Կառավարությունը սկսում է ապահովագրել հանրային հատվածի աշխատակիցների առողջությունը - Mediamax.am

3219 դիտում

Կառավարությունը սկսում է ապահովագրել հանրային հատվածի աշխատակիցների առողջությունը


Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը
Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի ընթացքում Հայաստանի հանրային հատվածի շուրջ 120 հազ. աշխատակիցներ կստանան կտրոններ, որոնք իրենց նախընտրած ապահովագրական ընկերություն ներկայացնելով, կապահովագրեն իրենց առողջությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր ասել է, որ իր ակնկալիքներով, մարտին բոլոր շահառուները արդեն պետք է ապահովագրական պոլիսներ ունենան, քանի որ բուժապահովագրությունը նախապայման է հանրային հատվածի աշխատակիցների համար նախատեսված սոցիալական փաթեթի այլ ծառայություններից օգտվելու համար:

Սոցփաթեթ հանրային հատվածի աշխատակիցների համար
դոսյե
Սոցփաթեթ հանրային հատվածի աշխատակիցների համար

Բուժապահովագրության մեկ ապահովագրական պոլիսը պետության համար կարժենա տարեկան 52 հազ. դրամ, որի պարագայում քաղաքացուն փոխհատուցվող գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3,8 մլն դրամ:

 

Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նշված գումարի շրջանակներում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի անհետաձգելի եւ պլանային մի շարք բժշկական ծառայություններ, այդ թվում՝ տարեկան պլանային բուժզննում, թերապեւտիկ բուժում, վնասվածքների եւ էլեկտրահարությունների բուժում, նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական միջամտություններ եւ այլն:

 

Ըստ Վաչե Գաբրիելյանի, սոցփաթեթի ծրագրում որոշվել է ընդգրկել նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական եւ մշակութային հաստատությունների եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողներին:

 

Նախարարը տեղեկացրել է, որ սոցիալական փաթեթը չի տարածվում կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում 6 ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների, կես դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ անձանց, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ տեխսպասարկում իրականացնող անձանց վրա: Կրթական հաստատություններից, մասնավորապես, փաթեթից չեն կարողանա օգտվել բուհերի աշխատակիցները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին