Երեւան: Մեդիամաքս: Այսօր կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով եւ սահմանել այն 8.0%:
2011 թ. օգոստոսին արձանագրվել է 0.6% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 1.5 տոկոսային կետով եւ կազմել 4.8%` վերադառնալով 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայք, Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ-ում:
ԿԲ Խորհուրդն արձանագրել է, որ ներկայումս տնտեսության արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա գնահատվում են չեզոք` որոշակի գնանկումային ռիսկերի դրսեւորման հավանականությամբ: Սակայն դեռեւս պահպանվում են զարգացած երկրների հիմնարար անհաշվեկշռվածություններով պայմանավորված համաշխարհային տնտեսության հեռանկարների անորոշությունները:
ԿԲ Խորհուրդը համակարծիք է, որ ներկայումս ներքին պահանջարկի ազդեցությունը գնաճային միջավայրի վրա նվազեցման ուղղությամբ է. մասնավոր ծախսումների ազդեցությունը գնահատվում է չեզոք, հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը` զսպող: Չեզոք ազդեցություն ունեն նաեւ աշխատանքի շուկայի զարգացումները` արտադրողականության եւ անվանական աշխատավարձերի հարաբերակցության առումով:
ԿԲ Խորհուրդն ամփոփել է, որ գնաճի վերջին ամիսների զարգացումները համահունչ են 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված հետագծին: Դրամավարկային պայմանների թուլացումը հնարավորություն կտա մեծ հավանականությամբ գնաճը կանխատեսվող հորիզոնում ձեւավորել տատանումների թույլատրելի միջակայքի սահմաններում` միաժամանակ լրացուցիչ խթաններ ստեղծելով տնտեսական ակտիվության ավելացման համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: