Բաքուն զգուշավոր է «Հարավային Ադրբեջանի» հարցում - Mediamax.am

Հունվար 20, 2026
217 դիտում

Բաքուն զգուշավոր է «Հարավային Ադրբեջանի» հարցում


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Фантазии о воссоединении. Как в Азербайджане воспринимают иранские протесты հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Բաշիր Կիտաչաեւ

 

Իրանում բողոքի ցույցերը կարեւոր իրադարձություն են դարձել Ադրբեջանի համար։ Դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ խոսքը մեծ հարեւան երկրի մասին է, այլեւ Իրանի հյուսիսարեւմտյան նահանգներում ապրող միլիոնավոր էթնիկ ադրբեջանցիներով։ Երբ այս շրջաններում իրավիճակը անկայունանում է, ազգայնական շրջանակներում դա ընկալվում է որպես ադրբեջանական ժողովրդի «վերամիավորման» պատմական հնարավորություն։

 

«Պատմական հողերի ազատագրման» կոչ անող արմատական ազգայնական պատումներն ավելի շատ են թափանցում Ադրբեջանի պաշտոնյաների հռետորաբանության մեջ։ Սակայն, ներկայիս ճգնաժամի ընթացքում Բաքվի դիրքորոշումը մնում է ընդգծված զգուշավոր։ Ադրբեջանի ղեկավարությունը ավելի շուտ զգուշանում է իր հարավային սահմանների երկայնքով անկայունացումից եւ տնտեսական ցնցումներից, ինչպես նաեւ չի ցանկանում վտանգել Թեհրանի հետ հարաբերություններում վերջերս ձեռք բերված սահմանափակ բարելավումները։

 

Հարավի մասին մտքերը

 

Իրանական բողոքի ցույցերը չէին կարող չբարձրացնել «Հարավային Ադրբեջանի» թեման ադրբեջանական լրատվամիջոցներում: Այդպես են անվանում Իրանի հյուսիսարեւմտյան նահանգները, որոնք բնակեցված են էթնիկ ադրբեջանցիներով: 

 

Ներկայում Ադրբեջանում խոսում են նաեւ իրանցի ադրբեջանցիներին պաշտպանելու եւ «պատմական արդարությունը վերականգնելու» անհրաժեշտության մասին: Այս պատմական անարդարության աղբյուր է համարվում Ռուսական կայսրության եւ Իրանի միջեւ կնքված համաձայնագիրն է, որոնք 19-րդ դարում միմյանց մեջ կիսեցին  ադրբեջանցիներով բնակեցված տարածքները, ինչի արդյունքում դրանք բաժանված են սահմանով:

 

Իրանական «օկուպացիայի» ներքո ապրող եւ խտրականության ենթարկվող հայրենակիցների մասին պատումների ի հայտ գալը օրինաչափ է: Դրանք տրամաբանորեն բխում են Բաքվի ընդհանուր հռետորաբանությունից, որի համաձայն Ադրբեջանը պաշարված ամրոց է՝ թշնամիներով շրջապատված, որոնք անարդարացիորեն ստացել են երկրի «պատմական հողերը»:

 

Տարիներ շարունակ Իլհամ Ալիեւի ռեժիմը օգտագործում էր ռեւանշիստական տրամադրությունները հասարակությանը մոբիլիզացնելու համար՝ շեղելով այլ խնդիրներից: Հիմա Ադրբեջանի իշխանությունները, որոնք սովորաբար բռնի ուժով ցրում են բոլոր հանրահավաքները, թույլատրեցին «Թող Ադրբեջանը միասնական լինի» կարգախոսով բողոքի ակցիա անցկացնել Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց:

 

Սակայն վերամիավորման ձգտող հայրենակիցների կերպարը, չնայած հարմար է ազգային առասպելի համար, չի հաստատվում հենց իրանցի ադրբեջանցիների ցանկություններով: Իրանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն իսկապես գոյություն ունի: Օրինակ, Իրանի իշխանությունները սահմանափակում են ադրբեջաներենով ուսուցումը դպրոցներում, խոչընդոտում են մշակութային ինքնաարտահայտմանն ու լեզվական իրավունքների ընդլայնմանը: Այնուամենայնիվ, իրանական Ադրբեջանում լուրջ անջատողական տրամադրություններ չկան:

 

Այո՛, այնտեղ նույնպես բողոքի ցույցեր են տեղի ունենում, սակայն դրանք ավելի փոքր ծավալի են եւ պակաս արմատական, քան երկրի մյուս շրջաններում: Իսկ ցուցարարների խոսույթը, հիմնականում, համընկնում է համազգային պահանջների հետ՝ դժգոհություն կոռուպցիայից, տնտեսական ճգնաժամից եւ բռնաճնշումներից: 

 

Ավելին, իրանցի ադրբեջանցիներն իրենց պահանջներում ավելի զուսպ են, քանի որ միշտ չէ, որ աջակցում են կոչերին միապետության վերականգնման մասին: Փեհլեւիների դինաստիայի կառավարումը, որը հաճախ ներկայացվում է որպես ազատության եւ բարգավաճման դարաշրջան, իրանցի ադրբեջանցիներին հիշեցնում է խտրականության եւ հարկադիր ասիմիլյացիայի քաղաքականության մասին:

Լուսանկարը` REUTERS

Այսօր Իրանի ադրբեջանական համայնքը լայնորեն ներկայացված է քաղաքական եւ անվտանգային վերնախավում: Բավական է ասել, որ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին եւ նախագահ Մասուդ Պեզեշքիանը ադրբեջանցիներ են:

 

Ի վերջո, Ալիեւի ռեժիմը չի կարելի այաթոլաների ռեժիմի գրավիչ այլընտրանք որակել՝ անգամ վերջինիս բոլոր թերությունները հաշվի առնելով: Շատ առումներով այսօրվա Ադրբեջանը նույնիսկ ավելի անազատ երկիր է, քան Իրանը, ինչը հաստատում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունների զեկույցները: Իրանի քաղաքականության մեջ պահպանվում է պահպանողականների եւ ռեֆորմիստների մրցակցությունը, ավելի ազատ ընտրություններն են անցկացվում, չկա իշխող ընտանիքի պաշտամունք ։

 

Ինչո՞ւ է Բաքուն լռում

 

Ադրբեջանի ղեկավարությունը նույնպես հասկանում է վերամիավորման մասին խոսակցությունների ուտոպիստական բնույթը։ Հետեւաբար, թեեւ պաշտոնական Բաքուն թույլ է տալիս արմատական ազգայնականներին հրապարակայնորեն քննարկել վերամիավորումը, այն նախընտրում է ուղղակիորեն չմեկնաբանել բողոքի ցույցերը։ Նախագահը եւ առանցքային պաշտոնյաները խուսափում են հրապարակային հայտարարություններ անելուց։

 

Այս լռությունը պատահական չէ։ Բաքուն զգուշանում է կորցնել վերջերս Թեհրանի հետ հարաբերություններում գրանցված համեստ առաջընթացը։ Իրանի ղեկավարությունը ցավագին է ընկալում Հարավային Կովկասում իր ազդեցության նվազումը։ Թեհրանը ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի դերի ուժեղացումը, Հայաստանի մերձեցումը Արեւմուտքի հետ եւ Ադրբեջանում Իսրայելի ներկայության աճը աճող սպառնալիքներ է համարում։

 

Հետեւաբար, վերջին տարիներին Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները հակասական են զարգացել։ Գործնական մերձեցման ժամանակահատվածները փոխարինվում էին կտրուկ դեմարշներով, փոխադարձ մեղադրանքներով եւ կոշտ հռետորաբանությամբ։ Թեհրանը բազմիցս մեղադրում էր Բաքվին Իսրայելի հետ համագործակցության համար, այդ թվում՝ հետախուզական եւ դիվերսիոն գործողությունների, ինչպես նաեւ Հարավային Կովկասը արտաքին ուժերի օգտին օգտագործելու համար։ 2025թ. ամռան 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանը մեղադրել էր Ադրբեջանին իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռներին տրամադրելու համար։

 

Այս մեղադրանքները երբեմն ուղեկցվում են դիվանագիտական ճնշումներով, տարածքային պահանջներով, սահմանի մոտ զորավարժություններ անցկացնելու սպառնալիքներով եւ ձերբակալություններով: Ադրբեջանում քաղբանտարկյալների ամենամեծ խումբը մուսուլման ակտիվիստներն են: Նրանց զգալի մասը ձերբակալվել է հենց Բաքվի եւ Թեհրանի միջեւ լարվածության սրման ժամանակ:

 

Այնուամենայնիվ, բազմաթիվ եւ կանոնավոր դիվանագիտական բախումները Բաքվի եւ Թեհրանի միջեւ հարաբերություններում իսկապես լուրջ ճգնաժամերի չէին հանգեցրել: Հարավային Կովկասի վրա Իրանի իրական լծակները ներկայում սահմանափակ են, ինչը նրան ստիպում է սահմանափակվել հիմնականում քննադատական հայտարարություններով: Բաքուն դա հասկանում է եւ փորձում է խուսափել Թեհրանին ավելի կոշտ քայլերի դրդելուց։

 

Լարվածության յուրաքանչյուր գագաթնակետից հետո Բաքուն նախընտրում է թուլացնել հակամարտության աստիճանը եւ երկխոսությունը պրագմատիկ հուն վերադարձնել: Երկու երկրների ղեկավարների միջեւ վերջին շփումները տեղի էին ունեցել ակնհայտ բարեկամական մթնոլորտում՝ թշնամական մտադրությունների բացակայության մասին հրապարակային հավաստիացումներով: Ադրբեջանի հաշվարկը պարզ է. Իրանը խոշոր հարեւան է մնում, որի հետ հակամարտությունը որեւէ ռազմավարական օգուտ չի խոստանում եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով։

Լուսանկարը` REUTERS

Իրանում անկայունացումը հղի է նույնքան անկանխատեսելի ռիսկերով: Հարավային հարեւանի՝ Սիրիային կամ Լիբիային նմանվելու հեռանկարը կզրկի Ադրբեջանին կարեւոր առեւտրային գործընկերոջից, իսկ տնտեսական կապերի խափանումը ցավոտ ազդեցություն կունենա ադրբեջանական տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա։

 

Իրանում խորը ճգնաժամը կնշանակեր նաեւ անվերահսկելի գործընթացներ Ադրբեջանի հարավային սահմանին, այդ թվում՝ հնարավոր միգրացիոն հոսքեր։ Չնայած Իրանում հայրենակիցներին պաշտպանելու մասին խոսակցություններին, այնտեղից փախստականների նույնիսկ սահմանափակ հոսքը լուրջ սոցիալական եւ տնտեսական մարտահրավեր կհանդիսանա Բաքվի համար։

 

Վերջապես, կա նաեւ իշխանության ներքին տրամաբանությունը։ Հարեւան երկրում զանգվածային բողոքի ցույցերը կարող են օրինակ ծառայել։ Եթե ադրբեջանցիները զանգվածային բողոքներ են կազմակերպում տնտեսական խնդիրների եւ սահմանի հարավային կողմում իշխանությունների կամայականության դեմ, ապա ինչո՞ւ չպետք է նույնը անեն հյուսիսում, հատկապես, որ այնտեղ եւս բազմաթիվ տնտեսական եւ քաղաքական դժվարություններ կան։ Կայուն Իրանը նախընտրելի է Ադրբեջանի ղեկավարության համար նրա քաոսային վերափոխումից։

 

Բաքվում լավ հիշում են, որ խոշոր բողոքի ցույցեր Իրանում տեղի էին ունենում եւ նախկինում, եւ այաթոլաների ռեժիմը միշտ գտնում էր դրանք ճնշելու եղանակները։ Մինչ այժմ իրանական համակարգի փլուզման նշաններ չկան, եւ Թեհրանի դեմ ուղղված կոշտ կամ սադրիչ հռետորաբանությունը ոչ միայն վաղաժամ է, այլեւ վտանգավոր։ Հետեւաբար, Ադրբեջանը չի ձգտում օգտագործել իրանական բողոքի ցույցերը որպես ճնշման գործիք։ Նրա ռազմավարությունը սպասողական, դիվանագիտական զսպվածության եւ ռիսկերը նվազագույնի հասցնելու քաղաքականություն է, այլ ոչ թե անորոշ ազգայնական կամ աշխարհաքաղաքական ձեռքբերումների վրա հույսը դնելը։

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին