Ներկայացնում ենք The New York Times թերթի How Trump and Nvidia’s C.E.O. Became Partners on the International Stage հոդվածի հայերեն թարգմանությունը (կրճատումներով):
Վերջին 10 ամիսների ընթացքում նախագահ Թրամփը մտերմացել է Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ, քանի որ ընկերության չիպերը դարձել են առեւտրային եւ խաղաղության բանակցությունների գործիք։
Անցյալ ամիս Հարավային Կորեայում կայացած գագաթնաժողովի ժամանակ նախագահ Թրամփը դադարեցրեց իր ելույթն այն մասին, որ ցանկացած այլ նախագահից ավելի շատ բան է անում տվյալների կենտրոններ կառուցելու եւ ամերիկացի աշխատողներ վարձելու համար, եւ հարցրեց իր նոր ընկերոջ մասին.
«Ջենսենն անհավանական մարդ է, գուցե նա այստեղ է, - ասաց Թրամփը։ - Կարծում եմ՝ այստեղ է։ Ինչ-որ մեկն ասաց, որ այստեղ է։ Ինչպե՞ս է նա։ Լավ է, չէ՞»։
Թրամփից մի քանի ժամ անց Վաշինգտոնում կայացած համաժողովում ելույթ ունենալիս Հուանգը նույնպես ջերմ խոսքեր ասաց ԱՄՆ նախագահի մասին՝ գովելով Սպիտակ տունը կանոնակարգերի վերացման եւ ԱԲ-ի մեջ ներդրումներ խրախուսելու համար։ Հուանգն ասաց, որ Թրամփը «ամբողջովին փոխել է խաղի կանոնները» արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում։ Այնուհետեւ նա ինքնաթիռ նստեց, որ միանա Թրամփին Հարավային Կորեայում։
Փոխադարձ հիացմունքի այս խոսքերը հավանաբար վկայում են Թրամփի վարչակազմի եւ բիզնես աշխարհի միջեւ ամենակարեւոր հարաբերության մասին. մագնատ դարձած Սիլիկոնյան հովտի ինժեների եւ նախագահ դարձած նյույորքյան անշարժ գույքի մագնատի քիչ հավանական ընկերության մասին։
Լուսանկարը` REUTERS
Nvidia-ն, որը հզոր համակարգչային չիպեր է արտադրում, որոնք անհրաժեշտ են ԱԲ նախագծերի համար, առաջին ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններից է, որը կատարել է նախագահ Թրամփին տված խոստումները՝ իրենց արտադրության մի մասը տեղափոխել Միացյալ Նահանգներ։ Եվ Թրամփը, որն ուշադիր հետեւում է ֆոնդային շուկային, հոյակապ գիտակցում է, որ Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաարժեքավոր հրապարակային ընկերությունը։
Ընկերության չիպերը նախագահին հզոր բանակցային լծակ են տվել մի շարք երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի հետ։ Նրանք նույնիսկ նախկինում չլսված դեր են ստանձնել. օգնել են վարչակազմին մի քանի պետությունների միջեւ խաղաղություն միջնորդել։
Ինչպես Միացյալ Նահանգները 1950-ականներին միջուկային տեխնոլոգիաներ առաջարկեցին այն երկրներին, որոնք համաձայնվեցին դրանք օգտագործել խաղաղ նպատակներով, այնպես էլ Թրամփի վարչակազմը քննարկել է ԱԲ տեխնոլոգիաներ վաճառելու հարցը հակամարտությունները դադարեցնող երկրներին, այդ թվում՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, ասացին վարչակազմի գործունեությանը ծանոթ երկու անձինք, որոնք խոսել են անանունության պայմանով, քանի որ այս ռազմավարությունը զգայուն թեմա է։
Օգոստոսին, երբ վարչակազմը նպաստեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը, Սպիտակ տան գիտության եւ տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի տնօրեն Մայքլ Կրացիոսը հանդիպել էր երկրների պաշտոնյաների հետ՝ երկրների միջեւ ԱԲ-ի եւ ապագա տեխնոլոգիական փոխանակումների վերաբերյալ։
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը սկսվել էր տարիներ առաջ, սակայն Թրամփն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրել են գործընկերությունը «զարգացման նոր մակարդակի»։ «Սա մեր երկարաժամկետ արդիականացման ջանքերի կարեւոր մասն է՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության շրջանակի հետ մեկտեղ», - հավելել է նա։
Վերջերս Ղազախստանը ստորագրել է նշանակալի Աբրահամի համաձայնագրերը, որոնք կնքվել են Թրամփի առաջին վարչակազմի օրոք՝ Իսրայելի եւ մեծամասամբ մահմեդական մի քանի երկրների միջեւ կապերը կարգավորելու համար։ Երկիրը հայտարարել է նաեւ 2 միլիարդ դոլարի գործարքի մասին՝ Nvidia չիպերով ԱԲ տվյալների կենտրոններ զարգացնելու համար։
ԱՄՆ պաշտոնյան ասաց, որ Nvidia չիպերը փոքր դեր են խաղացել բանակցություններում։ Սակայն դրանց ներառումը քննարկումներում ցույց է տալիս, թե ինչպես են ԱԲ-ն եւ Nvidia-ն գործիք դարձել ամերիկացի դիվանագետների եւ նախագահի համար, որը փորձում է խաղաղության համաձայնագրեր կնքել Նոբելյան մրցանակի իր քարոզարշավի ընթացքում։
Հուանգը լուրջ պատճառներ ուներ Թրամփի հետ հարաբերություններ զարգացնելու համար։ ԱՄՆ նախագահի մոտ են Nvidia-ի միջազգային եւ ներքին կարգավորման բանալիները: Նա վերահսկում է այն լիցենզիաները, որոնք թույլ են տալիս Nvidia-ին վաճառք իրագործել խոշոր շուկաներում, ինչպիսին է Չինաստանը, եւ կարող է ընկերության հաճախորդներին հասանելի դարձնել էլեկտրաէներգիան, որն անհրաժեշտ է Nvidia-ի չիպերը սնուցելու համար։
Սպիտակ տան քաղաքականությունը օգնել է Nvidia-ին արագացնել իր բիզնեսը: Ուոլ Սթրիթն ակնկալում է, որ ընկերությունը կհայտարարի ավելի քան 30 միլիարդ դոլարի եռամսյակային շահույթի մասին, որը կգերազանցի Amazon-ի եւ Apple-ի նման տեխնոլոգիական հսկաների հայտարարված եկամուտները։
Ջենսեն ՀուանգըԼուսանկարը` REUTERS
Երբ Թրամփը վերադարձավ Սպիտակ տուն, նրա հարաբերությունները Հուանգի հետ ամենեւին երաշխավորված չէին: Հուանգը երբեք երկար ժամանակ չէր անցկացրել Վաշինգտոնում եւ այն մի քանի հայտնի տեխնոլոգիական ղեկավարներից էր, որոնք ներկա չէին Թրամփի երդմնակալությունը հունվարին: Սակայն նրանց հարաբերությունները սկսեցին ծաղկել գարնանը, երբ Հուանգը խոստացավ մեծ ներդրումներ կատարել ԱՄՆ գործարաններում։
Ապրիլի վերջին Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հուանգը հայտարարեց, որ Nvidia-ն եւ նրա մատակարարները 500 միլիարդ դոլար կներդնեն ԱՄՆ արտադրության մեջ։ Օրեր անց նա միացավ նախագահի առաջին միջազգային ուղեւորությանը եւ օգնեց կազմակերպել ավելի քան 200 միլիարդ դոլարի չիպերի վաճառք Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին։
ԱՄՆ նախագահը, որն այդ գործարքը հաղթանակ համարեց, սկսեց Հուանգին «իմ ընկեր» անվանել։
«Ի՜նչ աշխատանք եք կատարել, - ասաց Թրամփը Սաուդյան Արաբիայում ունեցած ելույթի ժամանակ։ - Մենք հպարտ ենք, որ Դուք մեր երկրում եք»։
Մերձավոր Արեւելքի համաձայնագրերը ձեւանմուշ էին ԱԲ չիպերը որպես արտաքին քաղաքականության գործիք օգտագործելու համար, ասացին վարչակազմի ռազմավարությանը ծանոթ երկու անձինք։ Տարիներ շարունակ կառավարությունը ամրապնդել է դիվանագիտական կապերը երկրների հետ՝ վաճառելով Boeing ինքնաթիռների պես ամերիկյան արտադրանք։ Սակայն Թրամփի վարչակազմը սկսեց ներառել նաեւ ԱԲ չիպերն ու գործընկերությունները։
Հուանգը գերեց Թրամփին նաեւ նրանով, որ պատրաստակամությամբ համաձայնեց նախագահի միջամտական մոտեցմանը խոշոր բիզնեսի նկատմամբ։ Օգոստոսին Թրամփն առաջարկեց, որ ԱՄՆ կառավարությունն իր մասնաբաժինն ունենա Չինաստանին չիպերի վաճառքից, եւ Հուանգը համաձայնվեց։ Չնայած այս գաղափարը, կարծես, խախտում է ԱՄՆ օրենսդրությունը, Վաշինգտոնում կայացած համաժողովում Հուանգը ասաց, որ Թրամփի վարչակազմը աշխատում է դա թույլատրող նոր կանոնակարգի վրա։
Ջենսեն ՀուանգըԼուսանկարը` REUTERS
Nvidia-ի չիպերի համաշխարհային պահանջարկը Հուանգին դարձրել է Թրամփի մշտական ուղեկիցներից մեկը։ Աշնանը Մեծ Բրիտանիայում պետական ընթրիքից առաջ Թրամփը մտածկոտ ասաց, որ ԱԲ-ն «գրավում է աշխարհը»։ Այնուհետեւ նա դիմեց Հուանգին.
«Դու գրավում ես աշխարհը, Ջե՛նսեն, - ասաց նա, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ ստորագրում էր «Տեխնոլոգիական բարգավաճման համաձայնագիրը»։ - Մենք երկուսս էլ հուսով ենք, որ դու ճիշտ ես»։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: