Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել երթեւեկության անվտանգության վերահսկման նոր մեխանիզմի ներդրման վերաբերյալ օրենսդրական փաթեթը:
ՀՀ ճանապարհային ոստիկանության մշակած օրինագծի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց յուրաքանչյուր տարի կտրվի 9 միավոր։
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ յուրաքանչյուր խախտում թույլ տալու դեպքում այդ միավորները նվազելու են 0,5-4 միավորի չափով՝ կախված խախտման տեսակից եւ ծանրությունից։
«Եթե մեկ տարվա ընթացքում պարբերաբար խախտումներ կատարելը հանգեցնում է տրված 9 միավորի սպառման, ապա իրավախախտ վարորդի նկատմամբ կիրառվելու է տրանսպորտային միջոցի վարելու իրավունքի կասեցում 6 ամիս ժամկետով»,-պարզաբանել է փոխոստիկանապետը։
Նա նշել է, որ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է եւ վարորդին դարձյալ տրվելու է 9 միավոր։
«Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, եւ վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո»,- հավելել է Հովհաննես Քոչարյանը։
Միաժամանակ, նոր օրենքով նախատեսվում է 100 խախտումներից 26-ի դեպքում նվազեցնել այսօր գործող տուգանքների չափերը՝ 10-ի դեպքում՝ մինչեւ 50 տոկոսով, 16-ի դեպքում՝ 50 եւ ավելի տոկոսով։
Սահմանված 9 միավորից 1 միավոր կպակասի 5000 դրամի իրավախախտում կատարելու դեպքում, 2 միավոր՝ 20-25000-դրամանոց խախտումների դեպքում:
3-բալանոց խախտումները երկուսն են՝ ավտոմեքենայի հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը եւ սահմանված արագությունը 31-50 կմ/ժամ–ով գերազանցելը, որի համար գործող օրենքով նախատեսված է 100 000 դրամ տուգանք։
4 միավոր կհանվի սահմանված արագությունը 51-80 կմ/ժամ–ով գերազանցելու եւ անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։
Կառավարությունում հիմնավորել են, որ նոր համակարգը կտարածվի հիմնականում պարբերաբար իրավախախտումներ կատարող վարորդների վրա, իսկ օրինավոր վարորդներն առհասարակ կարող են այդ համակարգի գործողության տակ չընկնել:
Տուգանային միավորների համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել ոստիկանությունում պարեկային ոստիկանության՝ շարժական-շուրջօրյա պարեկային ստորաբաժանումների ստեղծմանը զուգահեռ:
Պարեկային տրանսպորտային միջոցները հագեցած են լինելու տեխնիկական միջոցներով, որոնց օգնությամբ տրանսպորտային միջոցները կնույնականացվեն համարանիշերի միջոցով՝ ավտոմատ ճանաչման եղանակով, ինտեգրված կլինեն տուգանային միավորների համակարգին եւ ավտոմատ կարտապատկերեն տրանսպորտային միջոցը հետախուզման մեջ գտնվելու փաստը, սեփականատիրոջ կամ շահագործողի վարորդական վկայականի կարգավիճակը (միավորների քանակ, կասեցում, զրկում):
Նախագիծը կներկայացվի Ազգային ժողով։ Նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի խորհրդարանի կողմից ընդունվելուց վեց ամիս հետո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: