Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ասել է, որ Ադրբեջանը ռազմաօդային եւ հրետանային ագրեսիվ հարձակումներով նպատակային թիրախավորում է Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերն ու կենսական նշանակության օբյեկտները։
«Ուսումնասիրությունները ապացուցում են, որ չի դրվում որեւէ տարբերակում քաղաքացիական բնակչության կամ ռազմական օբյեկտների միջեւ՝ իրական վտանգի տակ դնելով բնակչության կյանքը։ Համակարգված հարվածներ են հասցվում խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին՝ կապի միջոցներ, ճանապարհներ եւ այլն»,- ասել է Արման Թաթոյանը։
Նա հայտնել է, որ Արցախի քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ։
«Վտանգված է կանաց, երեխաների ու տարեց մարդկանց կյանքը։ Տասնյակ վիրավորների թվում կան երեխաներ, կանայք, տարեց մարդիկ»,- ասել է նա՝ հավելելով, որ թիրախավորված հարվածներ է հասցվում արդեն նաեւ Հայաստանի քաղաքացիական բնակչությանը։
Արման Թաթոյանն ասել է, որ ատելության եւ բռնության կոչեր են հնչում սոցցանցերում, որոնցից առավել վտանգավոր եւ անվերահսկելին Tik-Tok-ն է, որտեղ թիրախավորվում են երեխաները։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ սոցցանցերում թուրք-ադրբեջանական համակարգված աշխատանք է տարվում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: