Երեւան: Մեդիամաքս: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր հայտարարել է, որ «Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ չկան որեւիցե տարաձայնություններ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, նախորդ տարվա արդյունքներին նվիրված ասուլիսում նախարարը նշել է, որ որպես իր խոսքերի ապացույց կարելի է հիշատակել երկրի ղեկավարության, մասնավորապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բազմիցս արված հայտարարությունները:
«Մենք շարունակելու ենք միասնաբար աշխատել եւ ջանքեր գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ»,- ընդգծել է նախարարը:
Հրանուշ Հակոբյանն ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատում կայանալիք քննարկումները: Նա նշել է նաեւ, որ փետրվարի 23-25-ին Մարսելում կկայանա համաժողով Եվրոպայի հայ համայնքների եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստման նպատակով ձեւավորված հանձնաժողովի ղեկավարների մասնակցությամբ:
Հրանուշ Հակոբյանը հայտնել է, որ Սփյուռքի նախարարությունն լուծել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողովների ձեւավորման խնդիրը` նշելով, որ նման հանձնաժողովներ ստեղծվել են բոլոր մարզերում:
Նախարարն անդրադարձել է նաեւ 2012-ի խնդիրներին` նշելով, որ կշարունակվեն սկսված բոլոր նախագծերը եւ կնախաձեռնվեն նոր ծրագրեր, մասնավորապես, Երեւանի պետական համալսարանին կից ամառային դպրոցի բացումը Սփյուռքի ներկայացուցիչների համար, ինչպես նաեւ մի շարք միջոցառումներ` նվիրված առաջին հայկական տպագիր գրքի հրատարակության 500-ամյակին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: