Երեւան: Մեդիամաքս: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD) Հայաստանին կտրամադրի $13,5 մլն-ի վարկ պտղաբուծության զարգացման ծրագրի իրականացման նպատակով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այդ մասին այսօր ՀՀ կառավարությունում կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքերով, ծրագիրը կիրականացվի Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի համայնքներից մեկում: 700 հա տարածքում կտնկվեն պտղատու այգիներ, մասնավորապես, ընկուզենիներ եւ կորիզավոր ծառեր: 2011-2015թթ. ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի $52 մլն:
Նախարարն ասել է, որ ծրագրի իրականացման ողջ գործընթացը` սկսած սերմերի ներմուծումից մինչեւ բերքահավաքը, կկարգավորի «Հայկական միրգ» ԲԲԸ-ն:
«Ընկերության գործունեությունն ուղղված կլինի հիմնականում արտահանմանը»,- ասել է Սերգո Կարապետյանը:
Ընկերության միակ բաժնետերը ՀՀ կառավարությունն է, որը դրա ստեղծման համար ներդրել է $11 մլն: Նախատեսվում է, որ հետագայում ընկերության բաժնետոմսերը կառավարությունից կգնեն մասնավոր ներդրողները:
Ծրագրի նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ հաստատմանը: Առաջին տնկիները Հայաստան կներմուծվեն այս տարվա աշնանը: