Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր 3 տարով հետաձգել է Հանա-Տրանս ընկերության կողմից ավելացված արժեքի հարկի վճարումը, որն իրականացնելու է ԼՂՀ-ից Երեւան ածուխի փոխադրում՝ այն Երեւանի ջերմաէլեկտրակայանում օգտագործելու համար:
Ինչպես տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, բեռնափոխադրող ընկերությունը նախատեսում է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Մաղավուզի շրջանից ածխի փոխադրումը Վարդենիսի երկաթուղային հանգույց` հետագայում այն երկաթուղով Երեւան փոխադրելու նպատակով։

Էկոնոմիկայի նախարարն այսօր նշել է, որ Հանա-Տրանս-ի վերաբերյալ որոշումն արդեն 22-րդ դեպքն է, երբ կառավարությունը թույլ է տալիս հետաձգել հարկի վճարումը:
Բեռնափոխադրումը կազմակերպելու համար Հանա-Տրանսը ձեռք է բերել 40 Scania մակնիշի ինքնաթափ ավտոմեքենա` այդ նպատակով ներդնելով մոտ 1.9 մլրդ դրամ։
«Այս ծրագրով մեծանում են մեր էներգետիկ ռեսուրսների օգտագործման ճկունությունը եւ արդյունավետությունը։ Բացի այդ, կառուցվելու եւ շահագործման է հանձնվելու մի նոր ճանապարհ, որը մեզ կապելու է Ղարաբաղի հետ։ Դրանով հումք է տեղափոխվելու Հայաստան, եւ մեր էներգետիկ համակարգը ձեռք է բերելու լրացուցիչ ռեսուրս», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: