Էրդողանի կայսերական պատրանքները - Mediamax.am

Հունվար 12, 2026
172 դիտում

Էրդողանի կայսերական պատրանքները


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք The Foreign Affairs ամսագրում հրապարակված Erdogan’s Imperial Delusions. Turkish Power Does Not Match the President’s Ambitions հոդվածի հայերեն թարգմանությունը: Հոդվածի հեղինակ Ասլի Այդընթաշբաշը Բրուքինգսի ինստիտուտի «Թուրքական նախագծի» տնօրենն է: 

 

Ասլի Այդընթաշբաշ

 

Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2025թ. սեպտեմբերի վերջին մտավ Սպիտակ տուն, նա պետք է այդ այցն ավարտեր հաղթանակով։ Էրդողանը թուրք հանրությանն էր ներկայացրել Մերձավոր Արեւելքում Թուրքիայի առաջնորդության մեծ տեսլականը, բայց կասկածները գնալով ավելի ու ավելի մթագնում էին այն։ Ներքին անհամաձայնությունն ու տնտեսական դժվարությունները պահանջում էին Էրդողանի մշտական ուշադրությունը եւ վտանգում էին խաթարել նրա հեղինակությունը 23 տարվա իշխանությունից հետո։ Երբ 2024թ. դեկտեմբերին Սիրիայի ընդդիմադիր ուժերը Թուրքիայի աջակցությամբ տապալեցին Բաշար ալ-Ասադի վարչակարգը, Թուրքիան կարծես ազդեցությունը ընդլայնելու ոսկե հնարավորություն ստացավ, սակայն պարզ դարձավ, որ Թուրքիան միայնակ ունակ չէ լուծելու Սիրիայի վերականգնման հսկայական խնդիրը։ 

Թվում էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններ ստեղծելը Էրդողանին անհրաժեշտ խթան կտար։ Չնայած Անկարան եւ Վաշինգտոնը վերջերս տարաձայնություններ ունեին, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ռուսական հրթիռային համակարգերի գնման եւ Սիրիա բազմիցս ներխուժելու հարցում, Թրամփը Էրդողանին համարում է Մերձավոր Արեւելքի կայունացմանը նպաստող գործընկեր: Թուրքիան լծակներ ուներ «Համաս»-ի վրա, որոնք օգտակար կլինեին ԱՄՆ-ի գլխավորությամբ Իսրայելի հետ հրադադարի բանակցությունների ժամանակ, եւ Թուրքիան կարող էր աջակցել Գազայում եւ Ուկրաինայում խաղաղապահ եւ վերակառուցման ջանքերին: Թրամփը, ի տարբերություն իր նախորդների, հիանում է Էրդողանի ոչ ազատական տեսակով եւ հմուտ աշխարհաքաղաքական հավասարակշռությամբ՝ բազմիցս անվանելով նրան «ընկեր» եւ «շատ ուժեղ առաջնորդ»: Թուրք պաշտոնյաները, իրենց հերթին, հույս ունեին, որ գործարքներ սիրող Թրամփի հետ վերսկսված գործընկերությունը կօգնի Թուրքիային բարձրացնել իր հեղինակությունը Մերձավոր Արեւելքում:

Սկզբում, կարծես, նրանց ցանկությունն իրականացավ: Էրդողանի վաշինգթոնյան այցից մի քանի օր անց թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը Եգիպտոսում միացավ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններին. Թուրքիան վաղուց ի վեր աջակցում էր պաղեստինցիներին, բայց սա առաջին անգամն էր, որ Անկարան պաշտոնապես միացավ իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցություններին: Երբ հոկտեմբերի 13-ին ստորագրվեց հրադադարի համաձայնագիրը, Էրդողանը կանգնած էր Թրամփի եւ Եգիպտոսի ու Կատարի առաջնորդների կողքին: Թուրքիայի նախագահի կողմնակիցների համար նրա մասնակցությունը չափազանց խորհրդանշական էր։ Ավելի քան 100 տարի առաջ գեներալ Էդմունդ Ալենբին բրիտանական բանակը Երուսաղեմ տարավ՝ վերջ դնելով Օսմանյան կայսրության չորս դարերի տիրապետությանը։ Այժմ Թուրքիան վերադարձել էր։ Վերջին տարիներին թուրքական զորքերը ակտիվ էին Իրաքում, Լիբիայում եւ Սիրիայում։ Սուրբ Երկրի քաղաքականության մեջ կենտրոնական դեր ստանձնելը Թուրքիայի պատմական դերի վերականգնումն էր Մերձավոր Արեւելքում։

Լուսանկարը` REUTERS

Համենայն դեպս՝ Էրդողանը կուզեր, որ այդպես մտածեին թուրքերը։ Իրականում Թուրքիայի հզորությունը առայժմ չի համապատասխանում Թուրքիայի գլխավորությամբ տարածաշրջանային կարգուկանոն հաստատելու Էրդողանի նկրտումներին։ Թրամփի աջակցությունը դրական էր հանրության աչքում, բայց քիչ հավանական է, որ ԱՄՆ նախագահի իմպուլսիվ, անկազմակերպ արտաքին քաղաքականությունը կուժեղացնի Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում կամ կհամոզի Մերձավոր Արեւելքի մյուս երկրներին ընդունել այն։ Թուրքիան բախվում է բազում ներքին խնդիրների, այդ թվում՝ քայքայվող տնտեսություն եւ թույլ պետություն, ինչպես նաեւ չափազանց մեծ արտաքին դիմադրության, մասնավորապես՝ վստահ եւ ագրեսիվ Իսրայելի կողմից, որպեսզի կարողանա իր պայմաններով տարածաշրջանային կարգուկանոն կառուցել։ Եվ եթե Էրդողանը չկատարի թուրքական իշխանության նոր դարաշրջան սկսելու իր խոստումը, ներքին ճնշումները կաճեն, մինչ Թուրքիան կշարունակի իր ռազմավարական տեղաշարժը ավելի անապահով աշխարհում։

 

Մեծ ռազմավարություն

 

Էրդողանի աշխարհաքաղաքական նախագիծը հիմնված է մեկ պարզ գաղափարի վրա. Թուրքիան պարզապես միջին չափի տերություն չէ, նրան վիճակված է առաջնորդել Մերձավոր Արեւելքը: Ասադի անկումից մեկ շաբաթ անց Էրդողանը հայտարարեց, որ «Թուրքիան ավելի մեծ է, քան Թուրքիան», եւ «որպես ազգ, մենք չենք կարող սահմանափակել մեր տեսլականը 782,000 քառակուսի կիլոմետրով»: Թուրքիան «չի կարող խուսափել իր ճակատագրից, - շարունակեց նա: - Նրանք, ովքեր ասում են՝ «Ի՞նչ գործ ունի Թուրքիան Լիբիայում կամ Սոմալիում», սա չեն հասկանում»:

Լուսանկարը` REUTERS

Էրդողանի տեսլականում որոշակի ճշմարտություն, բայց նաեւ առասպելների մեծ չափաբաժին կա: Երկրի ներսում կառավարության հզոր քարոզչական մեքենան առաջ է մղում «Թուրքիայի դարը» արշավը եւ տարածել է այն գաղափարը, որ Թուրքիային վիճակված է մեծ տերություն լինել: Օսմանյան կայսրությունը, որն այսօրվա քաղաքական վերնախավը ժամանակին ծաղրում էր որպես անկման դարաշրջանի վերապրուկ, վերակենդանացել է որպես կարգուկանոնի եւ բազմակարծության մոդել: Հեռուստասերիալներում, կիսաակադեմիական կոնֆերանսներում եւ նույնիսկ ռեստորանների ճաշացանկում, որտեղ թվարկում են «Սուլթանի հաճույքը» տիպի ուտեստներ, օսմանյան դարաշրջանը ներկայացվում է որպես «ոսկե դար», որն ավարտվեց արտաքին խարդավանքների եւ ներքին դավաճանության հետեւանքով:

 

Թուրքիայի անվտանգության համակարգը, որը 2018 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո կենտրոնացած էր նախագահի իշխանության ներքո, նույնպես ենթարկվում է Թուրքիայի գլխավորած տարածաշրջանային կարգի գաղափարին։ Զինվորականները, որոնք մի ժամանակ զսպող պատվար էին, այժմ պաշտպանում են Թուրքիայի առաջապահ պաշտպանական դիրքերը Իրաքում, Լիբիայում, Սիրիայում եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում։ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի վերջին հաղորդագրությունները ընդգծում են, որ Թուրքիան կայունացնող դեր եւ պատասխանատվություն ունի այս վայրերում, ինչպես նաեւ պատրաստ է օգնելու Գազայի անվտանգության հարցում։ Մասնավոր զրույցներում թուրք պաշտոնյաները նկարագրում են Թուրքիան որպես կայունության երաշխավոր Կովկասից մինչեւ Լեւանտ՝ ընդգծելով համագործակցությունը բարեկամ վարչակարգերի հետ։

 

Էրդողանի օրոք Թուրքիան իրոք ընդլայնել է իր ներկայությունը տարածաշրջանում։ Երկրի ռազմական հետքը երեւում է Կովկասում, Լեւանտում եւ Աֆրիկայի որոշ մասերում, իսկ ռազմածովային ուժը՝ արեւելյան Միջերկրական ծովում եւ Սեւ ծովում։ Վերջին տասնամյակում Անկարան պաշտպանության եւ անվտանգության համագործակցություն է կնքել Ալբանիայի, Ալժիրի, Ադրբեջանի, Բոսնիայի, Եթովպիայի, Լիբիայի, Նիգերի, Պակիստանի, Կատարի, Սոմալիի, Սիրիայի եւ Թունիսի հետ: Լիբիայում Թուրքիան տնտեսական գործարքներ է կնքում եւ անվտանգության աջակցություն է ցուցաբերում, այդ թվում՝ իրավապահ մարմինների եւ զինվորականների վերապատրաստում: 2020 թվականին Թուրքիան աջակցեց Ադրբեջանի ռազմական ներխուժմանը՝ Հայաստանից տարածքը վերադարձնելու համար, իսկ հետագայում թուրքական ընկերությունները առաջատար դեր ստանձնեցին գրավված տարածքներում վերակառուցման եւ ենթակառուցվածքների զարգացման գործում: Թուրքիան այժմ ցանկանում է կարգավորել հարաբերությունները նաեւ Հայաստանի հետ եւ ստեղծել տարածաշրջանային տնտեսական համաձայնագիր, որը կնվազեցնի Իրանի եւ Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում եւ կընդլայնի Թուրքիայի անմիջական մուտքը շուկա: 

 

Զարգացող թուրքական պաշտպանական արդյունաբերությունը Անկարային լծակներ տվեց իր եվրոպացի դաշնակիցների հետ հարաբերություններում եւ մուտք ապահովեց դեպի Աֆրիկայի եւ Ասիայի շուկաներ: Բացի անօդաչու թռչող սարքերից՝ թուրքական պաշտպանական արտահանման մարգարիտներից, մասնավոր եւ պետական ընկերություններն արտադրում են զինամթերք, ռազմանավեր, հրթիռներ, տանկեր եւ զրահապատ մեքենաներ, եւ ցանկը շուտով կլրացնի երկրի առաջին մարտական ինքնաթիռը: 

Լուսանկարը` REUTERS

Ձգտելով ազդեցություն ձեռք բերել՝ Թուրքիան առանձնապես չի մտահոգվում իր հարեւանների ներքին կառավարմամբ եւ կենտրոնանում է այն  մեխանիզմների վրա, որոնք առաջ են մղում իր տնտեսական եւ անվտանգության շահերը: Այս առումով Էրդողանի այսօրվա տեսլականն ավելի նեղ է, քան նախկինում նրա կառավարության կողմից առաջ քաշված օրակարգերը, ինչպիսին է նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիրներ հարեւանների հետ» դոկտրինը: Այդ գաղափարը, որը ձեւավորեց Անկարայի տարածաշրջանային ազդեցությունը Էրդողանի կառավարման առաջին տարիներին, հավասարակշռում էր Թուրքիայի ավանդական արեւմտյան դաշինքները եւ ընդլայնումը դեպի Արեւելք, եւ մեծացնում Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում երկրի ազդեցությունը՝ այն ներկայացնելով որպես ժողովրդավարական բարեփոխումների տարածաշրջանային մոդել: 

Դավութօղլուի քաղաքականությունը տապալեց «Արաբական գարունը»՝ մասամբ այն պատճառով, որ քաղաքական վերափոխումը, որը Թուրքիան փորձում էր առաջ տանել Եգիպտոսում, Սիրիայում եւ Եմենում, չիրականացավ: Թուրքիային, որն այլեւս ժողովրդավարություն չէ, հետաքրքրում է ոչ այնքան իր հարեւանների քաղաքական համակարգը փոխելը, որքան ուժի եւ գործարքային համաձայնագրերի օգնությամբ ոչ ազատական սուննի վարչակարգերի միջեւ համերաշխությունը:  

 

Փորձարկման հրապարակ

 

Սիրիան վերջերս դարձել է Թուրքիայի տարածաշրջանային նկրտումների լաբորատորիա։ Թուրքիան վերահսկում է Սիրիայի հյուսիսի հսկա տարածքները եւ կառուցել է դպրոցներ, հիվանդանոցներ եւ դատարաններ այն շրջաններում, որոնք Ասադի օրոք կառավարում էին ընդդիմադիր ուժերը, որոնց աջակցում էր Թուրքիան։ Ասադին տապալած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (ՀԹՇ) խմբավորումը վաղուց վայելում է Թուրքիայի աջակցությունը։ Երբ ՀԹՇ-ն եւ դրա առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան ստանձնեցին Դամասկոսի վերահսկողությունը, Թուրքիան աջակցեց նոր վարչակարգին անվտանգության ոլորտի վերապատրաստման եւ սարքավորուման, սահմանային կառավարման, մարդասիրական օգնության հարցերում, գյուղատնտեսական սարքավորումներով եւ սերմերով, ինչպես նաեւ Սիրիայի էներգետիկ ցանցի անհապաղ վերանորոգման աշխատանքներով։ 

Լուսանկարը` REUTERS

Թուրքական ընկերությունները սկսում են հայտեր ներկայացնել Սիրիայում շինարարական, էներգետիկ եւ ճանապարհային նախագծերի համար։ Դամասկոսի համար հատկապես կարեւոր է, որ Անկարան հաջողությամբ լոբբինգ է արել Վաշինգտոնում, Էր-Ռիադում եւ եվրոպական մայրաքաղաքներում՝ Ասադի օրոք սահմանված պատժամիջոցները վերացնելու համար։ 

 

Սիրիայում բարեկամական վարչակարգի ի հայտ գալը հնարավորություն տվեց Անկարային վերակենդանացնել սառեցված խաղաղության գործընթացը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ, որը տասնամյակներ շարունակ ապստամբել է թուրքական պետության դեմ։ Էրդողանի կառավարությունը 2024-ի վերջին բանակցություններ սկսեց PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ՝ անկասկած ձգտելով քուրդ ընտրողներին ներգրավել ընտրություններում: Ասադի վտարումը Դամասկոսից ավելի իրատեսական դարձրեց այս կարգավորումը: Քանի դեռ ԱՄՆ-ից աջակցությունը վայելող «Սիրիական դեմոկրատական ուժերը» (Սիրիայի քրդական աշխարհազորային խմբավորումների կոալիցիան, որը կապեր ունի PKK-ի հետ) անկախ էին գործում Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ զգալի բանակ ղեկավարում, Անկարան դրանում սպառնալիք էր տեսնում իր անվտանգությանը: Այդ սպառնալիքը վերացավ, երբ Ասադը հեռացավ, եւ ՍԴՈՒ-ն սկսեց նախնական բանակցություններ թե՛ Դամասկոսի, թե՛ Անկարայի հետ (գործընթաց, որի ընթացքում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հաճախ հանդես է գալիս որպես միջնորդ)՝ որոշելու քրդերի դերը Սիրիայի կառավարման գործում Ասադից հետո: 

Շարունակվում են վեճերը ջրային ռեսուրսների եւ նավթային եկամուտների վերահսկողության, քրդերի կողմից վերահսկվող տարածաշրջանի քաղաքական ինքնավարության եւ սիրիական բանակին ՍԴՈՒ-ի ինտեգրման շուրջ, սակայն բանակցությունների ձախողման գինը չափազանց բարձր է, որ որեւէ կողմը հրաժարվի դրանցից:   

 

Քրդերի հետ վերսկսված խաղաղության գործընթացը Էրդողանի համար ավելի մեծ ռազմավարական նպատակ ունի. այն առիթ է թուլացնելու վերջին տասնամյակում նրա կառավարմանը բնորոշ կոշտ ազգայնականությունը եւ վերաիմաստավորելու Թուրքիան որպես տարածաշրջանային առաջնորդ: Ե՛վ Էրդողանը, եւ՛ նրա ծայրահեղ ազգայնական դաշնակից Դեւլեթ Բահչելին (որը դեռ 2024-ի հոկտեմբերին առաջինը հրապարակավ կոչ արեց վերսկսել բանակցությունները PKK-ի հետ) այժմ նկարագրում են թուրքերի, քրդերի եւ արաբների դաշինքը որպես տարածաշրջանային կայունության հիմք: Այդ շեշտադրումը թույլ է տալիս վերակենդանացնել բազմազգ Օսմանյան կայսրության հիշողությունը: «Պատմության մեջ, - վերջերս գրել էր Էրդողանը X-ում,- անթիվ օրինակներ կան այն հաջողությունների, որոնք գրանցել ենք ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում, երբ թուրքերը, քրդերն ու արաբները միահամուռ էին»:

 

Էրդողանն այժմ հույս ունի ցուցադրել կառավարման բազմազգ, թեեւ ոչ ազատական, մոդել, որը հաշվի է առնում համայնքների բազմազանությունը՝ ուժեղ սուննի ղեկավարության ներքո: Թուրքիայի իսլամիստների կարծիքով՝ սա էր Օսմանյան կայսրության հաջողության եւ երկարակեցության բանալին եւ աշխարհիկ թուրքական հանրապետության թերությունը: Հետեւաբար, Սիրիայում իրավիճակի կարգավորումը Թուրքիային ոչ միայն անվտանգ հարավային սահման կտա եւ կզսպի քրդերի անկախության նկրտումները, այլեւ կհաստատի Թուրքիայի գլխավորած տարածաշրջանային կարգուկանոնի գաղափարը։

 

Սակայն, եթե քրդերի հետ բանակցությունները դադարեցվեն Թուրքիայում կամ Սիրիայում, ամբողջ կառուցվածքը կարող է խարխլվել։ Եթե քրդական խռովությունները վերսկսվեն, Թուրքիան ստիպված կլինի տեղակայել իր  անվտանգության ուժերը եւ սպառել տարածաշրջանային դիվանագիտության համար անհրաժեշտ ռեսուրսները։ Ավելին, անկայունությունը Սիրիայի հյուսիսում կխաթարի Անկարայի այն պնդումը, որ Թուրքիան կարող է կարգուկանոն հաստատել այնտեղ, որտեղ մյուսները ձախողել են։

 

Դատարկ պետություն

 

Նույնիսկ եթե Անկարան եւ Դամասկոսը համաձայնության գան քրդերի հետ, Էրդողանի՝ նոր թուրքական դարաշրջան սկսելու երազանքը փխրուն հիմքեր ունի: Հասարակ թուրքերի համար, որոնք հազիվ են ծայրը ծայրին հասցնում, կայսերական վեհությունը առօրյա խնդիրներից շատ հեռու է: Ոչ ավանդական դրամավարկային քաղաքականությունը տարիների ընթացքում հանգեցրեց կտրուկ գնաճին եւ ազգային արժույթի թուլացմանը: 2023 թվականին նախկին ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը, որին հապճեպ վերադարձրին, որ օգնի կայունացնել տնտեսությունը, որոշ չափով վերականգնեց վստահությունը, բայց գնաճը բարձր է մնում, իսկ ներդրողների վստահությունը՝ ցածր: Արդյունքում Թուրքիան պարզապես տնտեսական կարողություններ չունի՝ Սիրիայի վերակառուցումը կամ որեւէ այլ խոշոր տարածաշրջանային նախագիծ ֆինանսավորելու համար: Թուրքիայի ֆինանսական խնդիրներն արդեն իսկ ստիպել են նոր սիրիական կառավարությանը դիմել Կատարին եւ Սաուդյան Արաբիային՝ անհապաղ բյուջետային կարիքները՝ աշխատավարձերն ու կենսաթոշակները, հոգալու համար, ինչը մեծացնում է Պարսից ծոցի ազդեցությունը Դամասկոսում՝ Թուրքիայի հաշվին:

Լուսանկարը` REUTERS

Երկու տասնամյակ անց Էրդողանի գերկենտրոնացված կառավարման համակարգը նույնպես սկսել է տուժել իր հաջողությունից: «Պետությունն իրենց ուսերին են տանում մոտ տասը լավ մարդիկ», - ասաց ինձ մի բարձրաստիճան պաշտոնյա։ Բանիմաց տեխնոկրատների այս փոքր շրջանակի ներքո գտնվող կառավարական գործակալությունները քայքայվել են, քանի որ զտումներն ու հավատարմության սկզբունքով նշանակումները ոչնչացնում են ինստիտուցիոնալ փորձը։ Որոշումները կայացվում են նախագահական պալատում, ինչը Թուրքիայի բյուրոկրատիային զրկում է սեփական քաղաքականությունը մշակելու կամ այն իրականացնելու կարողությունից։ Տարածաշրջանային ազդեցության իրական ռազմավարության համար անհրաժեշտ է պետական ապարատ, որը կարող է ապահովել կայուն տնտեսական ներգրավվածություն, դիվանագիտական համակարգում եւ քաղաքական անցումների համբերատար կառավարում՝ Լիբիայում, Սիրիայում եւ այլուր, ոչ թե ռազմական ուժի պարբերական ցուցադրություն։ Ներկայում Անկարան պարզապես իր հավակնություններին համապատասխան ինստիտուցիոնալ մեխանիզմ չունի։

 

Քաղաքական առումով Էրդողանի հենարանը նեղացել է, թեեւ նա խստացրել է վերահսկողությունը։ Ընդդիմությունը հաղթանակ տարավ 2024 թվականի քաղաքային ընտրություններում, իսկ Էրդողանի կուսակցությունը հավաքեց ձայների ընդամենը 35 տոկոսը, ինչը վատագույն ցուցանիշն էր 2003-ին իշխանության գալուց ի վեր: 2025-ի մարտին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը կոռուպցիայի մեղադրանքով, որին հաջորդեցին ընդդիմադիր կուսակցության անդամ տասնյակից ավելի քաղաքապետերի ձերբակալությունները, հանրության կողմից ընկալվեցին որպես քաղաքականապես մոտիվացված: Դրանք բացահայտեցին նաեւ կառավարության անապահովությունը. այլեւս վստահ չլինելով, որ կհաղթի ընտրություններում, Էրդողանը իրավական համակարգը իր հակառակորդներին գանակոծելու մահակի վերածեց:

Լուսանկարը` REUTERS

Էրդողանի կուսակցության նկատմամբ աջակցության նվազումը, վերջին հաշվով, սահմանափակում է նրա տարածաշրջանային նկրտումները: Մերձավոր Արեւելքում իրական առաջնորդությունը պահանջում է շարունակականություն: Թուրքիայի տնտեսական օգնության խոստումները պետք է հավաստի լինեն, իսկ դիվանագիտական պարտավորությունները՝ պահպանվեն: Երկրի բիզնես վերնախավը, որը մեծ մասամբ դեռեւս արեւմտամետ է եւ ազատական հակումներով, նույնպես պետք է համաձայնվի դրան, ինչը քիչ հավանական է, քանի դեռ Թուրքիայի աշխարհաքաղաքական դասավորությունը մնում է անորոշ, իսկ ներքին քաղաքականությունը՝ ոչ ազատական: Անկարան չի կարող որեւէ երաշխիք տալ, երբ դեռ հարց է, թե ով կհաջորդի Էրդողանին եւ արդյոք Անկարայի մեղրամիսը Թրամփի վարչակազմի հետ երկար կտեւի:

 

Իսրայելը որպես խոչընդոտ

 

Էրդողանի տեսլականի ամենաանմիջական արտաքին մարտահրավերը Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ խորացող մրցակցությունն է: Վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելը դարձել է տարածաշրջանային գերիշխան՝ Իրանի հետ պատերազմից, Լիբանանում, Կատարում եւ Սիրիայում ռազմական արշավներից հետո: Պարզ ասած՝ Իսրայելի միանշանակ ռազմական գերիշխանությունը եւ անվտանգության հարցում գործընկերության ընդլայնվող ցանցը թույլ չեն տալիս Թուրքիային համոզիչ կերպով ձեւակերպել Լեւանտում եւ դրանից դուրս թուրքական աշխարհակարգը: Թուրքիայում շատերն ուրախ չեն, որ Իսրայելը ազդեցություն է ձեռք բերում տարածաշրջանում, քանի որ Գազայում Իսրայելի պատերազմը մեծ հանրային վրդովմունք է առաջացրել, եւ այն Էրդողանի ընտրազանգվածով չի սահմանափակվում: Այս հանրային տրամադրությունը ստիպում է Անկարային հակաիսրայելական դիրք ընդունել, թեեւ դա բարդացնում է Թուրքիայի տարածաշրջանային դիվանագիտությունը եւ հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Իսրայելն իր հերթին չի ցանկանում, որ Թուրքիան ձեւավորի տարածաշրջանային քաղաքականությունը՝ հատկապես հաշվի առնելով Անկարայի աջակցությունը «Համաս»-ին եւ Իսրայելի ռազմական գործողությունների քննադատությունը: Որոշ իսրայելցիներ մտահոգված են նաեւ, որ Թուրքիայի ղեկավարած սուննիական առանցքը կխաթարի Իսրայելի ջանքերը՝ զսպելու իր հարեւաններին:

 

Սակայն հիմնական մրցակցությունը Սիրիայի շուրջ է: Ասադի հեռանալուց հետո Իսրայելը վճռականորեն տրամադրված է կանխել, որ ցանկացած արտաքին ուժ (հատկապես թշնամական Թուրքիան) ամրապնդի իր վերահսկողությունը Սիրիայի նկատմամբ եւ նոր կառավարությանը օգնի կառուցել ռազմական եւ քաղաքական ապարատ, որը կարող է սպառնալ Իսրայելի հյուսիսային սահմանին: Շարաայի կառավարության նկատմամբ խոր կասկածներ ունենալով՝ Իսրայելը ցանկանում է ռազմապես վերահսկել Սիրիայի ավելի քան 100 քառակուսի մղոն բուֆերային գոտին: Մինչդեռ Էրդողանը Դամասկոսի հետ դաշինքը համարում է տարածաշրջանային իր տեսլականի հենասյունը: Այս մոտեցումներն անհամատեղելի են: Թուրքիան ցանկանում է ուժեղ եւ կենտրոնացված սիրիական կառավարություն, որը կվերահսկի իր ամբողջ տարածքը, կայունություն կհաստատի, կճնշի հյուսիսում հակաթուրքական զինված գործողությունները եւ կմնա Անկարայի ուղեծրում. Իսրայելը նախընտրում է, որ Սիրիան մնա ապակենտրոնացված, իր դրուզ եւ քուրդ փոքրամասնություններին ինքնավարություն տա եւ չդառնա այնքան հզոր, որ Իսրայելին մարտահրավեր նետի:

 

Այդ մրցակցող ծրագրերը Թուրքիայի եւ Իսրայելի ուժերին ու նրանց աջակցողներին տանում են դեպի բախում: Յուրաքանչյուրը փորձում է Ասադից հետո ստեղծված կարգը ձեւավորել իր օգտին, ուստի նրանց ռազմական եւ հետախուզական գործունեությունը ավելի ու ավելի հաճախ համընկնում է, ինչը մեծացնում է բախման ռիսկը: Լարվածությունն արդեն իսկ սրվել է. 2025թ. ապրիլին Իսրայելը ռմբակոծեց սիրիական Պալմիրա քաղաքում թուրքական բազայի համար նախատեսված վայրը: Թուրքիան եւ Իսրայելը ի վերջո ստեղծեցին թեժ գիծ՝ ուղղակի բախումներից խուսափելու համար, սակայն սա թույլ պաշտպանություն է, երբ երկու կողմերն էլ փորձարկում են միմյանց ազդեցության սահմանները, իսկ դիվանագիտական եւ քաղաքական կապերը մնում են սառեցված։

 

Մրցակցությունը տարածվել է նաեւ Սիրիայի սահմաններից դուրս: Գազայում Իսրայելի արշավի բարձրաձայն քննադատությունը Անկարայի կողմից, սատարումը պաղեստինցիներին, աջակցությունը իսրայելցի պաշտոնյաներին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավական գործերում, ինչպես նաեւ Իսրայելի ընդլայնվող հետախուզական գործընկերությունը Հունաստանի եւ Կիպրոսի հետ խորացնում են պառակտումը: Քանի դեռ Թուրքիան եւ Իսրայելը վախենում են միմյանց տարածաշրջանային նկրտումներից, նրանք, հավանաբար, կմնան անվտանգության երկընտրանքի մեջ. յուրաքանչյուրը մյուսի քայլերը կմեկնաբանի որպես սպառնալիք, կպատասխանի անհամաչափ հռետորաբանությամբ եւ հակազդեցությամբ։

 

Էրդողանի համար մրցակցությունը սահման է դնում: Սիրիայում Իսրայելի գործունեությամբ զբաղված Թուրքիան չի կարող լիովին իրականացնել իր մեծ տարածաշրջանային օրակարգը: Այն ստիպված կլինի ռազմական, դիվանագիտական եւ ֆինանսական ռեսուրսներն ուղղել Իսրայելին զսպելուն, ոչ թե դաշինքներ ու ինստիտուտները ստեղծելուն, որոնք անհրաժեշտ են հետեւողական տնտեսական եւ քաղաքական տեսլականն իրականացնելու համար։

 

Թրամփը հանցակի՞ց

 

Թրամփն օգնեց Էրդողանին առաջ տանել Մերձավոր Արեւելքի իր տեսլականը՝ տալով նրան այն, ինչ ցանկանում է. տեսանելիություն տարածաշրջանային դիվանագիտության մեջ եւ բարձր կարգավիճակ՝ որպես ԱՄՆ անվտանգության գործընկեր։ Էրդողանի նեոօսմանյան նկրտումներին ակնարկելով՝ Թոմ Բարաքը նույնիսկ խոսել է օսմանյան միլլեթ համակարգի մասին, որտեղ բազմազան էթնիկ եւ կրոնական համայնքներն ինքնավար են ներքին կառավարման հարցում, բայց հավատարիմ են կայսրին, եւ այն ներկայացրել որպես ժամանակակից տարածաշրջանային մոդել։

 

Թուրքիայի ձգտումը՝ Իրաքում, Սիրիայում եւ արեւելյան Միջերկրական ծովում ազդեցության գոտի ստեղծելու մասին ԱՄՆ նախկին վարչակազմերը համարել են տարածաշրջանային կայունության եւ ԱՄՆ շահերի սպառնալիք, սակայն Թրամփի վարչակազմը թույլ է տվել Թուրքիային ընդլայնել իր ազդեցությունը Սիրիայում եւ ողջունել է Թուրքիայի մասնակցությունը տարածաշրջանային դիվանագիտությանը։ ԱՄՆ-ն մեծ մասամբ համաձայն է Անկարայի հետ, որ պետք է աջակցել Դամասկոսի կենտրոնական իշխանությանը, թույլ չտալ Իրանի ռազմական ցանցերը Սիրիայում եւ կանխել քրդական ֆեդերալիզմը երկրի ներսում։ ԱՄՆ-ն, կարծես, գոհունակությամբ թույլ է տալիս է, որ Թուրքիան հետապնդի այդ նպատակները, որպեսզի Վաշինգտոնն իր դիվանագիտական եւ ռազմական էներգիան ուղղի այլուր՝ միաժամանակ բարելավելով ՆԱՏՕ-ի խոշոր դաշնակցի հետ երկար ժամանակ լարված հարաբերությունները։   

Սակայն փոփոխական Թրամփի հավանությունը մեծ երաշխիքներ չի տալիս Թուրքիային, որ ամերիկյան աջակցությունը շարունակական կլինի, ինչպես նաեւ չի փոխում իրականությունը: Իսրայելը դեռեւս պահպանում է ռազմական գերիշխանությունը Սիրիայում: Ավելին, Թրամփը հարգանքով է վերաբերվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որը կտրականապես դեմ է Սիրիայում կամ Գազայում Թուրքիայի մեծ դերին: Պարսից ծոցի միապետությունները նույնպես զգուշանում են թուրքական հավակնություններից եւ կարող են բարդացնել Անկարայի ծրագիրը՝ չտրամադրելով Սիրիային ֆինանսական աջակցություն, վերակառուցման միջոցներն ուղղորդելով այնպես, որ թուրքական ընկերությունները դուրս մղվեն կամ կրճատելով խոստացված ներդրումները Թուրքիայում: Իսկ Թուրքիայի տնտեսությունը՝ անկայուն, պարտքերի տակ ճկռող եւ ուժասպառ, չի կարող ապահովել վերակառուցումը Սիրիայում եւ Գազայում կամ շարունակել տնտեսական օգնությունը, դիվանագիտական ներդրումները եւ ռազմական ներկայությունը, որոնք անհրաժեշտ են երկարատեւ տարածաշրջանային ազդեցություն ապահովելու համար: 

Լուսանկարը` REUTERS

Էրդողանի ցանկությունը՝ ստեղծել Թուրքիայի կողմից ղեկավարվող կարգ՝ Pax Turkica՝ դեռ կա, բայց այդ կարգի հիմքերը փխրուն են: Եթե Էրդողանը չկարողանա իրականացնել այս մեծ տեսլականը, կստեղծվի ներքին արատավոր շրջան, երբ հանրային հիասթափությունը եւ լեգիտիմության նվազումը կթուլացնեն արդեն իսկ թույլ տնտեսությունը: Թուրքիայի վերածնունդը խորհրդանշող տարածաշրջանային նախագիծը կհիշեցնի հավակնության եւ կարողության միջեւ անջրպետի մասին: Էրդողանը կարող է խուսափել այս շրջանից՝ ընդլայնելով իր ներքին քաղաքական հենքը, վերակառուցելով Թուրքիայի ինստիտուտները եւ դիմելով երկրի մասնագիտական վերնախավին եւ գործարար համայնքին: Բայց այդ ամենը կարող է թուլացնել նրա իշխանությունը: Գուցե Էրդողանը երազում է օսմանյան սուլթան լինելու մասին, բայց ժամանակակից Թուրքիան շղթայված է իր ներքին խնդիրներով եւ խրված է ներքաղաքական խնդիրների մեջ: Թեեւ Անկարան տարածաշրջանային կարգի խոշոր խաղացող եւ Սիրիայում գերիշխող ուժ կմնա, այն չի կարողանա ժամացույցի սլաքը հետ տանել այն ժամանակներին, երբ Մերձավոր Արեւելքում միակ գերիշխող ուժն էր:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին