Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ ՀՀ հակաօդային պաշտպանության ուժերը կապահովեն Ստեփանակերտի օդանավակայան ուղեւորվող քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը, մեկնաբանելով Ստեփանակերտի օդանավակայան ուղեւորվող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու մասին Ադրբեջանի ղեկավարության սպառնալիքները, ասել է, որ օդանավակայանի շահագործման վերաբերյալ վերջնական որոշման ընդունումից հետո ՀՀ զինված ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները:
Նախարարը հիշեցրել է, որ ՀՀ Զինված ԼՂՀ անվտանգության ապահովման երաշխավորն են, ուստի «մենք պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում կիրականացնենք մեր առջեւ դրված խնդիրները»:
«Պատերազմի վերսկսման առիթներ միշտ էլ կարող են լինել՝ հաշվի առնելով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը եւ Ադրբեջանի ղեկավարության ռազմական հռետորաբանությունը եւ հայատյացությունը, վստահության մթնոլորտի բացակայությունը, սպառազինությունների մրցավազքը: Սակայն, վերլուծելով այսօրվա իրադրությունը, կարող ենք ասել, որ ներկայումս պատերազմի վերսկսման հավանականությունն այնքան էլ մեծ չէ»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: