Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 23-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Շոյգուին տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության մասին:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդում է, որ նախարարը տեղեկություններ է հաղորդել նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։
«Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը եւ իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարեւորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։
Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը, նախարարները քննարկել եւ պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ», - հայտնել է Շուշան Ստեփանյանը:
Դավիթ Տոնոյանը Մոսկվա է այցելել «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: