Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում տեղի է ունեցել Համահայկական Բանկի բացումը, որին ներկա է գտնվել ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը:
ԿԲ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ բանկի բացումը նշանակալի իրադարձություն է ինչպես Հայաստանի տնտեսության եւ ֆինանսական համակարգի, այնպես էլ` Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացման առումով:
Բանկն առաջին զարգացման ֆինանսական ինստիտուտն է, որը գործելու է պետական-մասնավոր համագործակցության գաղափարախոսության ներքո: Բանկի նպատակն է` ստեղծել արդյունավետ եւ թափանցիկ մեխանիզմներ` հնարավորություն ընձեռելով մասնակցել համահայկական նշանակության բիզնես նախագծերի ֆինանսավորմանը:
“Բանկը` համագործակցելով տարբեր տեղական եւ միջազգային ֆինանսական կառույցների եւ խոշոր ներդրողների հետ, իրականացնելու է ներդրումներ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գերակա ոլորտներում: Չնայած, որ նշված ներդրումային ոլորտները ունեն մեծ բիզնես պոտենցիալ, այսօր դրանք գրավիչ չեն առեւտրային բանկերի համար` իրենց մեծության, ներդրումների երկարաժամկետ բնույթի կամ ոլորտի նորարար եւ այդ պատճառով ռիսկային դիտարկվելու հետեւանքով: Բանկի գործունեության արդյունքում հաջողված նախագծերը նախադեպ կհանդիսանան ֆինանսական ինստիտուտների համար` նոր ներդրումային ոլորտներ մուտք գործելու տեսանկյունից”, - հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից Մեդիամաքս-ին հայտնեցին, որ Համահայկական բանկը չի մրցակցելու առեւտրային բանկերի հետ, քանի որ չի ընդունելու ավանդներ կամ չի տրամադրելու առեւտրային վարկեր: Համահայկական բանկն իր ուղղակի վարկային գործունեությունից բացի, կարող է համագործակցել առեւտրային բանկերի հետ` ձեռնարկություններին ներկայացնելով ֆինանսավորման փաթեթներ, որտեղ Համահայկական բանկը կտրամադրի երկարատեւ ֆինանսական ռեսուրսներ, իսկ առեւտրային բանկերը կապահովեն ավելի կապիտալի եւ առեւտրային ֆինանսավորման կողմը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: