Երեւան: Մեդիամաքս: Այսօր Բիշքեկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը միաձայն ընտրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի 2017-ի մայիսի 2-ին:
Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նախկինում երկու անգամ հետաձգվել էր: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, պատճառը Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների դիրքորոշումն էր:
2016թ. հոկտեմբերին Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Մեդիամաքսին ասել էր, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնումը «մեծ օգուտ» կլինի Հայաստանի համար:
«Այդ պաշտոնը բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը: Այն ՀԱՊԿ-ի անվտանգության հայեցակարգի, կանոնադրության շրջանակներում թույլ է տալիս ՀԱՊԿ-ի ազդեցությունը մեր անվտանգության համար դարձնել ավելի արդյունավետ»,- ասել էր Վաղարշակ Հարությունյանը:
Նա նկատել էր, «որ այդ պաշտոնը չի կարող բերել Ղարաբաղի հարցի լուծմանը, սակայն այն Հայաստանի ներկայացուցչին թույլ կտա պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահերը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: