Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայի Կարնեգի կենտրոնի տնօրեն, ՌԴ Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ Դմիտրի Տրենինը կարծում է, որ «Թուրքիան եւ Ռուսաստանը չեն ցանկանում պատերազմել»։
Նա ասել է Կարնեգի Եվրոպային, որ սեպտեմբերի 27-ից ի վեր իրեն ամենաշատ մտահոգող հարցը հետեւյալն է՝ հնարավո՞ր է արդյոք պատերազմ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։
«Սա անխուսափելիորեն առաջացնում է հաջորդ հարցը՝ հարձակվելու է արդյո՞ք Թուրքիան Հայաստանի վրա, պաշտպանելո՞ւ է Ռուսաստանն իր ՀԱՊԿ դաշնակցին, եւ կհանգեցնի՞ դա արդյո՞ք ՆԱՏՕ-ի արձագանքին»։
«Այս ամենը ինձ հիշեցնում է 1991թ. աշնանը Խորհրդային Միության վերջին պաշտպանության նախարար, մարշալ Եվգենի Շապոշնիկովի կողմից Անկարային ուղղված նախազգուշացումը. «Եթե դուք մտնեք Ղարաբաղ, դա կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմին»։
Համոզմունքս այն է, որ այդ ճակատագրական քայլը չի կատարվի եւ Ռուսաստանն ու Թուրքիան կխուսափեն ուղղակի ռազմական առճակատումից, հնարավոր է, դրանով, տխրեցնելով որոշ երրորդ կողմերի:
«Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության մասին հարցին, ապա պատասխանս հետեւյալն է՝ ոչ տեսանելի ապագայում։ Ավելի ուժեղ կողմ հանդիսացող Ադրբեջանի բացարձակ ռազմական հաղթանակը հնարավոր չէ առանց Թուրքիայի զանգվածային միջամտությունը: Հայաստանն անգամ Ռուսաստանի լայնածավալ եւ ուղղակի աջակցության շնորհիվ չի կարող ընդմիշտ ստիպել Ադրբեջանին ընդունել ստատուս քվոն: Թուրքիան եւ Ռուսաստանը, սակայն, չեն ցանկանում միմյանց դեմ պատերազմել, եւ բացի այդ Ռուսաստանը գնահատում է իր ընդհանուր բարեկամական հարաբերությունները Ադրբեջանի հետ»:
















