Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան այսօր հայտարարել է, որ «Հայաստանը պետք է երկար ճանապարհ անցնի տնտեսության դիվերսիֆիկացման համար»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր Երեւանի պետական համալսարանում կայացած դասախոսության ընթացքում Գիյերմո Տոլոսան ասել է, որ տնտեսության դիվերսիֆիկացման առանցքային գործոնը պետք է դառնան ինստիտուցիոնալ բարեփոխումները, ծառայությունների որակի բարելավումը եւ պետական ինստիտուտների թափանցիկության բարձրացումը:
«Արձանագրված ցուցանիշներով, ինչպես նաեւ կոռուպցիայի ընկալման մակարդակով Հայաստանը գերազանցում է մյուս զարգացող երկրների միջին ցուցանիշը, սակայն զիջում է Արեւելյան Եվրոպայի երկրներին»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը:
Նա ընդգծել է մաքսային եւ հարկային վարչարարության ոլորտներում բարեփոխումների արագացման անհրաժեշտությունը` մատնանշելով, որ այն դեռեւս զգալիորեն բարդացնում է Հայաստանում բիզնես վարելու գործընթացը:
ԱՄՀ ներկայացուցիչը շեշտել է նաեւ մարդկային կապիտալում եւ աղքատության դեմ պայքարում ինտենսիվ ներդրումների անհրաժեշտությունը` նշելով, որ վերջին տարիներին Հայաստանը մարդկության զարգացման մակարդակով սկսել է զիջել Հարավային Կովկասի մյուս երկրներին, «մինչդեռ նախկինում այդ ցուցանիշով Հայաստանն ու Ռուսաստանն առաջատարն էին ԱՊՀ-ում»: