Ներկայացնում ենք The Economist ամսագրում հրապարակված Poking the bear հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ռուսաստանը կարող է շուտով կորցնել իր վերջին հին բարեկամներից մեկին՝ Հայաստանը: Կրեմլին վրդովեցնում են Երեւանի նոր սիրախաղերը ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ուկրաինայի հետ: Հայաստանն ասում է, որ Ռուսաստանը դրժել է Ադրբեջանից իրեն պաշտպանելու խոստումը։ Հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Ռուսաստանը իր կառավարությունը տապալելու փորձի համար։ Մոսկվան ջանք չգործադրեց դա հերքելու համար. պետական լրատվամիջոցները մեջբերեցին անանուն բարձրաստիճան աղբյուրի, որը մեղադրում էր Փաշինյանին «Զելենսկու հետքերով գնալու» մեջ։
Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին, երբ բողոքի ցույցերի արդյունքում տապալվեց ռուսաստանամետ ռեժիմը։ Բայց նա փորձեց Կրեմլի կողքից չհեռանալ, նույնիսկ հայկական ուժեր ուղարկեց Սիրիա եւ Ղազախստան՝ Ռուսաստանի հետ համագործակցելու համար: 2020 թվականին հարաբերությունները, այնուամենայնիվ, սկսեցին վատթարանալ, երբ Ռուսաստանը հիմնականում չեզոք մնաց, մինչ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի՝ էթնիկ հայկական անկլավի վրա: Այդուհանդերձ, այդ պատերազմից հետո Ռուսաստանը 2000 խաղաղապահներ ուղարկեց։
Այնուհետեւ Ադրբեջանը մի քանի անգամ ներխուժեց հայկական տարածք։ Սա պետք է կյանքի կոչեր Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (դաշինքի, որի անդամ է Հայաստանը) փոխադարձ պաշտպանության դրույթները: Բայց Ռուսաստանը վարանեց: 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կայծակնային գրոհ ձեռնարկեց՝ գրավելու Լեռնային Ղարաբաղի մնացած մասը։ Հայաստանի իշխանությունները հանձնվեցին, գրեթե ողջ բնակչությունը փախավ, իսկ ռուսները պարզապես դիտորդի դերում էին։
Երբ Ռուսաստանը օգնության ձեռք չմեկնեց, Հայաստանը նայեց այլ ուղղությամբ: Նախկինում Երեւանն իր գրեթե ողջ սպառազինությունը գնում էր Ռուսաստանից։ Սակայն վերջերս Հնդկաստանի հետ հրթիռների եւ զինամթերքի, իսկ Ֆրանսիայի հետ՝ զրահատեխնիկայի ու ռադարների գործարքներ կնքվեցին։ Փետրվարին էլ Երեւանը ողջունեց ԵՄ սահմանային մոնիտորինգի առաքելությունը: Փաշինյանը կարծես վճռականորեն տրամադրված է հրահրել Ռուսաստանին: Սեպտեմբերին նրա կինն անձամբ օգնության փաթեթ հասցրեց Կիեւ։ Հոկտեմբերին խորհրդարանը վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Քանի որ դատարանը մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Հայաստանը պարտավոր է կալանավորել նրան, եթե նա ցանկանա այցելել երկիրը։

Լուսանկարը` Kremlin.ru
Հայերից ոմանք կարծում են, որ Փաշինյանը չափն անցնում է: «Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է մի փոքր ավելի խելամիտ գործել, - ասում է Ռիչարդ Կիրակոսյանը՝ Երեւանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիրը: - Մենք գրգռում ենք արջին»: Բայց քանի դեռ Արեւմուտքի հետ սիրախաղերը խորհրդանշական են, Ռուսաստանի պատասխանը նույնպես խորհրդանշական կլինի, պնդում է նա: Փաշինյանը բացառում է այնպիսի լուրջ քայլեր, ինչպիսիք են ՀԱՊԿ-ից դուրս գալը կամ ռուսական բազան դուրս բերելը։
Հայաստանը մանեւրելու մեծ հնարավորություն չունի: Ռուսաստանը մինչ այժմ նրա ամենամեծ առեւտրային գործընկերն է եւ ապահովում է գրեթե ողջ հացահատիկի եւ էներգակիրների ներմուծումը: Շատ հայեր կախված են Ռուսաստանում աշխատող ընտանիքի անդամների դրամական փոխանցումներից: Նոյեմբերին Ռուսաստանը սկսեց հետ ուղարկել հայկական բեռնատարները «բուսասանիտարական» նկատառումներով, ինչը Հայաստանն ընկալում է որպես նախազգուշական կրակոց:

Լուսանկարը` Kremlin.ru
Հայաստանի ընտրության հնարավորությունները մեծ չեն: Վստահությունն Ամերիկայի նկատմամբ խաթարվեց, երբ Պետդեպարտամենտի պաշտոնյան Կոնգրեսին ասաց, որ «չի հանդուրժի» Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը, սակայն երբ Ադրբեջանը հինգ օր անց հարձակվեց, ամերիկյան պատասխանը սահմանափակվեց քննադատական հայտարարություններով: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը վերջերս խոստովանեց, որ պատերազմի դեպքում անզեն դիտորդները փախչելու են։ «Նրանք չեն կարող կենդանի վահան ծառայել», - ասաց Երեւանում աշխատող արեւմտյան մի դիվանագետ։ Նրա խոսքով, հիմնական խնդիրն այն է, որ «հայերն իրենք չգիտեն, թե որն է վերջնախաղը»։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: