Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ ֆրանսիական "Լա Փոստ” ընկերության միջազգային եւ արտաքին կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսվիլն այսօր քննարկել են "Հայփոստ” ընկերության արդիականացման հետ կապված հարցեր:
Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, քննարկումներն ընթացել են “Լա Փոստ” եւ “Հայփոստ” ընկերությունների միջեւ 2010 թ-ին կնքված համաձայնագրի շուրջ:
Ֆրանսիական կողմը տեղեկացրել է, որ շուտով կավարտվեն փոստային բաժանմունքների արդիականացման, նամակների, ծանրոցների առաքման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Նախարար Մանուկ Վարդանյանն իր հերթին հայտնել է, որ ներկա պահին փորձագետների խումբը աշխատում է Հայաստանի փոստային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Նախարարը նաեւ ներկայացրել է այն պահանջները, որոնք դրված են Հայփոստի կառավարչի հետ բանակցությունների հիմքում, մասնավորապես` փոստային բաժանմունքների արդիականացում եւ դրանց քանակի սահմանում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ունիվերսալ ծառայությունների մատուցում, կադրերի վերապատրաստում: Նախարարը “Լա Փոստ” ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է վերոնշյալ պահանջները ընդգրկել իրենց առաջարկությունների փաթեթում, որը կներառվի նաեւ Հայփոստի կառավարչի կողմից ներկայացվող բիզնես պլանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: