Իրավապաշտպանները սպառնում են բանակի միջադեպերի “մեղավոր եւ հովանավոր” ճանաչել ՀՀ նախագահին - Mediamax.am

4551 դիտում

Իրավապաշտպանները սպառնում են բանակի միջադեպերի “մեղավոր եւ հովանավոր” ճանաչել ՀՀ նախագահին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր ասել է, որ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից 2005-2011թթ. ընթացքում ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ Զինված ուժերում զինծառայողների սպանության 306 դեպք է արձանագրվել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, իրավապաշտպանը տեղեկացրել է նաեւ, որ 2007-2011թթ. արձանագրվել է սպանության 228 դեպք, որից միայն 32-ն են տեղի ունեցել զինադադարի ռեժիմի խախտման պատճառով: «Այն, ինչ կատարվում է մեր զինված ուժերում, մարդու իրավունքների կոպիտ խախտում է, նաեւ մարդու կյանքի իրավունքի խախտում»,- ասել է Արթուր Սաքունցը:

 

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն անդրադարձել է  զինծառայող Հովհաննես Վարդանյանի դեպքին, որին, ըստ «Չենք լռելու» նախաձեռնության տվյալների, «բանակում հասցրել են խելագարության, ուղարկել հոգեբուժարան, վաղաժամ զորացրել եւ անտերության մատնել»:

 

«Անպատժելիության մթնոլորտը բերում է նոր զոհերի»,- ասել է Ավետիք Իշխանյանը:

 

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջում են ՀՀ նախագահ, Գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանից անհապաղ ապահովել 1994 թ-ից մինչ օրս բանակում սպանությունների քրեական գործերի վարույթների ուսումնասիրության կազմակերպումը, խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ընտանիքներին պատճառված վնասի արժանապատիվ փոխհատուցումը:

 

«Մեկ ամսում գործուն քայլեր չձեռնարկելու պարագայում հայկական բանակում տիրող իրավիճակի համար մեղավոր եւ հովանավոր ենք համարելու ՀՀ Գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին եւ պահանջելու նրա հրաժարականը»,- ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին