Ղարաբաղում Ռուսաստանը հրաժարվեց «չլուծման» քաղաքականությունից - Mediamax.am

2455 դիտում

Ղարաբաղում Ռուսաստանը հրաժարվեց «չլուծման» քաղաքականությունից


Լուսանկարը` Kremlin.ru

Լուսանկարը` Kremlin.ru

Լուսանկարը` Kremlin.ru

Լուսանկարը` Kremlin.ru


Ներկայացնում ենք Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (Chatham House) Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լոուրենս Բրոերսի Russia’s Karabakh policy: the avoidance of choice հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Լոուրենս Բրոերս

 

Սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման արդյունքում Ադրբեջանը 24 ժամվա ընթացքում վերջապես ստիպեց Ղարաբաղի հայերին հանձնվել: Հանձնվելու պայմաններից են Ղարաբաղի հայկական զինված ուժերի զինաթափումը եւ տարածքի երեք տասնամյակ դե ֆակտո գոյություն ունեցող քաղաքական ինստիտուտների լուծարումը։

 

Դրան հետեւեց խաղաղ բնակչության զանգվածային արտահոսքը, որը տեղի էր ունենում հենց այն ժամանակ, երբ Ղարաբաղի հայ ներկայացուցիչները վաղուց հետաձգված երկխոսության մեջ էին ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ իրենց ինտեգրվելու պայմանների շուրջ:

 

Քչերն են հավատում, սակայն, որ զգալի թվով հայեր կմնան Ղարաբաղում երկարատեւ շրջափակումներից, գյուղացիների վրա կրակելուց, ահաբեկող հռետորաբանությունից, կոնֆլիկտի սրացումներից ու լայնածավալ ռազմական հարձակումից հետո:

 

Ռուսաստանի համաձայնությունը Ադրբեջանի այս հարձակմանը պատռեց «Պուտինի սառեցված հակամարտություններ» սցենարը՝ գերիշխող աշխարհաքաղաքական պատումը, որով Ռուսաստանը գործիքավորում էր Հարավային Կովկասում եւ Մոլդովայում ժառանգած հակամարտությունները:

 

Առաջին անգամ (բացառությամբ Չեչնիայի հետ սեփական հակամարտության եւ 2004-ին Աջարիայում Ասլան Աբաշիձեի վարչակարգի դեպքում) Ռուսաստանը բռնեց «մայր պետության» կողմը եւ լքեց դրան մարտահրավեր նետած «դե ֆակտո պետությունը»:

 

Ռուսաստանի ղարաբաղյան քաղաքականությունը. խուսափել ընտրությունից

 

Ինչպես ասվում է կովկասյան կատակում, եթե Ռուսաստանը ստիպված լինի հայ-ադրբեջանական հակամարտությունում կողմ ընտրել, նա մշտապես «կընտրի հակամարտությունը»:

 

Ռուսաստանի ողջ քաղաքականությունը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում տասնամյակներ շարունակ հիմնված էր կողմերի միջեւ ընտրությունից խուսափելու վրա։ Ռուսաստանը բարդ դերեր էր կատարում՝ միջնորդ, դաշնակից, զենք մատակարարող, զսպող գործոն, փորձելով տարբեր եղանակներով պահպանել հակամարտությունը եւ, համապատասխանաբար, իր լծակները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա:

Լուսանկարը` Kremlin.ru

Այն, որ Ռուսաստանը հրաժարվեց այս «չլուծման» քաղաքականությունից, Եվրասիայում նրա առաջնահերթությունների փոփոխության կարեւոր ցուցիչ է։ Սա հատկապես զարմանալի է, քանի որ շատերի համար Ռուսաստանը 2020 թվականի Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի իրական «հաղթողն» էր։

 

2020-ին Ռուսաստանի միջնորդությամբ կնքվեց հրադադարը եւ մի քանի ժամվա ընթացքում ռուս խաղաղապահները ներխուժեցին Ղարաբաղ։ Կրեմլն իրեն դարձրեց եռակողմ հրադադարի համաձայնագրի համահեղինակ, ինչը նաեւ առանցքային դեր ապահովեց ռուսական անվտանգության գործակալություններին՝ որպես ապագա տարանցիկ երթուղիների պահապաններ:

 

Մինչդեռ Թուրքիան, որը կարեւոր դեր խաղաց 2020-ին Ադրբեջանի հաղթանակի ապահովման հարցում, հրադադարի մոնիտորինգի կենտրոնում հիմնականում խորհրդանշական, բայց աշխարհաքաղաքական տեսանկյունից նշանակալի ներկայություն ձեռք բերեց:

 

Արդյունքում ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես «տարածաշրջայնացում»: Այս գործընթացի շնորհիվ հակամարտությունը դուրս է մղվում բազմակողմ միջնորդական գործընթացից, որն առաջնորդվում է միջազգային իրավունքի սկզբունքներով, եւ դրա փոխարեն ընդգրկվում է հակամարտությունների կառավարման գործընթացում, որը միջնորդում են տարածաշրջանային տերությունները՝ ըստ իրենց շահերի:

 

Տարածաշրջանայնացումը բազմաբեւեռության հետեւանքն է, երբ նախկինում «գլոբալացված» տարածքը, որը ենթադրաբար կառավարվում էր միաբեւեռ կարգի նորմերով եւ սկզբունքներով, տարածաշրջանայնացվում է որպես «ազդեցության ոլորտ», «մոտ արտասահման» կամ մեծ տերությունների՝ այս դեպքում Ռուսաստանի, «ռազմավարական խորք»:

 

Չլուծման նվազող շահեկանությունը

 

Թեեւ Ռուսաստանի գլխավորած տարածաշրջանայնացումը սկզբում աննկուն էր թվում, այն ընդհատվեց Ուկրաինա Ռուսաստանի աղետալի ներխուժման հետ:

 

Պատերազմի հետեւանքով Ռուսաստանի համար կտրուկ բարձրացավ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների արժեքը։ Ադրբեջանի միջով Իրանի եւ Հարավային Ասիայի հետ հաղորդակցումը հանկարծ շատ ավելի մեծ նշանակություն ստացավ:

 

Մայիսին Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվեցին կառուցել երկաթուղի, որը թույլ կտա Ադրբեջանի տարածքով անխափան տարանցումը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով. նախագիծ, որը նախկինում անհավանական էր համարվում:

 

Ավելին, 2020-ի նոյեմբերի հրադադարի հայտարարությունը նախատեսում է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կվերահսկի Ադրբեջանն իր Նախիջեւան էքսկլավին եւ հետո Թուրքիային կապող տարանցիկ երթուղին։

Լուսանկարը` Kremlin.ru

Այս երթուղու վերահսկողությունը, որը Թուրքիան եւ Ադրբեջանը կոչում են «Զանգեզուրի միջանցք», ապահովում է Ռուսաստանի մասնակցությունը թուրք-ադրբեջանական հաղորդակցմանը: Ճակատագրի հեգնանքով, այն Ռուսաստանին շահագրգիռ կողմ է դարձնում «Միջին միջանցքում», որն առաջ է քաշվում որպես այլընտրանք Ռուսաստանի սեփական «Հյուսիսային երթուղուն», որն արեւմտյան պատժամիջոցների պատճառով անգործածական է:

 

Հակամարտության չլուծման նվազող շահեկանությունը վերջին ամիսներին արտացոլվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցմամբ։ Մարտին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հերքեց, որ Ռուսաստանը Ղարաբաղի հայերին անվտանգության երաշխիքներ է տվել:

 

Չնայած Լաչինի միջանցքով տեղաշարժը երաշխավորելու հրադադարի դրույթներում ստանձնած պարտավորությանը, Ռուսաստանը դեմ չեղավ ո՛չ քաղաքացիների շրջափակմանը, որը սկսվեց 2022 թվականի դեկտեմբերին, ո՛չ էլ ապրիլի 23-ին ադրբեջանական անցակետի տեղադրմանը:

 

Է՛լ ավելի զարմանալի է, որ հուլիսին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ռուս պաշտոնյաները բուռն հավանություն տվեցին Ղարաբաղի հայերի վերաինտեգրման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը: Սա ապշեցուցիչ շրջադարձ էր, եթե հաշվի առնենք նախկին խորհրդային երկրում որեւէ այլ հակամարտության առնչությամբ Ռուսաստանի կողմից հայտարարություն անելու հնարավորությունը:

 

Հովանավորից մինչեւ գործընկեր ոչ ազատական կարգում

 

Երեք տարվա ընթացքում Ռուսաստանի դիրքը տարածաշրջանային հեգեմոնից եւ հակամարտությունների չլուծման հովանավորից դարձավ ադրբեջանա-թուրքական հաղորդակցման մասնակից եւ շահագրգիռ կողմ: Սա Ռուսաստանի անկման եւ տարածաշրջանային ուժերի վերադասավորումների դրամատիկ պատկերն է:

 

Այնուամենայնիվ, սա կարծես կառավարվող անկում է: Կոնկրետ այս դեպքում Ռուսաստանը հրաժարվել է ծանոթ քաղաքականությունից, երբ «սառեցված հակամարտությունը» ծառայում է որպես սեպ արեւմտամետ զարգացման եւ լիբերալ քաղաքական կարգի դեմ, եւ անցել է «բաժնետոմսերի ավելացման» նոր քաղաքականության այլընտրանքային տարածաշրջանային կարգում, որտեղ գերիշխում են նույնատիպ ոչ ազատական պետությունները:

Լուսանկարը` Kremlin.ru

Ըստ այս հաշվարկի, Հայաստանի վերջերս արված արեւմտամետ քայլերի ազդեցությունը, հավանաբար, չափազանցված է: Ղարաբաղի կորուստը նշանակում է Հայաստանի նկատմամբ ռուսական լծակների երկարաժամկետ կորուստ։ Բայց Հայաստանի կառուցվածքային կախվածությունը Ռուսաստանից տնտեսության ռազմավարական ոլորտներում դեռ այնքան մեծ է, որ այն առայժմ չի կարող խուսափել Ռուսաստանի աշխարհաքաղաքական կարգի մեջ ներքաշվելուց:

 

Այնուամենայնիվ, բաց հարց է մնում, թե ինչ ձեւաչափով վերականգնվում հաղորդակցությունը Հարավային Կովկասում։ 2020 թվականի եռակողմ հրադադարի հայտարարությունը, որի վրա հիմնված են հաղորդակցության ընթացիկ ծրագրերը, մեռած է։ Անհրաժեշտ է նոր ձեւաչափ, որը կամրապնդի միջազգային վստահությունը վերականգնված հաղորդակցության անվտանգության նկատմամբ։

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին