Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Իսրայելի հաղորդակցության նախկին նախարար Այուբ Կարայի A mission in the shadows: What is Iran’s ambassador doing in Armenia? հոդվածի թարգմանությունը (որոշ կրճատումներով)։
Այուբ Կարա
Հարավային Կովկասը խորը փոփոխությունների է ենթարկվել 2020 թվականին Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը նոր տարածաշրջանային կարգի ճանապարհ հարթեց՝ հիմնված տրանսպորտային կապերի, էներգետիկ միջանցքների եւ երկար սպասված խաղաղության վրա։
Նոր իրողությունների արմատավորվանը զուգընթաց կրկին ի հայտ են գալիս հին նկրտումները։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի արտասովոր ակտիվ վարքագիծը զարմանալի է, հատկապես այն բանից հետո, երբ Իսրայելը ավարտեց իր պատերազմը Թեհրանի դեմ։ Չնայած նա գործում է դիվանագիտական մանդատի ներքո, դեսպանի գործողությունները վկայում են ավելի լայն, ավելի հաշվարկված օրակարգի մասին, որը սպառնում է Ադրբեջանի եւ Իսրայելի շահերին։
Իրանցի պաշտոնյաները խոսում են Իրանի եւ Ադրբեջանի միջեւ «պատմական կապերի» եւ «եղբայրական հարաբերությունների» մասին։ Սակայն այս խոսքերը գնալով ավելի ու ավելի են հակասում Հայաստանում Թեհրանի դեսպանի վարքագծին, ով, մասնավորապես, ասել է, որ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը Իրանի վրա հարձակվելու համար։
Սոբհանին դեմ է Զանգեզուրի միջանցքին՝ այն որակելով որպես սպառնալիք Իրանի ազգային անվտանգությանը, եւ հաճախակի եւ տեսանելի այցեր է կատարում հայկական ռազմական օբյեկտներ եւ սահմանային գոտիներ։ Սրանք ավանդական դեսպանի գործողություններ չեն, այլ աշխարհաքաղաքական գործչի, որն աշխատում է Իրանի օգտին ուժերի հավասարակշռությունը փոխելու համար։
Իրանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցությունը վերջին երկու տարիների ընթացքում զգալիորեն խորացել է։ Այն, ինչ սկսվել էր որպես դիվանագիտական հռետորաբանություն, վերածվել է էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում իրական համագործակցության։ Թեհրանը, մասնավորապես, առաջ է մղել Հնդկաստան-Իրան-Հայաստան երթուղին, որը ամբողջությամբ կշրջանցի Ադրբեջանը՝ խաթարելով Զանգեզուրի միջանցքի ռազմավարական նշանակությունը։ Իրանի համագործակցությունը հայկական զինված ուժերի հետ նույնպես մտահոգություններ է առաջացնում։

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ
Սոբհանին, կարծես, ի կատար է ածում Թեհրանում մշակված սցենարը, որով Հայաստանը պետք է սեպ հանդիսանա Ադրբեջանի եւ նրա մտերիմ դաշնակից Իսրայելի դեմ: Հայաստանը գրավիչ հակակշիռ է առաջարկում եւ հանդես է գալիս իբրեւ պատրաստակամ գործընկեր, որն ունի իր սեփական դժգոհությունները Իսրայելի նկատմամբ եւ աշխարհաքաղաքական պլացդարմ Իրանի սահմաններից հյուսիս: Որոշ տարածաշրջանային դիտորդների կարծիքով, Իրանը Հայաստանին դիտարկում է որպես պրոքսի հարթակ ոչ միայն Ադրբեջանին ճնշելու, այլեւ Հարավային Կովկասում Իսրայելի ազդեցությանը անուղղակիորեն հակազդելու համար։
Այսպիսով, Իրանի դեսպանը Երեւանում ավելին է, քան պարզապես դիվանագետ: Նրա գործողությունները բացահայտում են Ադրբեջանի աճող ազդեցությանը հակազդելու, տարածաշրջանային ինտեգրման ջանքերը խաթարելու եւ դաշինքները Թեհրանի օգտին փոխելու ռազմավարություն:
Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղությանը, կայունությանը եւ համագործակցությանը, բայց նա պատրանքներ չունի իր արեւմտյան սահմաններից անմիջապես այն կողմ հոսող աշխարհաքաղաքական հոսանքների վերաբերյալ: Իրանի լուռ դիվանագիտությունը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի, իսկ նրա իրական մտադրությունները՝ բացահայտվեն: Եթե դիվանագիտությունն իսկապես նուրբ ազդեցության արվեստ է, ապա Իրանի դեսպանը անկայունացման թաքուն վարպետ է դարձել:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: