Հունվարից կտրուկ կավելացվեն զոհված զինծառայողների վճարները - Mediamax.am

19077 դիտում

Հունվարից կտրուկ կավելացվեն զոհված զինծառայողների վճարները


Վիգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը
Վիգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է մարտական գործողությունների ընթացքում եւ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը ավարտելու մասին:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ գտնվել է բանաձեւ, որով 2017թ. հունվարի 28-ից (բանակի 25-րդ տարեդարձի օրվանից) ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ:

 

Զոհված եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն դրամ ապահովագրական վճար:

 

Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների եւ 200 հազար դրամ շարքայինների դեպքում:

 

Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 եւ 150 հազար դրամ:

 

Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն դրամ եւ շարքայինների դեպքում՝ 48 մլն դրամ:

Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության եւ ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի:

 

Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Հիմնադրամը նաեւ հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները վճարելու նպատակով: Ձեւավորվելու է ծրագրի խորհուրդ` հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար եւս ամբողջությամբ թափանցիկ եւ հրապարակային այդ գործընթացը:

 

Վիգեն Սարգսյանն ասել է, որ ծրագիրը նախագծված է «ազգ-բանակ» տրամաբանության մեջ, որտեղ ամբողջ հասարակությունն իր վրա է վերցնում Հայրենիքի պաշտպանի սոցիալական բեռը, իսկ բանակն օգնում է այդպիսի վիճակում հայտնված իր զինծառայողին կամ զոհվելու դեպքում` նրա ընտանիքին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին