GNC-Alfa-ի բաժնետերերը քննարկում են բիզնեսը վաճառելու հնարավորությունը - Mediamax.am

4250 դիտում

GNC-Alfa-ի բաժնետերերը քննարկում են բիզնեսը վաճառելու հնարավորությունը


GNC-Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը
GNC-Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը

Լուսանկարը` www.itel.am


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանյան երեք ընկերություններ քննարկում են GNC-Alfa հայաստանյան մագիստրալային օպերատորի ձեռք բերման հնարավորությունը, այսօր գրել է «Կոմերսանտ» թերթը:

Թերթը նշում է, որ ընկերությունը գնահատվում է $‌50-60 մլն, եւ ՄՏՍ-ին, «Ռոստելեկոմ»-ին եւ «Տրանստելեկոմ»-ին մրցակից կարող է լինել France Telecom-ը:

 

GNC-Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը հաստատել է, որ բաժնետերերը քննարկում են բիզնեսն ամբողջությամբ կամ մասամբ վաճառելու հնարավորությունը: «Մենք վարձել ենք խորհրդատուներ, ովքեր կիրականացնեն հավանական գործարքը: Որքան ինձ հայտնի է, արդեն գնման առաջարկներ են ուղարկվել ռուսաստանյան եւ եվրոպական որոշ ընկերությունների»,- ասել է նա թերթին:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2010թ. հոկտեմբերին GNC-Alfa-ն եւ «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն համաձայնագիր էին ստորագրել ՀՀ տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո ծառայություններ մատուցելու մասին: Համաձայնագիրը նախատեսում է հայաստանյան հաճախորդներին «Ռոստելեկոմ»-ի այնպիսի ծառայությունների տրամադրում, ինչպիսին է IP-տարանցումը, կորպորատիվ հաճախորդների համար ինտերնետային կապը եւ կապուղիների վարձակալությունը:

 

Հայկ Ֆարամազյանն ասել էր, որ նախատեսվում է Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի կողմից մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնում` նշելով, որ համաձայնագիրը չի նախատեսում հայաստանյան ընկերության ակտիվների ձեռք բերում:

 

GNC-Alfa-ն համագործակցում է նաեւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` Հայաստանում ՄՏՍ-ի դուստր ձեռնարկության հետ: 2009թ. վերջին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պայմանագիր էր կնքել GNC-Alfa-ի հետ, որի շրջանակներում օպտիկամանրաթելային մալուխ էր ձեռք բերել Երեւանից մինչեւ հայ-վրացական սահման ընկնող հատվածում:

 

 

 

Մեր ընտրանին