Դավիթ Տոնոյան․ «Զինված ուժերն արել են անհնարինը» - Mediamax.am

4314 դիտում

Դավիթ Տոնոյան․ «Զինված ուժերն արել են անհնարինը»


Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ասել է, որ Արցախում մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցված են:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրուցում պաշտպանության նախարարն ասել է, որ շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը:

 

«Տեղակայումն իրականացվում է Հայաստանի տարածքով՝ Գորիս, Լաչին Ստեփանակերտ, որից հետո խաղաղապահ ուժերը կտեղակայվեն ԼՂ սահմանների եւ շփման գծի երկայնքով»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

 

Բանակն արել է առավելագույնը եւ «անհնարինը»

 

Պաշտպանության նախարարն ասել է, որ վիրավորական է դիտարկում «պարտվողական» պիտակավորումները, «որովհետեւ ՊՆ-ն՝ իր ողջ զինվորականներով եւ քաղաքացիական համակարգով, ողջ զորահավաքային ռեսուրսը, ՀՀ կառավարությունը, Սփյուռքն արել են առավելագույնը, որպեսզի մենք կարողանանք հաջողության հասնել»:    

 

«Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ապահովման, մատակարարումների առումով մենք գործել ենք տոտալ բլոկադայի պայմաններում: Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման, սպառազինության եւ մարտական տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է հերոսամարտ համարել: Արվել է անհնարինը»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

 

Նա նշել է, որ ԶՈՒ-ն՝ սկսած ժամկետային պարտադիր ծառայողներից մինչեւ գեներալներ, մոբիլիզացիոն ռեսուրս, կատարել է առավելագույն հնարավորը:

 

«Առնչվել ենք աշխարհաքաղաքական նոր իրավիճակի հետ»

 

«Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի: Ադրբեջանին բացահայտ աջակցել Թուրքիան եւ վերջինիս կողմից ներգրավված վարձկան ահաբեկիչները»,- ասել է Դավիթ Տոնոյանը:  

 

«Սա միայն Ադրբեջանի հետ պայքար չի եղել։ Մենք առնչվել ենք աշխարհաքաղաքական մի նոր իրավիճակի հետ, ընդ որում՝ տարածաշրջանային, այլ ոչ միայն Հարավային Կովկասին վերաբերող»,- նկատել է Դավիթ Տոնոյանը:

 

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ «արվել է առավելագույնը»:

 

«Հայկական կողմն ունեցել է մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց 5-րդ սերնդի միջոցները, որ Ադրբեջանն օգտագործել է Թուրքիայի օգնությամբ, գրեթե որոշ դեպքերում անհնարին է դարձրել մեր արձագանքը», - նշել է Դավիթ Տոնոյանը։

 

«Գլխավոր շտաբն եւ ՊՆ-ն պարբերաբար օպերատիվ իրավիճակը ներկայացրել է երկրի ղեկավարին, իրադրության լուրջ վերլուծության արդյունքում կայացվել է որոշում»,- ասել է նա։

 

ԶՈՒ ներկայացուցիչները, ըստ Տոնոյանի, հանրությանը պարբերաբեր ներկայացրել են ճիշտ տեղեկություններ.

 

«Չեմ ընդունում այն մոտեցումը, որ բավարար տեղեկություն չենք տրամադրել ու հասարակության մոտ թյուըմբռնում է եղել»։

 

Շուշիում մինչեւ վերջին օրը եղել են մեր ուժերը

 

Անդրադառնալով Շուշիի շուրջ իրականավցած գործողություններին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ դրանք եղել են դինամիկ։

 

«Ինտենսիվ իրականացվոմ էր հրթիռա-հրետակոծություն, օգտագործվում էին հատուկ ուժեր, վարձկաններ, քաղաքը պաշարված էր: Հերոսամարտը շարունակվում էր, մի պահ ունեցել ենք առավելություն, մինչեւ վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը, բայց սա չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու համար»,- ասել է նա։

 

ԶՈՒ բարեփոխումները շարունակվելու են

 

Ըստ Դավիթ Տոնոյանի՝ բանակն այս պատերազմից դուրս է գալիս ուժեղ, բավական փորձված, կոփված:

 

«Մենք շարունակելու ենք Զինված ուժերի բարեփոխումները, սպառազինումը գերժամանակակից միջոցներով, վերանայելու ենք մեր զորահավաքային համակարգը, որը խնդրահարույց էր»,- ասել է նա:

 

Ներքաղաքական իրավիճակ

 

«Զինված ուժերը քաղաքական գործընթացներից դուրս են: Ես, որպես պաշտպանության նախարար, միայն ու միայն համախմբման կոչ կանեմ: Այսօր չի կարելի թույլ տալ այնպիսի գործընթացներ, որոնք կարող են վնասել մեր զինված ուժերի գործունեությանն առաջնագծում՝ անգամ խաղաղապահների առկայության դեպքում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին