Երեւան: Մեդիամաքս: Արդեն հաղորդել էինք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության վերջին նիստում անդրադարձել էր այն խնդրին, որի մասին գրել էր Մեդիամաքս-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:
“Վերջին շրջանում բողոքներ ենք ստանում ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից, մասնավորապես, վարորդական իրավունքների եւ մեքենաների գրանցման հարցերում: Այս խնդրի շուրջ տրվել են հանձնարարականներ ոստիկանապետին, եւ մենք կարճ ժամանակում պետք է բարելավենք ծառայությունների որակը”, - ասել էր վարչապետը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից Մեդիամաքս-ին հայտնել են, որհունվարի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ:
«Անդրադառնալով հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում տեղ գտած թերություններին, ոստիկանության պետը կարգադրեց ձեռնարկել միջոցներ քաղաքացիներին պատճառվող անհարմարությունները հնարավորինս բացառելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
«Ոստիկանության պետը շեշտել է, որ հասարակությանը ծառայություններ մատուցող ճանապարհային ոստիկանությունը պետք է հարիր լինի իր կոչմանը` ծառայել հասարակությանը, մինչդեռ կան մարդիկ, որոնք չեն ընկալում օրվա հրամայականը, իրենց վարքուբարքով շարունակում են արատավորել իրենց եւ համակարգի անունը:
Ոստիկանության պետն անթույլատրելի համարեց, որ մի քանիսի պատճառով կարող է արատավորվել եւ ճանապարհային, եւ, ընդհանրապես, ոստիկանության պատիվը: Մեզ հարկավոր են ազնիվ, ուժեղ ու պատվախնդիր ոստիկաններ, ուստի համատեղ ուժերով պետք է հասնել նրան, որ քաղաքացին գոհ մնա, ինչպես ճանապարհային ոստիկանության մատուցած ծառայությունների որակից, այնպես էլ ճանապարհային ոստիկանների հետ ունեցած շփումից», - ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: