Գործարարների միավորումները քննադատեցին ԱՄՀ ներկայացուցչին - Mediamax.am

4703 դիտում

Գործարարների միավորումները քննադատեցին ԱՄՀ ներկայացուցչին


Գիլյերմո Տոլոսա
Գիլյերմո Տոլոսա

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանյան գործարարների միավորումները բիզնես քննադատել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցչին` հարկային արտոնությունների վերաբերյալ իր վերջերս արված հայտարարության համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսային ուղղված բաց նամակում ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունների  ղեկավարները մտահոգություն են հայտնել ապրիլի 15-ին տեղի ունեցած ասուլիսին Տոլոսայի հայտարարության կապակցությամբ, որում նա ասել է ձեռնարկություններին հարկային արտոնությունների տրամադրման ոչ նպատակահարմար լինելու մասին, քանի որ ըստ ԱՄՀ-ի, “դա լրացուցիչ ռիսկ է ստեղծում ցածր հարկայնության խնդրի առումով, ինչն առանց այդ էլ բավականին ցածր մակարդակի վրա է ՀՀ-ում”:

 

«Ամբողջությամբ ողջունում ենք ՀՀ նախագահի ջանքերն` ուղղված ՀՀ արտադրական հզորությունների ավելացմանն ու զարգացմանը, հատկապես` դրա նորարարական հատվածի վերաբերյալ: Համոզված ենք, որ մոտակա տարիներին հենց այդ հատվածն է ապահովելու ՀՀ տնտեսության վերականգնումը, քանի որ նման քաղաքականության շնորհիվ են ապահովվել այլ երկրների տնտեսական զարգացման բարձր տեմպերը», - ասված է բաց նամակում:

 

Նամակի հեղինակները նշում են, որ Գիլյերմո Տոլոսայի տեսակետը կարող է խոչընդոտներ ստեղծել ՀՀ տնտեսական զարգացման համար, «քանի որ նման մերժողական մոտեցումը հարկային դաշտի բարելավման կապակցությամբ անխուսափելիորեն կհանգեցնի արտադրական եւ նորարարական ձեռներեցության զարգացման տեմպերի անկմանը»:

 

Նամակում առաջարկվում է կազմակերպել հանրային քննարկում, որտեղ ԱՄՀ ներկայացուցիչը կտա իր պաշտոնական բացատրությունը արված հայտարարության վերաբերյալ եւ կներկայացնի ԱՄՀ պաշտոնական դիրքորոշումը նորարարական արտադրությունների եւ ծառայությունների զարգացման մասին:

Մեր ընտրանին