Հայոց Ցեղասպանությունը հերքողների փաստարկներն անհեթեթ են, ասում է Ռուշդիի եւ Ասանժի պաշտպանը - Mediamax.am

3493 դիտում

Հայոց Ցեղասպանությունը հերքողների փաստարկներն անհեթեթ են, ասում է Ռուշդիի եւ Ասանժի պաշտպանը


Ջեֆրի Ռոբերտսոն
Ջեֆրի Ռոբերտսոն

Լուսանկարը` http://bloomsburybytes.files.wordpress.com


Երեւան: Մեդիամաքս: Եթե 1915թ. իրադարձությունները տեղի ունենային այսօր, դրանք միանշանակ կճանաչվեին որպես Ցեղասպանություն:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նման կարծիք է հայտնել հայտնի փաստաբան, Մեծ Բրիտանիայի Թագուհու խորհրդական, պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերտսոնը` ապրիլի 23-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում հանդես գալով «Իրավական հայացք Ցեղասպանությունը» սեմինարին: 

«Ինչո՞ւ են Հայոց ցեղասպանությունը ժխտողները սխալվում» վերնագրված իր ելույթում Ջեֆրի Ռոբերտսոնը նշել է, որ Հայոց Ցեղասպանությունը ժխտող որոշ գիտնականներ պնդում են, որ չկա որեւէ փաստաթուղթ, ըստ որի թուրքական իշխանությունները հրաման են տվել ոչնչացնել հայ բնակչությանը:  

«Սա անհեթեթ միտք է, քանի որ, օրինակ, Հիտլերն էլ, որպես այդպիսին, հրաման չէր տվել հրեաներին ոչնչացնելու մասին», - ասել է Ջեֆրի Ռոբերտսոնը: 

Մեջբերելով Հայոց Ցեղասպանությունը ժխտող մի քանի հայտնի գիտնականներին, օրինակ, Ջաստին Մաքարտնիին, Բերնար Լյուիսին, Հիթ Լորիին, փաստաբանը հերքել է նրանց փաստարկները: 

«Օրինակ, նրանք ասում են, որ այդ ամենը ծրագրավորած չի եղել, կամ, որ ավելի շատ թուրքեր են զոհվել, քան հայեր: Դրանք տարօրինակ պնդումներ են: Մաքարտնին ասում է, որ կոտորածների պատճառ է եղել այն, որ հայերը զինված ապստամբություն են կազմակերպել Օսմանյան կայսրության դեմ: Այդ պարագայում, ինչպե՞ս բացատրել այն, որ ոչնչացվում էին նաեւ հայ երեխաները, տարեցներն եւ կանայք», - նշել է գիտնականը:  

Նա ասել է, որ մեծ նշանակություն ունեն այն ժամանակաշրջանի տարբեր դիվանագետների եւ քաղաքական գործիչների հուշերը, մասնավորապես` Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենտաույի, Մեծ Բրիտանիայի վարչապետներ Լլոյդ Ջորջի եւ Ուինսթոն Չերչիլի հիշողությունները: 

«Սակայն ավելի կարեւոր են Թուրքիայի դաշնակից պետությունների ներկայացուցիչների վկայությունները` օրինակ, Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպանի, ով բառացիորեն գրում էր հայերի ոչնչացման եւ արտաքսման մասին», - շեշտել է Ջեֆրի Ռոբերտսոնը: 

Նա հատուկ ուշադրություն է դարձրել հայերի վերադարձի (ռեպատրիացիա) եւ ունեցվածքի վերադարձի հարցերին: Ըստ Ջեֆրի Ռոբերտսոնի, հայերը կարող են դիմել տարբեր դատական ատյաններ եւ կազմակերպություններ, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան (European Court of Human Rights),  Եվրոպական դատարան (European Court of Justice)` պահանջելով ետ վերադարձնել կամ փոխհատուցել իրենց կրած վնասները: 

2008 թվականին, հաշվի առնելով ջարդերի եւ կոտորածների մեծածավալ ապացույցները եւ 1948 թվականին Միացյալ ազգերի ՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի հետ  դրա անմիջական առնչությունը, Ռոբերտսոնը եզրակացրել էր. «Իմ կարծիքով, երբ օրենքը համադրվում է փաստերի հետ, դա անխուսափելի եզրահանգման է բերում, որ 1915 թվականի հայերի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը  համապատասխանում է ցեղասպանություն նկարագրությանը»:

Շուրջ 20 տարի առաջ Ջեֆրի Ռոբերտսոնը հաջողությամբ պաշտպանել էր գրող Սալման Ռուշդիին, երբ բրիտանական մահմեդականները հայց էին ներկայացրել նրա դեմ, որում արձանագրվում էին «Սատանայական քառյակի» տպագրությունից հետո տեղի տված վիրավորական զրպարտությունները: Ռոբերտսոնը նաեւ թաքցրել էր Ռուշդիին իր տանը այն բանից հետո, երբ Այաթոլլահ Խոմեյնին Ռուշդիի սպանության կոչ էր արել: 

Այսօր Ջեֆրի Ռոբերտսոնը հանդիսանում է Wikileaks-ի Ջուլիան Ասանժի գլխավոր խորհրդատուն: 

 

Մեր ընտրանին