Երեւան: Մեդիամաքս: Երեւանի պետական համալսարանում այսօր մեկնարկել է «Հայաստան-Թուրքիա. երկխոսության ուղիների որոնում» երկօրյա միջազգային գիտաժողովը, որը նպատակ ունի մտքերի փոխանակման եւ երկխոսության հարթակ ստեղծել Հայաստանում եւ Թուրքիայում բնակվող հետազոտողների եւ ուսանողների միջեւ։
Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը, բացելով գիտաժողովը, նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում շատ կարեւոր է հասարակության ներգրավվածությունը։
Մեդիամաքսի հետ զրույցում Դիրկ Լորենցն ընդգծել է, որ հակամարտության փոխակերպման եւ կայուն խաղաղություն ստեղծման հարցում Ցյուրիխյան արձանագրությունները չի կարելի սպառված համարել։
«Թուրքիայում Սահմանադրական փոփոխություններ եղան, իսկ Հայաստանում նոր խորհրդարան է ձեւավորվել։ Այս համատեքստում հնարավոր է առաջիկայում որեւէ ազդակներ լինեն»,- ասել է նա։
ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ «պաշտոնական մակարդակով հաշտեցման ուղիներ գտնելու համար անհրաժեշտություն չկա սպասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ 1915թ. ողբերգական իրադարձությունների շուրջ եղած տարաձայնությունների կարգավորումներին»։
Հոլանդիայի Ուտրեխտի համալսարանի պատմության ֆակուլտետի դոցենտ, ազգությամբ թուրք Ումիթ Ունգորն էլ Մեդիամաքսին ասել է, որ «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում չպետք է հույսը դնել քաղաքական գործիչների վրա»։
Նրա խոսքով՝ երկու երկրներում երկխոսություն ձեւավորելու եւ լավ հարաբերություններ հաստատելու ցանկություն կա։
«Կարծում եմ՝ այս հարցում մենք պետք է մեր կառավարությունների վրա որոշակի ճնշում գործադրենք»,- ասել է թուրք պատմաբանը։
Գիտաժողովն անցկացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին 2-րդ փուլ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: