5 հարց եւ պատասխան էլ. հարցումների միասնական հարթակի մասին - Mediamax.am

exclusive
5436 դիտում

5 հարց եւ պատասխան էլ. հարցումների միասնական հարթակի մասին


Լեոնիդ Ավետիսյանը
Լեոնիդ Ավետիսյանը

Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները։

 

Վերջերս թարմացված էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը (e-request.am) թույլ է տալիս իրականացնել մի շարք գործողություններ: Հարթակի միջոցով կարելի է պետական մարմիններին առցանց ուղղել հարցում, դիմում կամ բողոք եւ հետեւել նամակի ընթացքին՝ տրամադրված հսկիչ համարի միջոցով: Հարցման պատասխանն իր հերթին, հնարավոր է ստանալ հենց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստին:  

 

Մեդիամաքսը զրուցել է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ («ԷԿԵՆԳ»)-ի տնօրեն Լեոնիդ Ավետիսյանի հետ՝ հարթակի նոր գործարկված տարբերակի եւ համալրված գործառույթների շուրջ:  

 

1. Ե՞րբ եւ ո՞ւմ կողմից է ստեղծվել հարթակը:

 

Դեռեւս 2016թ. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում գործող Կոլբա լաբ նորարարական լաբորատորիան Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում նախաձեռնեց երկամյա ծրագիր՝ հանրային ոլորտում նորարարական լուծումների կիրառման խթանման նպատակով: 

 

ՀՀ արդարադատության նախարարության առաջարկն էր դիտարկել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի ստեղծումը, որը հնարավորություն կտար բարձրացնելու հանրային կառավարման հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ինչպես նաեւ հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը։ Արդյունքում՝ ներկայացված առաջարկը իրագործվեց Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

 

Մինչեւ 2019 թվականի հոկտեմբերը հարթակը վարում էր ՀՀ արդարադատության նախարարությունը, իսկ ներկայում սպասարկման գործառույթը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն։

 

2. Որքա՞ն ակտիվ են քաղաքացիներն օգտագործում այս հարթակը: 

 

Լեոնիդ Ավետիսյանի խոսքով, վիճակագրությունը հետաքրքիր շարժ է ցույց տալիս: Երբ կորոնավիրուսով պայմանավորված 2020թ. մարտին սահմանափակվեց քաղաքացիների տեղաշարժը եւ պետական մարմինների որոշ ստորաբաժանումներ անցան առցանց աշխատանքի, հարթակի պահանջարկն աճեց տասնյակ եւ միգուցե հարյուր անգամ: 

 

«Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա կունենանք հետեւյալ պատկերը. 2019թ. մարտին հարթակում գրանցվել է 827 դիմում, իսկ այս տարվա մարտին՝ 7311: Աճը շարունակվել է եւ ապրիլին կազմել 44 679 դիմում: Մայիսին պահանջարկը նվազել է՝ 30 114 դիմում, իսկ հունիսին նորից աճել՝ 39 538 դիմում: 

 

Եթե թվերը դիտարկենք տարվա կտրվածքով, ապա ամբողջ 2018թ. ունեցել ենք 2670 դիմում,  2019թ.՝ 10 797 դիմում, իսկ այս տարի, հուլիսի 1-ի դրությամբ ունեինք 125 550 դիմում»,- նշել է «ԷԿԵՆԳ»-ի տնօրենը: 

 

3. Ո՞ր մարմիններին են ավելի շատ դիմում մարդիկ: 

 

Հարթակում մինչ օրս ամենաշատ դիմումներն ուղղվել են Ոստիկանությանը (44 384 դիմում), ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը  (39 166 դիմում) եւ ՀՀ վարչապետի աշխատակազմին ՝ (14 351) դիմում: 

 

4. Ինչո՞վ է e-request նորացված հարթակը տարբերվում նախորդից: 

 

Հարթակի նախորդ տարբերակում առկա էր միայն մեկ ձեւաթուղթ, որտեղ լրացվում էին տվյալները՝ առանց ֆիլտրման եւ ստուգման: Արդյունքում, դիմողը երբեմն կարող էր գրել իր հասցեն՝ առանց նշելու իր քաղաքը, կամ անուն-ազգանունը գրեր լատինատառ, ինչը պետական մարմինների համար լրացուցիչ բարդություններ էր ստեղծում:

 

Նոր համակարգում դիմելու գործընթացը քայլերի է բաժանված. ստուգվում է, թե արդյոք հայատառ եք գրել, թե լատինատառ: Բացի դա, համակարգն ավտոմատ առաջարկում է ընտրել մարզը, քաղաքը, փողոցը: 

 

Մյուս լրացումը կապված է դիմումի լրացման դաշտի ծավալի հետ. նախկինում այն շատ փոքր էր՝ մի քանի տող, իսկ նոր տարբերակում բավական աճել է:

 

Նոր հարթակում, որը քառալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն), առկա է հայտի երեք տարբերակ՝ հարցում, դիմում, բողոք: Քաղաքացիները հարթակում կարող են գտնել էլեկտրոնային ստորագրության գործիքներ, ստանալով հնարավորություն հայտը ստորագրել իրենց բջջային հեռախոսով՝ Mobile ID լուծման միջոցով: 

 

5. Ո՞րն է e-request-ի տեսլականը՝ երկարաժամկետ հեռանկարում: 

 

Լեոնիդ Ավետիսյանի խոսքով, հարթակը դառնալու է բազմաֆունկցիոնալ գործիք եւ ապագայում e-gov պորտալի մաս է կազմելու: Այդ նպատակով համակարգի դիզայնը եւ կառուցվածքն այնպես են մշակված, որ հնարավոր լինի այն հեշտությամբ տեղափոխել e-gov պորտալ: Նախատեսվում է, որ վերջինս, հավանաբար հաջորդ տարի, իր մեջ կընդգրկի բոլոր պետական էլեկտրոնային ծառայությունները, այդ թվում՝ e-request հարթակը: 

 

Նարինե Դանեղյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին