Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Վիրջինիայի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Ջավադ Սալեհի-Իսֆահանիի Project Syndicate-ի համար գրված հոդվածի թարգմանությունը:
Ջավադ Սալեհի-Իսֆահանի
12-օրյա պատերազմը, որի ընթացքում Իրանը բախվեց երկու միջուկային տերությունների՝ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ, պատկանում է այն հակամարտությունների շարքին, որոնք թույլ են տալիս բոլոր կողմերին իրենց հաղթող հայտարարել: Թեհրանում այդ հայտարարությունը հնչեց արագ եւ կենտրոնացած էր այն փաստի վրա, որ Իրանը կանգուն մնաց: Չնայած ծանր կորուստներին եւ ավերածություններին, տեղի չունեցավ ոչ փլուզում, ոչ ապստամբություն, ոչ էլ ռեժիմի փոփոխություն:
Մեծ թվով իրանցիների համար, հատկապես արտասահմանյան ընդդիմության շրջանում (որի մի մասը բացահայտ ողջունեց հարվածները), հարձակման ծավալը նախատեսում էր կառավարությունը տապալելու մտադրություն: Բայց ապստամբությունը միշտ էլ քիչ հավանական էր թվում՝ հաշվի առնելով նրանց,
ովքեր նման կոչեր էին հնչեցնում: Քաղաքային միջին դասը՝ Իրանի քաղաքացիական եւ մասնագիտական կյանքի հիմքը, չէր պատրաստվում ապստամբել երկու արտասահմանյան տերությունների անունից, որոնք ասոցացվում են տարածաշրջանում տասնամյակների հարկադրանքի եւ բռնության հետ:
Այսպիսով՝ «հաղթեցին» սովորական իրանցիները, թե ոչ, կախված կլինի նրանից, թե ինչ տեղի կունենա հետագայում. ինչպես կարձագանքի կառավարությունը, որքան արագ կկարողանա վերականգնել քաղաքացիական ենթակառուցվածքը եւ արդյոք զիջումներ կառաջարկի միջին դասին, որը միավորվել էր դաժան հարձակման դեմ:
Որոշ փոփոխություններ սկսվել էին Իսրայելի հարձակումից առաջ: 2023 թվականի կեսից Իսլամական Հանրապետությունը ռազմավարական շրջադարձի նշաններ էր ցուցադրում: Այն ուղղակիորեն բախման մեջ չմտավ ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա 2023թ. հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, ոչ էլ ի պատասխան Լիբանանում եւ Սիրիայում իր դաշնակիցների վրա ճնշման:

Լուսանկարը` REUTERS
2022 թվականի զանգվածային բողոքների պատճառով, որոնք ծավալվեցին երիտասարդ կին Մահսա Ամինիի ոստիկանական բաժնում մահվան դեպքից հետո, ռեժիմը սահմանափակեց չգրված դրես-կոդի փողոցային հարկադրանքը: Երբ Թեհրան եւ մի քանի փոքր քաղաքներ այցելեցի անցյալ տարվա ապրիլին, ցնցված էի փոփոխություններից: Շատ կանայք (չնայած՝ ոչ մեծամասնությունը) դուրս էին գալիս չծածկված մազերով եւ ազատորեն հաղորդակցվում էին երիտասարդ տղամարդկանց հետ սրճարաններում, որոնք սնկի պես աճել են Իրանի քաղաքներում:
Այնուհետեւ տեղի ունեցավ Մասուդ Պեզեշքիանի անսպասելի հաղթանակը 2024 թվականի հունիսի նախագահական ընտրություններում: Նա փոխարինեց պահպանողական Իբրահիմ Ռաիսիին, որը հիջաբ կրելու հարկադրանքը դարձրել էր առաջնահերթություն եւ դաժանությամբ ճնշում էր բողոքները:
Իրանի տնտեսությունը այնքան թույլ չէ, որքան կարող է թվալ արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդումները դիտելիս: Չնայած 2018 թվականից (Դոնալդ Թրամփի՝ 2015 թվականի միջուկային պայմանագրից հրաժարվելուց հետո) կիրառվող ամերիկյան դաժան պատժամիջոցներին, տնտեսությունը դանդաղ վերականգնվում էր: 2024 թվականին ՀՆԱ-ն գերազանցել էր 2018 թվականի գագաթնակետը, իսկ տարեկան աճը կազմում էր մոտ 3%:
Պեզեշքիանի նշանակումները՝ ներառյալ առաջադեմ բարեկեցության եւ աշխատանքի նախարարին ու Չիկագոյում կրթություն ստացած երիտասարդ տնտեսության նախարարին, ազդարարում էին ավելի լավ տնտեսական կառավարման շրջադարձի մասին: Երկրի ներսում լուրջ քննարկում էր տարածվել այն մասին, թե արդյո՞ք Իրանը կարող է հասնել 8%-անոց աճի թիրախին, որը կանոնավոր նշվում է տարեկան բյուջեներում եւ հնգամյա ծրագրերում:

Լուսանկարը` REUTERS
Պեզեշքիանի վարչակազմի տնտեսական բարեփոխումները, հավանաբար, ամրապնդեցին քաղաքային միջին դասի պատրաստակամությունը աջակցել կառավարությանը Իսրայելի օդային հարվածների դեմ: Իրանի բավականին զուսպ արձագանքը ամերիկյան հարձակմանը իր միջուկային օբյեկտների դեմ ցույց է տալիս, թե որտեղ են նրա առաջնորդների առաջնահերթությունները: Նրանք հակամարտության վերականգնումը դիտարկում են որպես շեղում իրենց զարգացման առաքելությունից, որը սկզբնապես ներկայացվել էր 2005 թվականի Քսանամյա ծրագրում:
Հարցն այն է, թե արդյո՞ք վերջին պատերազմը Իրանին կմղի դեպի ռազմականացում եւ տնտեսության մեջ պետության դերի ընդլայնմանը, թե՞ դեպի ավելի մեծ ազատություն քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի համար: Շատերը հիշում են, թե ինչպես 1980-ականներին Իրաքի դեմ արյունալի ութամյա պատերազմը կենտրոնական պլանավորման եւ պետական ինստիտուտների գերիշխանության հանգեցրեց: Բարեփոխումների գրեթե երկու տասնամյակ պահանջվեց՝ շուկայական սկզբունքներն ու մասնավոր հատվածը վերականգնելու համար:
Իրանը կարող է ավելի լավ պատրաստված լինել այսօր, քանի որ պատերազմը սահմանափակ էր ծավալով, իսկ մասնավոր հատվածն ու շուկայական ինստիտուտները՝ ավելի կայուն:
Երկու տասնամյակ առաջ Իրանում կատակում էին, որ Իսլամական Հանրապետությունը հետեւողական կորեական ռազմավարության կողմնակից էր, բայց երբեմն այն նման էր Հյուսիսին, երբեմն էլ՝ Հարավին: Իրանն այսօր էլ կանգնած է նմանատիպ ընտրության առջեւ: Հյուսիսկորեական մոդելը կարող է ոմանց համար գրավիչ թվալ՝ իր միջուկային զսպմամբ, այլակարծության ճնշմամբ եւ փակ սահմաններով: Բայց Իրանի մշակույթին, կրոնին, պատմությանն ու խառնվածքին ծանոթ փորձագետների մեծամասնությունը դա կենսունակ տարբերակ չեն համարում՝ նույնիսկ այն պատերազմից հետո, որը բացահայտեց Իրանի խոցելիությունը միջուկային զենքի բացակայության պայմաններում:
Ենթադրելով, որ կրակի դադարեցումը կպահպանվի, իրական հարցը նրանում չէ, թե ով հաղթեց կամ պարտվեց: Հարցն այն է, թե արդյո՞ք Իրանը կօգտագործի այս դադարը տնտեսական զարգացման ուղղությամբ ջանքերը կրկնապատկելու համար, թե՞ պատերազմի տրավման գաղափարական կարծրացման կհանգեցնի:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2025.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: