Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կնշվի թուրքական 6 քաղաքներում - Mediamax.am

3817 դիտում

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կնշվի թուրքական 6 քաղաքներում


Չենգիզ Աքթարն ու Ալի Բայրամօղլուն
Չենգիզ Աքթարն ու Ալի Բայրամօղլուն

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայում աղմուկ առաջացրած «Հայեր, ներեք մեզ» արշավի կազմակերպիչներից մեկը` Չենգիզ Աքթարն այսօր Երեւանում հայտարարել է, որ «պատմական հիշողությունը աստիճանաբար վերադառնում է թուրք ժողովրդին»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այդ մասին նա ասել է այսօր Երեւանում մեկնարկած «Թուրքական հասարակության մեջ Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների ձեւավորումը» (Building Awareness of Turkish Society Regarding the Armenian Genocide) միջազգային համաժողովում:

 

Աքթարի խոսքերով, «Հայեր, ներեք մեզ» ակցիան դարձավ անկյունաքարային եւ կարեւոր դեր խաղաց «թուրք ժողովրդի հասարակական եւ պատմական հիշողության» վերականգնման գործում:

 

Փորձագետի գնահատմամբ, թուրքական գյուղերում եւ գավառներում, որտեղ երբեւէ ապրել են հայեր, այդ հիշողությունն ավելի ուժեղ է, քան քաղաքներում: Նա տեղեկացրել է, որ ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, այս տարի նախատեսվում է նշել թուրքական 6 քաղաքներում, այդ թվում նաեւ Անկարայում:

 

«Հայեր, ներեք մեզ» ակցիայի մեկ այլ կազմակերպիչ` գրող Ալի Բայրամօղլուն այսօր հայտարարել է, որ իրենց նպատակն է տարածել պատմական ճշմարտությունը թուրք հասարակության շրջանում: Մեկնաբանելով ակցիան` Բայրամօղլուն հայտարարել է, որ այն տվել է դրական արդյունք եւ կարողացել կոտրել Թուրքիայում ձեւավորված կարծրատիպերը: 

 

Նկատելով, որ իրենք համատեղ աշխատել են մի քանի տարի առաջ սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի հետ, փորձագետը հայտարարել է, որ իրենց նպատակն է «Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը» եւ «հայ-թուրքական բարեկամության վերականգնումը»:

 

Պատասխանելով Մեդիամաքսի այն հարցին, թե ինչու են կազմակերպիչները խուսափել իրենց ուղերձում օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, Ալի Բայրամօղլուն ասել է. «Մենք պետք է օգտագործեինք այնպիսի բառեր, որ բոլոր ցանկացողները ստորագրեին դրա տակ»:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ «Հայեր, ներեք մեզ» ակցիան նախաձեռնվել էր թուրք մտավորականության մի շարք ներկայացուցիչների կողմից 2008թ. դեկտեմբերին: Հատուկ կայքում հրապարակվել էր հետեւյալ բովանդակությամբ նամակը. «Իմ խիղճը չի կարող համակերպվել այն բանի հետ, որ Մեծ աղետը, որոնց հայերը ենթարկվել են Օսմանյան կայսրությունում 1915 թվականին, բախվում է անտարբերության եւ հերքման: Ես չեմ կարող համակերպվել այդ անարդարության հետ: Ես կարեկցում եմ իմ հայ եղբայրների եւ քույրերի ապրումներին ու վշտին եւ նրանցից ներողություն խնդրում»: Ակցիային միացել էր ավելի քան 30 հազար մարդ:

Մեր ընտրանին