Փաշինյանի արշավը եկեղեցու դեմ՝ «երկար եւ բուռն քարոզարշավի մեկնարկ» - Mediamax.am

384 դիտում

Փաշինյանի արշավը եկեղեցու դեմ՝ «երկար եւ բուռն քարոզարշավի մեկնարկ»


Բագրատ Սրբազանը ձերբակալության պահին
Բագրատ Սրբազանը ձերբակալության պահին

Լուսանկարը` REUTERS

Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանը

Լուսանկարը` «Տաշիր» ընկերությունների խումբ


Ներկայացնում ենք The Christian Science Monitor թերթի հատուկ թղթակից Ֆրեդ Ուեյրի As Armenia seeks peace with old foes abroad, civil unrest grows at home հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշ կրճատումներով:

 

Ֆրեդ Ուեյր

 

«Հայ առաքելական եկեղեցին այն եզակի հաստատություններից է, որը հարգանք է վայելում հայ հասարակության լայն շրջանակի կողմից, այդ թվում՝ նրանց, ովքեր հիասթափվել են քաղաքական կուսակցություններից, - ասում է Քաղաքագետների հայկական ասոցիացիայի համանախագահ Ատոմ Մխիթարյանը: - Եկեղեցին համարվում է օրինական քննադատության աղբյուր: Իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա եւ դրա առաջնորդների քրեական հետապնդումը մեծ բացասական հասարակական արձագանք է ունեցել: Այն կարող է նպաստել ընդդիմության համախմբմանը եւ փողոցային ճնշման ուժեղացմանը»:

 

Ի վերջո կառավարության եւ հայ եկեղեցու ղեկավարների միջեւ պայքարը կարող է որոշել փոքրիկ երկրի ապագա ուղղությունը. արդյո՞ք այն կշրջվի դեպի Արեւմուտք, թե կշարունակի նայել դեպի Արեւելք։

 

Լարվածությունը Հայաստանում կուտակվել է շաբաթներ շարունակ: Անցյալ ամսվա վերջին հավատացյալների բազմությունը բախվեց ոստիկանության հետ Էջմիածնում՝ հայ եկեղեցու հինավուրց նստավայրում, եւ ոստիկանությունը փորձեց ձերբակալել առաջատար հոգեւորականների, որոնք իբր կոչ էին անում տապալել կառավարությունը։ Պարոն Փաշինյանը մեղադրեց եկեղեցու ղեկավար Գարեգին II-ին կոռուպցիայի եւ անբարոյականության մեջ եւ պնդեց, որ Էջմիածինը «գրաված» հոգեւորականությունը «դոգմատիկ, հակաքրիստոնեական, հակաազգային եւ հակապետական խումբ» է, որը պետք է հեռացվի։

 

Հուլիսի 4-ին հսկայական ցույց տեղի ունեցավ մայրաքաղաք Երեւանի սովորաբար խաղաղ, վարդագույն կենտրոնում։ Հազարավոր մարդիկ երթով պահանջեցին ազատ արձակել ռուսահայ էներգետիկ մագնատ Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվեց եւ մեղադրվեց հեղաշրջում կազմակերպելու մեջ, երբ պաշտպանել էր Հայ առաքելական եկեղեցու առաջնորդներին, որոնցից մի քանիսին կառավարությունը ձերբակալել էր։ 

Սամվել Կարապետյանը Սամվել Կարապետյանը

Լուսանկարը` «Տաշիր» ընկերությունների խումբ

Սոֆին՝ միջին տարիքի ռեստորանի մենեջերը, որը հրաժարվեց բացահայտել իր ազգանունը, ասաց, որ հուլիսի 4-ի ցույցին միացել է ինքնաբուխ։ Նա ասաց, որ առանձնակի համակրանք չունի պարոն Կարապետյանի նկատմամբ, բայց «Փաշինյանը սարսափելի հիասթափություն է»։ «Նա հարձակվում է եկեղեցու վրա, որը հայ ինքնության հոգին է։ Նա մտերմանում է մեր ամենամեծ թշնամիների՝ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ եւ կարծես պատրաստ է մեր երկիրը նրանց հանձնել», - հավելել է նա:

 

Յոթ տարի առաջ Սոֆին տասնյակ հազարավոր մարդկանց հետ երթով մասնակցել էր խաղաղ, ժողովրդավարամետ հեղափոխությանը, որը Փաշինյանին իշխանության բերեց։ Այն ժամանակ, ասում է Սոֆին, նա լիահույս էր, որ տասնամյակներ տեւած պատերազմը, կոռուպցիան, մեկուսացումը եւ ազգային անբարեհաջողությունը կավարտվեն։

 

«Իմ կյանքում մի քանի անգամ տեսել եմ իշխանափոխություն, եւ ամեն անգամ մենք կրքոտ հավատացել ենք, որ լավ փոփոխություններ կլինեն, - ասաց նա։ - Ես այլեւս այդպես չեմ զգում։ Բայց այս կառավարությունը պետք է հեռանա։ Փաշինյանը ոչնչացնում է Հայաստանը»։

 

Փաշինյանի ծրագիրը

    

Հայաստանը հայտնվել է դժվարին իրավիճակում։ Ծովին ելք չունեցող երկիրը, որը գտնվում է թշնամական Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ավելի քան 30 տարի արտաքին աշխարհ ելք է ունեցել միայն հարեւան Վրաստանի հետ սահմանի եւ Իրանի հետ նեղ սահմանի միջոցով։

 

Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերը, անկասկած, Ռուսաստանն է, որի հետ առեւտուրը 2023-ին կազմել է Հայաստանի առեւտրի 42%-ը, մինչդեռ ԵՄ-ի հետ առեւտուրը կազմել է ընդամենը 7.3%։ Ռուսաստանը ապահովում է Հայաստան ներմուծվող նավթի եւ գազի մեծ մասը, ինչպես նաեւ վառելիք է մատակարարում նրա միակ ատոմակայանի համար: Հայաստանը մնում է Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ, որից պետք է դուրս գա, եթե ցանկանում է միանալ ԵՄ-ին։ 

 

Քանի որ Մոսկվան չաջակցեց կարեւորագույն պահին, Փաշինյանը, կարծես, փորձում է ազատել Հայաստանը նախկին կախվածությունից եւ մեկուսացումից, ասում են վերլուծաբանները, եւ գուցե կերտել նոր ապագա, որտեղ Եվրամիության հետ կապերը աստիճանաբար կփոխարինեն Հայաստանի նախկին լիակատար կախվածությունը Ռուսաստանից։

 

Բայց դա նշանակում է փորձել խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ նրա հովանավորի՝ Հայաստանի դարավոր թշնամի Թուրքիայի հետ։ Անցյալ ամիս Փաշինյանը այցելեց Թուրքիա եւ քննարկեց հարաբերությունների կարգավորումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչը գնահատվեց որպես պատմական առաջընթաց։

Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Խաղաղություն հաստատելը նույնպես ժողովրդականություն չի վայելում Հայաստանում, որտեղ դեռ ցավոտ են հիշողությունները 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության մասին, որը գործնականում ոչնչացրեց Անատոլիայի հայ բնակչությանը։

 

Կովկասյան տարածաշրջանի լրագրողների հոդվածները հրապարակող «Կավկազկի ուզել» առցանց ամսագրի խմբագիր Գրիգորի Շվեդովն ասում է, որ Փաշինյանը համարձակ ռիսկի է դիմում։ 

 

«Հայաստանը չի կարող Ռուսաստանից աջակցություն ակնկալել, ուստի իմաստ ունի խաղաղության բանաձեւ գտնել հին թշնամիների հետ։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը կարող է լուծում լինել», - ասում է նա։

 

«Ո՞վ գիտի՝ ինչ կարող է պատահել, եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խնդիրները լուծվեն։ Սահմանները մինչ այժմ փակ են։ Եթե իրավիճակը փոխվի, եւ պատուհան բացվի դեպի Թուրքիա, Հայաստանի փակուղին կարող է վերանալ», - հավելում է Շվեդովը։

 

Առջեւում դժվար ճանապարհ է

 

Ռուսական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են Փաշինյանի բռնաճնշումները եկեղեցու նկատմամբ այնպիսի տոնով, որը Հայաստանի կառավարությանը վերջերս նկատողություն արեց Երեւանում Ռուսաստանի դեսպանին։

 

Ռուսաստանի հայկական սփյուռքը, որի դրամական փոխանցումները կարեւոր գործոն են Հայաստանի տնտեսության մեջ, հայտարարություն տարածեց՝ վճռականորեն աջակցելով եկեղեցուն եւ կոչ անելով հայերին միավորվել «հալածանքների» դեմ։

 

Խորհրդարանական ընտրություններին դեռ մոտ մեկ տարի կա, եւ շատ դիտորդներ աճող խռովությունները, ձերբակալությունները եւ եկեղեցու կողմից առաջնորդվող դիմադրությունը համարում են երկար եւ բուռն քարոզարշավի մեկնարկ։

 

Հուլիսի սկզբին անցկացված Gallup-ի հարցումը հստակ պատկերել է Հայաստանի երկընտրությունը։ Փաշինյանի աջակցությունը առաջին ընտրությունների 80%-ից նվազել է մինչեւ հազիվ 13%-ը, իսկ հարցվածների 15%-ից պակասն են նշել, որ կաջակցեն նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սակայն դեռեւս չկա որեւէ ընդդիմադիր կուսակցություն, որը վստահելի այլընտրանք կառաջարկի։

 

Բանտարկված մեծահարուստ պարոն Կարապետյանը հայտարարեց, որ կստեղծի իր ընդդիմադիր շարժումը՝ դեռեւս չբացահայտված ծրագրով եւ առանց գործող ընդդիմադիր կուսակցությունների հետ կապերի, որպեսզի «Հայաստանի համար լավ ապագա» ապահովի։

 

«Կարծես փոփոխություն է սպասվում, - ասում է Շվեդովը։ - Բայց այն իրականացնելու համար կարող է երկար ժամանակ պահանջվել»։

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին