Ներկայացնում ենք Bloomberg գործակալության The Long Reach of Trump’s Nvidia AI Diplomacy հոդվածի հայերեն թարգմանությունը։
Հայաստանի տնտեսությունը մոտ 160 անգամ փոքր է արհեստական բանականության չիպեր արտադրող Nvidia-ի 4.5 տրիլիոն դոլարի շուկայական կապիտալիզացումից։
Փոքրիկ կովկասյան հանրապետությունը եւ աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը այժմ կապված են, քանի որ ԱՄՆ կառավարությունը հաստատեց Nvidia չիպերի արտահանումը ԱԲ ոլորտի ստարտափ Firebird ընկերության կողմից ներկայացված գերհամակարգչի նախագծի համար։
Սա «չիպային դիվանագիտության» եւս մեկ օրինակ է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, որն ամրապնդում է ԱՄՆ ազդեցությունը տեխնոլոգիաների հասանելիության միջոցով։
Վաշինգտոնը հաստատեց նաեւ առաջադեմ ԱԲ կիսահաղորդիչների վաճառքը Միացյալ Արաբական Էմիրություններին եւ Սաուդյան Արաբիային։ Սպիտակ տունը նաեւ կոչ է անում Կոնգրեսին մերժել օրինագիծը, որը կսահմանափակի արտասահմանում Nvidia-ի ավելի շատ ԱԲ չիպեր վաճառելու կարողությունը։
Հայաստանի հետ կնքված գործարքը կխթանի ԱՄՆ հետաքրքրությունը Կովկասի՝ ռազմավարական առումով կարեւոր տարածաշրջանի նկատմամբ, որտեղ երկար ժամանակ գերիշխում էր Ռուսաստանը։
Թրամփը դրեց իր դրոշմն այնտեղ օգոստոսին՝ ստորագրելով համատեղ խաղաղության հռչակագիր Հայաստանի եւ հարեւան Ադրբեջանի առաջնորդների հետ, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ տասնամյակներ տեւած պատերազմին։
Համաձայնագիրը ԱՄՆ-ին բացառիկ իրավունք է տալիս զարգացնել Հայաստանի միջով նախատեսված տարանցիկ միջանցքը, որը կապում է Ադրբեջանը եւ Թուրքիային սահմանակից Նախիջեւան էքսկլավը՝ Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղին (TRIPP)։
Միջանցքը կամրապնդի Կովկասի դերը որպես Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրային կամուրջ, որը շրջանցում է Ռուսաստանը։ Այն կնպաստի Կենտրոնական Ասիայի պետությունների հսկայական հանքային եւ էներգետիկ հարստությունների հասանելիությանը. այդ երկրների առաջնորդներին Թրամփը սիրաշահել էր այս ամիս Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովում։
Մոսկվան վերահսկում էր այս բոլոր երկրները մինչեւ 1991 թվականի Խորհրդային Միության փլուզումը եւ դեռ զգալի տնտեսական եւ քաղաքական լծակներ է պահպանում։ Սակայն Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ մտահոգությունը նոր գործընկերներ որոնելու առիթ է հանդիսանում, իսկ Եվրամիությունը միանում է ԱՄՆ-ին եւ Չինաստանին ազդեցության համար պայքարում։
Արհեստական բանականությունը ձեւափոխում է համաշխարհային տնտեսությունը։ Վերահսկելով չիպերի հասանելիությունը՝ Թրամփը հնարավորություն է ստանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը թեքել Ամերիկայի օգտին։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: