելու է Իտալիայում»,-ասում է Սուսաննան:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին