Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների ընդունումը Ազգային ժողովի կողմից:
Նախարարն ասել է, որ դրանք «առանցքային օրենքներ են մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող պաշտպանության ոլորտում խորքային եւ արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար»:
«Պաշտպանության նախարարությունը կշարունակի սերտ փոխգործակցությունը բոլոր, ինչպես նախաձեռնությանը սատարած, այդպես էլ՝ իրենց անհամաձայնությունը հայտնած շահառուների հետ` քաղաքական կուսակցություններից եւ Հանրային խորհրդից մինչեւ ուսանողական պաշտոնական եւ ոչ պաշտոնական միավորումներ: Այս օրենքների արդյունավետ ներդրումը պահանջելու է տասնյակ ենթաօրենսդրական ակտերի ընդունում, տասնյակ կառույցների եւ հարյուրավոր անհատների սկզբունքային եւ հետեւողական աշխատանք կառավարությունում, պաշտպանության համակարգում, ակադեմիական հաստատություններում եւ քաղաքացիական հասարակությունում», - ասել է Վիգեն Սարգսյանը:
«Ուզում եմ հստակ արձանագրել` սա չեմ համարում իմ հաղթանակը որեւէ մեկի նկատմամբ կամ որեւէ մեկի պարտությունը», - նշել է նախարարը:
Վիգեն Սարգսյանը նկատել է, որ «ուսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է ինձ համար՝ որպես պաշտպանության նախարարի՝ նրանց գործով ապացուցելու, որ «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը որակապես նոր մակարդակի են բարձրացնելու թե՛ մեր անվտանգության եւ պաշտպանության խնդիրների լուծումները, թե՛ բանակ-հասարակություն կապը եւ գիտության խթանման գործում բանակի շարունակական դերակատարումը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: