Երեւան: Մեդիամաքս: «Նարեկավանք Տուր» ընկերությունն այսօր ափսոսանքով հայտնել է, որ Թուրքիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը անորոշ ժամանակով հետաձգել է Վան-Երեւան-Վան ուղիղ չվերթերի իրականացումը:
«Այս չվերթը պետք է իրականցվեր հայկական «Նարեկավանք Տուր» ընկերության, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերության եւ Վանի «Այանիս» տուրիստական գործակալության կողմից: Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը եւ ժողովուրդների միջեւ մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաեւ նպաստել տնտեսական եւ գործարար համագործակցությունը: Չվերթի կազմակերպիչները խանդավառությամբ արձանագրում էին այն փաստը, որ նախաձեռնությունը չի արգելակվում ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս դրական իրողությունը բազմիցս ողջունվել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի Վանի մասնաճյուղի կողմից:
Կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին առաջնորդվում: Ափսոսանքով հայտնում ենք, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք ի վերջո թույլ տվեցին, որ քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին: Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն եւ կվերանայեն իրենց որոշումը», - ասված է Նարեկավանք Տուր» ընկերության հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: