Տոնոյանն ու Շոյգուն քննարկել են օպերատիվ իրավիճակը Արցախում - Mediamax.am

Փետրվար 24, 2026
1745 դիտում

Տոնոյանն ու Շոյգուն քննարկել են օպերատիվ իրավիճակը Արցախում


Լուսանկարը` Արխիվային լուսանկար


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված օպերատիվ իրավիճակը եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ խաղաղապահ ստորաբաժանման արագ եւ արդյունավետ տեղակայման, ինչպես նաեւ զոհված զինծառայողների, գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հայտնաբերման ու փոխանակման աշխատանքները կազմակերպելու համար:

 

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը փոխանցում է, որ հատուկ ուշադրություն է հրավիրվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին:

 

ՀՀ պաշտպանության նախարարն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է զբաղվի փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված եւ անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների եւ հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերով:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում այս ոլորտում եռակողմ փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջեւ:




Մեր ընտրանին