Փաշինյան. Հակահրդեհային ամենապրիմիտիվ կանոնները չեն պահպանվել - Mediamax.am

1085 դիտում

Փաշինյան. Հակահրդեհային ամենապրիմիտիվ կանոնները չեն պահպանվել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի վաշտի կացարանում:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին ասել է, որ, նախնական տվյալներով, խախտվել են հրդեհային անվտանգային կանոնները:

 

«Օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին, ինչն էլ հնարավոր չի դարձրել հետագայում ուղղակի մարել հրդեհը»,- կառավարության նիստում ասել է Սուրեն Պապիկյանը:

 

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի խոսքով՝ նախնական վարկածով հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված անվտանգության կանոնների խախտման պատճառով: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վիրավոր 3 զինծառայողից 2-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 

«Ակնհայտ է, որ հակահրդեհային անվտանգության ամենապրիմիտիվ կանոններն անգամ չեն պահպանվել։ Որտեղ հակահրդեհային կանոնները չեն պահպանվում, Տեսչական մարմինը պետք է գնա եւ կասեցնի տեղում որեւիցե տեսակի գործունեության ծավալումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգել է զոհված զինծառայողների հիշատակը:

 

Այսօր գիշերը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, եւս 3-ի վիճակը ծանր է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին