Երեւան: Մեդիամաքս: Արդեն հաղորդել էինք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել էին այն խնդրին, որի մասին գրել էր Մեդիամաքս-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:
“Վերջին շրջանում բողոքներ ենք ստանում ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից, մասնավորապես, վարորդական իրավունքների եւ մեքենաների գրանցման հարցերում: Այս խնդրի շուրջ տրվել են հանձնարարականներ ոստիկանապետին, եւ մենք կարճ ժամանակում պետք է բարելավենք ծառայությունների որակը”, - ասել էր վարչապետը կառավարության նիստում:
Հունվարի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում էր ունեցել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ եւ կարգադրել եր ձեռնարկել միջոցներ քաղաքացիներին պատճառվող անհարմարությունները հնարավորինս բացառելու ուղղությամբ:
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ստուգայց է կատարել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երեւանի N 2 հաշվառման քննական բաժանմունք: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին, մասնավորապես, վարորդական իրավունքների ստացման, տրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգերին:
Այնուհետեւ, Տիգրան Սարգսյանն այցելել է Նուբարաշենում գտնվող ՀՀ ՃՈ Երեւանի հաշվառման քննական նորակառույց բաժին, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2012 թվականի ապրիլին: Բաժինը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով, որտեղ ներդրվելու է ծրագրային տվյալների միասնական բազա: Այս ամենի արդյունքում քաղաքացիները կսպասարկվեն էլեկտրոնային եղանակով՝ առավելագույնը 15-20 րոպեի ընթացքում:
Վաղը իր կայքում Մեդիամաքս-ը մանրամասն կանդրադառնա Նուբարաշենի ՃՈ Երեւանի հաշվառման քննական նորակառույց բաժնին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: