Հայաստանի ներքին շուկայում գնային շահարկումներ ներկայումս չեն նկատվում – էկոնոմիկայի նախարարություն - Mediamax.am

3333 դիտում

Հայաստանի ներքին շուկայում գնային շահարկումներ ներկայումս չեն նկատվում – էկոնոմիկայի նախարարություն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Գնաճը Հայաստանում ներկայումս պայմանավորված չէ տնտեսվարողների գնային շահարկումներով, ասել է էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:

Մեդիամաքսի հետ հարցազրույցում Գագիկ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ գնաճային ճնշումներն ունեն առավելապես արտաքին բնույթ, իսկ հայաստանյան տնտեսվարողների համեմատական զսպվածությունը կարող է պայմանավորված լինել մարտի սկզբին կառավարության կողմից առաջին անհրաժեշտության ապրանքների վրա գնային առաստաղներ սահմանելու մասին հայտարարության հոգեբանական ազդեցությամբ:

 

Մեկնաբանելով այն հանգամանքը, որ առաջին գնային առաստաղների սահմանման վերաբերյալ կառավարության հեղինակած օրինագծերը դեռեւս չեն մտել ԱԺ օրակարգ, եւ հայտնի չէ, երբ է դա տեղի ունենալու (մինչդեռ կառավարությունը այդ օրինագծերի շուրջ խոսելիս նշում էր դրանց ժամանակավոր բնույթը), Գագիկ Քոչարյանն ասել է, որ ժամանակավոր է լինելու ոչ թե օրենքը, որպես այդպիսին, այլ բուն գնային առաստաղի սահմանման ժամանակահատվածը, հետեւաբար, ըստ պաշտոնյայի, համապատասխան օրենքների  ընդունման հրատապության հարց չի առաջանում:

 

 «Այսօր պարենային ապահովության հարցը բավականին լուրջ է: Բնակլիմայական աղետների եւ ֆինանսական տատանումների պարագայում պարենամթերքի գները դարձել են գրեթե անկանխատեսելի: Ես շատ ուրախ կլինեի, որ մենք այս գործիքն ընդհանրապես չկիրառենք, այնուհանդերձ, որպես գործիք այն անհրաժեշտ է»,- ասել է Գագիկ Քոչարյանը:

 

Պատասխանելով այն հարցին, թե ինչու են համապատասխան օրինագծերի հեղինակները սահմանել հենց 30 օրվա ընթացքում եւ հենց 30%-անոց գնային տատանման դեպքում երկամսյա գնային առաստաղի սահմանում, Գագիկ Քոչարյանն ասել է, որ օրինագիծը կազմելիս նախարարությունը հիմնվել է Ռուսաստանի համանման օրինագծի վրա, եւ խորհրդարանական լսումների ժամանակ հնարավոր են որոշակի ճշգրտումներ:

 

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, գնաճը 2011թ. ապրիլին մարտի հետ համեմատ նվազել է 0,2 տոկոսային կետով եւ 2010թ. հունվար-ապրիլի համեմատ կազմել 10,5% (2011թ. ապրիլին 2010թ. ապրիլի համեմատ` 8,9%):

 

Գագիկ Քոչարյանն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի կողմից բենզինի արտահանման ժամանակավոր արգելքի` Հայաստանի վրա ազդելու հնարավորության մասին. «Չեմ կարծում, որ դա կազդի Հայաստանի ներքին շուկայի վրա, քանի որ Ռուսաստանից է ներմուծվում Հայաստան մտնող նավթամթերքի ընդամենը 17%-ը, իսկ մեզ մոտ այժմ նկատվող թանկացումները տեղի են ունենում նաեւ միջազգային շուկաներում»:

 

 Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ շուկաների կարգավորման վարչության պետի, եթե Ռուսաստանի կողմից տարատեսակ էմբարգոների սահմանումը բացասաբար է ազդում Հայաստանի ներքին շուկայի վրա, դա կարելի է օպերատիվ կերպով շտկել միջպետական բանակցությունների միջոցով, «ինչպես դա տեղի ունեցավ 2010թ. Ռուսաստանից ցորենի արտահանման էմբարգոյի ժամանակ»:

 

 

Մեր ընտրանին