Մարիա-Արաքսի Շահպազեան. «Ուսուցիչները պետք է ոգեշնչեն ու սիրահարված մնան իրենց գործին» - Mediamax.am

exclusive
1083 դիտում

Մարիա-Արաքսի Շահպազեան. «Ուսուցիչները պետք է ոգեշնչեն ու սիրահարված մնան իրենց գործին»


Մարիա-Արաքսի Շահպազեանն աջից առաջինն է
Մարիա-Արաքսի Շահպազեանն աջից առաջինն է

Լուսանկարը` CITY College

Լուսանկարը` CITY College

Լուսանկարը` CITY College

Լուսանկարը` CITY College


Արդյոք մեզ պե՞տք է իմանալ այն, ինչ արդեն գիտեն արհեստական բանականության օգնականները։ Մեզ դեռ պե՞տք են ուսուցիչներ, թե՞ ԱԲ-ն կարող է նրանց փոխարինել։ Այս եւ այլ արդիական հարցերի պատասխաններ փորձել ենք ստանալ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի դասախոս Մարիա-Արաքսի Շահպազեանի հետ զրույցում՝ բացահայտելով կրթության բնագավառի այն գործոնները, որոնք մնում են մշտարդիական՝ անկախ տեխնոլոգիական զարգացումից: 

 

Ունենալով լեզվի ուսուցման, ուսուցիչների վերապատրաստման եւ ակադեմիական առաջնորդության ոլորտում դասավանդման ավելի քան 30 տարվա փորձ՝ Մարիա-Արաքսի Շահպազեանն այժմ CITY College-ում ղեկավարում է լեզվի ուսուցման մեթոդոլոգիա եւ ուսումնական նյութերի գնահատում ու նախագծում մոդուլները: 

 

CITY College-ն առաջարկում է բակալավրիատի եւ մագիստրատուրայի մի շարք կրթական ծրագրեր: Հայ դիմորդների համար գործում է վարձավճարների զեղչային համակարգ՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում բարձրակարգ բրիտանական կրթություն ստանալու բացառիկ հնարավորությամբ: 

 

Բացի այդ, Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի համատեղ Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագիրը հայաստանյան դիմորդներին հնարավորություն է ընձեռում ստանալու բարձրակարգ բրիտանական եւ եվրոպական բիզնեսի կառավարման կրթություն եւ երկու MBA դիպլոմներ Յորքի ու Ստրասբուրգի համալսարանից՝ շարունակելով ապրել, աշխատել եւ սովորել Հայաստանում։ 

 

Մեր զրույցում Մարիա-Արաքսի Շահպազեանը նաեւ պատմել է, թե ինչպես են այսօրվա սովորողները մոտենում գիտելիքին, ինչն է էապես նպաստում խորքային եւ կայուն ըմբռնմանը, եւ ինչու ուսուցումը պետք է մշտապես հիմնված լինի ստեղծարարության եւ մարդկային կապի վրա։

 

- Ներկայումս բոլոր ոլորտներում լուրջ փոխակերպումներ են ընթանում արհեստական բանականության զարգացման հետեւանքով: Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ ընդհանուր փոփոխություններ եք նկատել կրթության եւ դասավանդման ոլորտներում:

 

- Կարծում եմ, որ մենք ապրում ենք պարադիգմային փոփոխության ժամանակներում: Մենք պետք է վերասահմանենք, թե ինչ է նշանակում «իմանալ»: Ներկայումս, դասագրքեր բացելով, նշումներ եւ ընդգծումներ անելով գիտելիք ստանալը դիտվում է ժամանակի վատնում: Երիտասարդության մեծ մասը կարծում է, որ եթե Siri-ն, Gemini-ն կամ ԱԲ-ով աշխատող մյուս օգնականները գիտեն, նրանք չպետք է իրենց նեղություն տան սովորել դրանք:  

 

Վերջերս ուսանողներիս հետ մի քննարկում ունեցա, որի ժամանակ հարցրի, թե ինչպե՞ս են մի քանի տարի անց գնալու ընտրությունների, եթե տեղյակ չեն պատմական համատեքստից, մշակութային ժառանգությունից, պատմությունից ու իրենց արմատներից: Նրանք պատասխանեցին, որ ընտրելիս կհարցնեն արհեստական բանականությանը: Արդյոք դուք չե՞ք վախենում, որ անձնական շահեր ունեցողները ձեզ կմոլորեցնեն: 

 

Ուսանողների հետ քննարկումը շարունակելով հանգեցինք այն եզրակացության, որ գիտելիքի էությունը մտածելու եւ հենց քննադատաբար մտածելու կարողությունն է: Առանց դրա մնացյալ ամբողջը երկրորդական է: 

 

Դրա համար էլ նրանց ասացի, որ մենք պետք է մեր ձեռքի տակ ունենանք մի շարք տարբեր աղբյուրներ՝ դասագրքեր, հոդվածներ: Մենք պետք է համեմատենք, խաչաձեւ ստուգումներ անենք, հարցեր տանք, թե ով է ճիշտ, ով ինչ օրակարգ է հետապնդում եւ այլն: Այս գործընթացն է, որ ուղղորդում է մեզ դեպի վստահելի պատասխաններ: 

 

Այդուհանդերձ, ես հետզհետե ավելի շատ եմ լսում հետեւյալ արձագանքները. «Ես դրա կարիքը չունեմ», «Իմ համակարգիչը դա անում է իմ փոխարեն», «Իմ հեռախոսն ունի բոլոր պատասխանները»: Եվ սա տխուր է: 

 

Կարծում եմ, որ մենք կանգնած ենք խաչմերուկում, եւ այդ խաչմերուկը ազդում է նաեւ մեզ վրա՝ որպես ուսուցիչներ: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք ոգեշնչել նոր սերնդին, ինչպես օգնել նրանց գտնել իրենց տեղն աշխարհում, որտեղ իրողություններ հիշելը կամ իրականում իմանալը դառնում է հազվագյուտ: Սակայն գիտելիքի յուրաքանչյուր բաղադրիչ խորությամբ հասկանալու դեպքում դառնում է արտակարգ: 

 

- Շատ հետաքրքիր օրինակ էր, թե ինչպես է սերունդը փոխվում: Դուք նշեցիք, որ ուսուցիչները պետք է կատարելագործեն իրենց հմտությունները, որպեսզի կարողանան ոգեշնչել ուսանողներին՝ օգնելով նրանց հասկանալ, որ սովորելը մնում է էութենական՝ անկախ նրանից, թե ինչ գործիքներ են ի հայտ գալիս: Այդ անելու համար ի՞նչ խորհուրդ կտաք ուսուցիչներին:

 

- Յուրաքանչյուր սերունդ տարբերվում է, այդուհանդերձ, ամեն տարի մեզ համար կարող է հրապուրիչ լինել նրանց նոր պիտակ տալն ու ասելը, որ այս խումբը ծույլ է: Պիտակավորումը չի օգնում մեզ, դա կառուցողական մոտեցում չէ ո´չ մեր մասնագիտության, ո´չ էլ մեր առաքելության համար: Մենք կարող ենք ասել, թե նրանք չեն հասկանում կամ խնդիրը նրանց մեջ է, սակայն դա այդպես չէ: Այդ մենք ենք, որ խճճվել ենք: Մեզ կարծես փոթորիկ է հարվածել, եւ երիտասարդները նույնպես փորձում են հաղթահարել այն: Մենք եւս, որպես ուսուցիչներ, փորձում ենք հարմարվել: 

 

Առաջին հերթին, մենք պետք է քայլենք ժամանակին համընթաց: Դրա համար մենք նախ պետք է ընդունենք տեխնոլոգիաները: Մենք պետք է հասկանանք ինչ գործիքներ են դրանք, ինչ սահմանափակումներ ունեն եւ ինչպես կարելի է դրանք արդյունավետ օգտագործել: Սեփական փորձը ձեռք բերելուց հետո՝ մենք պետք է առաջարկենք մեր ուսանողներին տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման աշխատող մոդել: 

Լուսանկարը` CITY College

Եվ որ ամենակարեւորն է, մենք պետք է սիրահարված մնանք մեր մասնագիտությանը: Օրեր առաջ զրուցում էի ուսանողներիցս մեկի հետ դասերի ծրագրի պատրաստման մասին եւ նա ինձ հարցրեց, թե ինչու պետք է ինքներս շարունակենք դասերի ծրագրի կազմումը, եթե արհեստական բանականությունը կարող է այն մեկ րոպեում գեներացնել: Այո´, այն կարող է դա անել, բայց հարցը դրանում չէ:

 

Առանցքային պատճառներից մեկը, թե մենք ինչու ենք շարունակում ցանկանալ, որ ուսուցիչներն իրենք կազմեն իրենց դասերի ծրագրերն այն է, որ նրանք լավ գիտեն իրենց ուսանողներին: Անգլերենի դասավանդման գրքերի մեծ մասը ներառում է դասի պլանի օրինակ, բայց դա միայն մեկնարկային կետ է: Եթե դու զուտ հետեւես ընդհանուր պլանին, ապա քո դասը կլինի միայն կիսով չափ ոգեւորիչ՝ ի համեմատ նրա, թե որքան այն իրականում պիտի լիներ: Բայց եթե դու հավաքես գաղափարներ տարբեր աղբյուրներից, կապես այն երեկվա դասի, վաղվա նպատակների եւ կոնկրետ ուսանողների խմբի կարիքների հետ, ապա կարող ես ստեղծել իրականում իմաստալից ծրագիր: 

 

Երբ մենք դադարենք սա անել եւ չափից շատ հենվենք կարճ ճանապարհների վրա, կկորցնենք կայծը: Կիրքը կսկսի մարել: Եվ երբ դա տեղի ունենա, դասավանդումը կդառնա մեխանիկական եւ ի վերջո՝ կդադարի ոգեշնչել:

 

- Արդյոք ԱԲ-ով աշխատող գործիքներն արդեն իսկ լայն տարածում ստացե՞լ են դասընթացի պլանավորման, գնահատման կամ դասավանդման այլ ոլորտներում: Որո՞նք են Ձեր դիտարկումները եւ ի՞նչ պոտենցիալ ռիսկեր եք տեսնում այստեղ: 

 

- Ուսանողների գնահատման պարագայում մենք դեռեւս բավականին հեռու ենք ամբողջությամբ ԱԲ-ի վրա հենվելուց: Անգամ եթե երեւան գան գործիքներ, որոնք կառաջարկեն գնահատման կարգավորվող տարբերակներ, մենք, միեւնույն է, պետք է ստուգենք, թե ինչպես են գնահատման կանոնները կիրառվել ԱԲ-ի կողմից եւ որոշակիորեն փոփոխենք գնահատականները՝ կախված անհատական եւ համատեքստային գործոններից: 

 

Այդտեղ նաեւ հակասություն կա. եթե ես օգտագործում եմ ԱԲ ուսանողների աշխատանքները գնահատելու համար եւ միեւնույն ժամանակ ասում, որ նրանք չեն կարող օգտագործել ԱԲ իրենց աշխատանքները գրելիս, դա անարդար մոտեցում է: Ակադեմիական աշխատանքը պահանջում է մարդկային բարձր մակարդակի գործունեությունը, որը ներառում է ընկալում, վերլուծություն եւ լսարանի ներգրավման ապահովում: 

 

Միեւնույն ժամանակ կան օգտակար ԱԲ գործիքներ: Օրինակ՝ ես օգտագործում եմ Text Inspector գործիքը՝ ստուգելու համար առաջադրանքում ներառվող տեքստի մակարդակը: Եթե հարթակն ինձ ասում է, որ սա A2 մակարդակի տեքստ է, իսկ ինձ պետք է  B2 մակարդակի տեքստ, ես հասկանում եմ, որ պետք է բարդացնեմ այն: Նման գործիքներն օգնում են նյութերը կազմելու հարցում: 

Լուսանկարը` CITY College

Հունաստանում մենք վերջերս տեսանք օրինակներ, թե ինչպես է ԱԲ-ն կիրառվում վերապատրաստումների եւ թեստավորման մեջ: Այն տվյալներ է հավաքում, նշում սխալները եւ օգնում ուսանողներին պատրաստվել: Սա հիանալի է հնչում, բայց երկարաժամկետ հեռանկարում մենք շարունակում ենք այս համակարգերին սնել հսկայական չափի տվյալներով, եւ դրանք դառնում են ավելի խելացի: Տարիներ անց ԱԲ-ն գուցե կարողանա գնահատել բանավոր քննությունները եւ նույնիսկ ղեկավարել ամբողջ դասապրոցեսը: 

 

Սա անհանգստացնող է, եւ վախենամ, որ ի վերջո մարդիկ կսկսեն կարծել, թե սովորելն այլեւս անհրաժեշտ չէ, իսկ ուսուցիչ ունենալը հնացած ճոխություն է: 

Այս իրավիճակն ինձ հիշեցնում է 60-70-ական թվականները, երբ հայտնվեցին անգլերենի՝ առանց ուսուցիչ աուդիո դասընթացները, որոնք ի սկզբանե նախատեսված էին առեւտրականների ու ճանապարհորդների համար: Հիմա թվում է, որ ուսուցիչները վտանգված են: Արդյոք կարո՞ղ է արհեստական բանականությունն անել ամբողջ գնահատումը, արդյոք այն կդառնա՞ կրթության միակ հաղորդակցային կետը: 

 

Ես գիտեմ, որ մարդկային ներգրավվածությունը շարունակում է կարեւոր մնալ: Երբ ուսանողը սթրես է ապրում, դու կարող ես ասել՝ շունչ քաշիր, մի փոքր ջուր խմիր, արի նորից փորձենք: Մեքենան դա չի կարող անել: 

 

Եվ ի վերջո, մենք պետք է զգույշ լինենք գնահատումը չափից շատ շեշտադրելիս, քանի որ մենք իրականում սովորում ենք կրթական նյութի հետ կանոնավոր հաղորդակցության միջոցով, այլ ոչ թեստավորմամբ: 

 

- Ձեր այս դիտարկումները հանգեցնում են իմ հաջորդ հարցին. որո՞նք են այն հիմնաքարային սկզբունքները կամ էութենական բաղադրիչները, որոնք Ձեր կարծիքով անփոփոխ կմնան՝ անկախ նրանից, թե տեխնոլոգիան որքան կզարգանա: Ո՞րն է այն մարդկային տարրը, որը միշտ առանցքային կմնա կրթության մեջ: 

 

- Առաջին հիմնական սկզբունքն այն է, որ սովորելը նաեւ հուզական գործընթաց է, այլ ոչ թե միայն մտավոր: Մենք ավելի լավ ենք սովորում, երբ սիրում ենք ուսուցչին, վայելում ենք մյուս սովորողների ընկերակցությունը, զգում մեզ ներգրավված կրթական նյութի հետ եւ կարեւորում դասի թեման: Հուզական կապը միշտ առանցքային է լինելու: 

 

Մեկ այլ կարեւոր գործոն է այն, որ անհնար է սովորել ինչ-որ մեկի փոխարեն: Ես կարող եմ դասավանդել, բայց սովորողը, միեւնույն է, ուսանողն է: Ես չեմ կարող փոխարինել նրանց կամ պատասխանատվություն ստանձնել նրանց փոխարեն: Ես գնում եմ նրանց ընդառաջ՝ անցնելով ճանապարհի կեսը, եւ նրանք եւս պետք է անեն իրենց քայլը՝ ինձ ընդառաջ: Ավելին, ուսուցիչներիս գործը միայն այդ կես ճանապարհն անցնելը չէ, մյուս կեսում էլ մենք պետք է կարողանանք մոտիվացնել:  

 

Կարեւոր է նաեւ սրտանց վերաբերմունքը: Մենք պետք է սիրենք մեր ուսանողներին կամ նվազագույնը՝ չմերժենք կամ չպիտակավորենք նրանց: 

 

Կրթելը կա եւ մշտապես կմնա ստեղծագործ գործընթաց: Եվ այն ստեղծագործ է միայն այն պարագայում, երբ ուսուցիչն ինքը ստեղծագործ է: Եթե մենք այդ ստեղծագործ մոտեցումն ամբողջապես վստահենք դասագրքերին եւ պարզապես հետեւենք դասագրքի գլուխներին ու վարժություններին, անձնական մոտեցման տեղ չի մնա: Եվ առանց այդ մարդկային ներդրման՝ ուսուցիչը կարող է հեշտությամբ փոխարինվել ավտոմատացված հարթակով: 

 

Իրական հարցը հետեւյալն է. ի՞նչ կարող եմ անել ես, որպեսզի այս դասը դարձնեմ ավելի ներգրավող, ավելի իմաստալից եւ ավելի կենդանի՝ կոնկրետ այս սովորողների համար, կոնկրետ այս պահին: 

 

- Վերջերս Հայաստանի մասնավոր առաջատար դպրոցներից մեկում մի քննարկման էի ներկա, որտեղ ուսուցիչները հետաքրքիր միտում էին արձանագրել. ներկայիս աշակերտներն ավելի հեշտ են հիշում տեղեկատվությունը, երբ այն ներկայացվում է էկրանների միջոցով, քան թե բացատրվում է ուսուցչի կողմից բանավոր կերպով: Սա միայն մեկ օրինակ է, եւ ինձ հետաքրքիր է, արդյոք դուք նկատե՞լ եք նման միտումներ: Ինչպե՞ս պետք է ուսուցիչները հարմարեցնեն իրենց դասավանդման մեթոդները՝ հաշվի առնելով տեղեկատվության ընկալման նման փոխակերպումները: 

 

- 1990-ականներին, երբ ես սկսեցի դասավանդել, VAK տեսությունը՝ տեսողական, լսողական եւ կինեսթետիկ, շատ տարածված էր: Սովորողներին ըստ տիպի դասակարգելու ձգտում կար, սակայն այժմ գիտենք, որ դա այդքան էլ պարզ չէ։

 

Այսօր շատ ուսանողներ ունեն տեսողական ընկալում: Մենք ապրում ենք էկրաններով լի աշխարհում։ Նույնիսկ ամենապարզ գործողությունները, ինչպես օրինակ՝ սարքավորումից ջուր գնելը կամ զանգահարելը, այսօր էկրանի միջոցով են կատարվում։ Նման միջավայրը, բնականաբար, ձեւավորում է ուսանողների տեղեկատվությունը ընկալելու կերպը:

 

Մյուս կողմից, լսողական ընկալմամբ ուսանողները, հաճախ, ավելի մեծ աջակցություն են պահանջում։ Առանց տեսողական հուշումների ու հիմնական մտքերն առանձնացնելու լսելը բարձր մակարդակի հմտություն է։ Անձամբ ես դժվարանում եմ ընկալել բանավոր տեղեկատվությունը, եթե նշումներ չանեմ: Հաճախ, այդ նշումները վերածում եմ տեսողական քարտեզների, որոնք օգնում են դասակարգել ու մտապահել լսածը: 

 

Այսօրվա ուսանողները շրջապատված են տեսողական ազդանշաններով եւ հեշտությամբ են կիրառում թվային գործիքները, բայց չեն կարող լավ ընկալել միայն լսելով: Փոխարենը, նրանք լավ են հիշում այն, ինչի փորձառությունն են ունենում, այն, ինչի հետ հուզական կապ են ստեղծում: 

 

Ուստի՝ այո´, ուսուցիչները պետք է իրենց դասապրոցեսի կազմակերպումը հարմարեցնեն նոր իրողություններին։ Օրինակ՝ լեզվի ուսուցման մեջ հրատարակչություններն այժմ գրքերի հետ տրամադրում են նաեւ թվային հարթակներ, էլեկտրոնային գրքեր, ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակներ եւ առցանց աշխատանքային տետրեր։ Այս գործիքները դասերը դարձնում են կենդանի՝ թե´ տեսողական առումով, թե´ ներգրավելու։

Լուսանկարը` CITY College

Պետք է օգտագործել այն ամենը, ինչն օգնում է տեսողական ընկալմանն ու դարձնում նյութը կենդանի` PowerPoint, Prezi։ Ես միշտ ասում եմ ինձ մոտ վերապատրաստվող ուսուցիչներին, որ դասերի համար պատրաստեն իրենց սեփական նյութերը՝ միաժամանակ դրանց զուգադրելով նաեւ Power Point-ով տարբերակը: Այն օգնում է ինտերակտիվությանը եւ տեսողական ու համակարգված ձեւով կենդանացնում դասընթացը:

 

- Կրթության փորձագետների, ուսուցիչների շրջանում շարունակվում է քննարկումը, թե դասարանում թվային գործիքների եւ ավանդական ուսուցման մեթոդների կիրառման միջեւ որը պետք է լինի ճիշտ հավասարակշռությունը: Ո՞րն է այն՝ ըստ Ձեզ: 

 

- Անջատե´ք էլեկտրական գրատախտակը: Պետք չէ, որ այն միացված մնա ամբողջ դասի ընթացքում։ Երբեմն պետք է անջատել էկրանը եւ պարզապես հաղորդակցվել: 

 

Մեկ այլ կարեւոր գործոն է քննարկման համար պայմաններ ստեղծելը: Հասկանալի է, որ ուսուցիչների ժամանակը սահմանափակ է, եւ դասախոսություններում պետք է կարողանան ընդգրկել որոշակի չափով բովանդակություն: Սակայն ավելի խորքային եւ կայուն ուսուցումը, հաճախ, բխում է երկխոսությունից: Մտապահվող փաստերը կարող են մոռացվել, բայց ներգրավված զրույցները միտված են հարատեւելու: 

 

Մեկ այլ կարեւոր գործոն է զույգերով եւ խմբերով աշխատանքի հնարավորությունների ստեղծումը՝ հատկապես լեզվի ուսուցման մեջ։ Դասարանը պետք է լինի անվտանգ տարածք, որտեղ ուսանողները կարող են փորձարկել, ռիսկի դիմել եւ արտահայտվել։ Այդպես է տեղի ունենում իրական ուսուցումը։

 

Այսօրվա մարտահրավերներից է այն, որ ուսանողները, հաճախ, մտագրոհների փոխարեն «էկրանագրոհներ» են անում՝ միանգամից հեռախոսներն են ձեռքը վերցնում, որոնում կատարում ու կարդում ամփոփումներ: Ես նրանց ասում եմ․ «Ես չեմ ուզում լսել՝ ի՞նչ են ասում ուրիշները։ Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ ես մտածում դու»։

 

Հենց այդ պահին է, որ նրանք կանգ են առնում ու հասկանում, որ իրականում չեն մտածել այդ հարցի շուրջ։ Եվ հենց այստեղ է սկսվում իրական ուսուցումը։

 

Մարիա-Արաքսի Շահպազեանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին