Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամերիկյան The Hill պարբերականում հրապարակված Russia is losing its grip on the Caucasus - an opportunity for the US հոդվածի թարգմանությունը։ Հոդվածի հեղինակ Ջոզեֆ Էփշթայնը Յորքթաուն ինստիտուտի Թուրանի հետազոտական կենտրոնի տնօրենն է։
Ջոզեֆ Էփշթայն
150 տարուց ավելի Ռուսաստանը կառավարել է Հարավային Կովկասը «բաժանիր եւ տիրիր» գաղութային քաղաքականության սկզբունքով։ Մոսկվայի ճնշման վերջին Հայաստանի աջակցությունը վայելող անջատողական Ղարաբաղի շուրջ իրավիճակն էր, որտեղ Ռուսաստանը միաժամանակ եւ՛ խթանում էր հակամարտությունը, եւ՛ հանդես էր գալիս որպես միջնորդ։
Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը հստակ սահմաններ են գծում, եւ Ամերիկան նրանց օգնելու պատմական հնարավորություն ունի։
Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կապերը ազատ անկման մեջ են այն բանից հետո, երբ ռուս իրավապահները Եկատերինբուրգում բռնի ուժ գործադրեցին էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկու ադրբեջանցիների սպանությունը «էթնիկ դրդապատճառներ ուներ», ինչը, հավանաբար, համապատասխանում է իրականությանը։
Ի պատասխան Ադրբեջանը ձերբակալեց ռուսական պետական «Սպուտնիկ» լրատվամիջոցի խմբագիրներին՝ մեղադրելով նրանց ռուսական հետախուզության համար աշխատելու համար։ Այնուհետեւ Բաքուն ձերբակալեց եւս ութ ռուսի՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ կիբեռհանցագործության մեղադրանքներով։
Այս սրացումը տեղի է ունենում երկու երկրների միջեւ լարվածության ֆոնին, որը սկսվել էր 2024թ. դեկտեմբերին, երբ Մոսկվան խոցել էր ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը՝ սպանելով 38 մարդու։
Նախքան Եկատերինբուրգի դեպքերը Հայաստանը անտեսել էր Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստը՝ միաժամանակ հայտարարելով Եվրամիության հետ պաշտպանական համագործակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին։ Չնայած Երեւանը շարունակում է կախված լինել Ռուսաստանից տնտեսական եւ ռազմական առումներով, այն բազմաթիվ քայլեր է ձեռնարկել հարաբերությունները դիվերսիֆիկացնելու համար։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Երկու երկրների կողմից նման բացահայտ դիմադրությունը անհավանական կլիներ ընդամենը հինգ տարի առաջ։ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազմանը նպաստել է երկու իրադարձություն՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերադարձը եւ պատերազմը Ուկրաինայում։
Գրեթե 30 տարի շարունակ Ռուսաստանը օգտագործել է Ղարաբաղի հակամարտությունը՝ երկու երկրներում իր ազդեցությունը պահպանելու համար։ Մոսկվան նմանատիպ ռազմավարություններ էր կիրառել հետխորհրդային այլ հանրապետություններում՝ Ուկրաինայում, Մոլդովայում եւ Վրաստանում՝ օգտագործելով անջատողականության աջակցությունը։ Սակայն Ղարաբաղում Ռուսաստանը ճնշում էր գործադրում եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի վրա։
2020 եւ 2023 թվականներին Ղարաբաղը վերադարձնելու Ադրբեջանի հաջող գործողություններից հետո Ռուսաստանը կորցրեց իր ազդեցության հիմնական լծակը։ Եվ քանի որ այն ավելի շատ էր խրվում Ուկրաինայում, այլեւս չուներ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ազդելու նույն կարողությունը։
Միացյալ Նահանգները պետք է զգուշորեն ձգտեն աջակցել երկու գործընկերներին՝ առանց լարվածությունը սրելու։ Ճիշտ կլիներ Ռուսաստանին հակադրվել որպես մի ուժ, որը չի ձգտում ահաբեկել իր գործընկերներին։ Վաշինգտոնը կարող է երկու քայլ ձեռնարկել տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու համար, որոնք սրացման չեն հանգեցնի։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Առաջինը՝ ներդրում կատարել Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ՝ Հայաստանը Միջին միջանցքում ներառելու համար՝ ենթակառուցվածքների զարգացման, տնտեսական ինտեգրման եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ դիվանագիտության միջոցով։ Նախագծում ներդրում կատարելով՝ Վաշինգտոնը կշարունակի զարգացնել Միջին միջանցքը, որը թույլ կտա ասիական ապրանքների տրանզիտ կազմակերպել դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը եւ Իրանը, եւ կօգնի Հայաստանին պակաս կախված լինել Մոսկվայից։
Երկրորդ քայլը Ադրբեջանի եւ Իսրայելի հետ եռակողմ պաշտպանական համագործակցության զարգացումն է՝ իսրայելցի բարձրաստիճան խորհրդարանականները եւ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից առաջարկած ռազմավարությունը։
Փաշինյանը ներքին մարտահրավերների է ենթարկվում Ռուսաստանի աջակցությունը վայելող եկեղեցուց եւ քաղաքական գործիչներից, որոնց նա մեղադրում է պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Հայաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից չափազանց մեծ է մնում. Բնական գազի 83%-ը եւ նավթի 80%-ը Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից։
Տարածաշրջանում Մոսկվայի թուլացումը դռներ է բացում՝ ոչ թե նոր հեգեմոնների կամ նոր ճակատի, այլ տարածաշրջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա կառուցված նոր գործընկերությունների համար։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: