Արեւմուտքի թուլությունը Ադրբեջանի հարցում քաջալերում է աշխարհի բռնակալներին - Mediamax.am

1410 դիտում

Արեւմուտքի թուլությունը Ադրբեջանի հարցում քաջալերում է աշխարհի բռնակալներին


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք The Telegraph թերթում հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը։

 

Մարկ Ալմոնդ

 

Չցանկանալով կամ չկարողանալով հրաժարվել ադրբեջանական գազից բարոյական հիմունքով՝ Եվրոպան եւ Ամերիկան սարսափելի ուղերձ են հղում

 

Պուտինի դաժան պատերազմը Ուկրաինայում հստակեցրեց Արեւմուտքի բարոյական դիրքը: Բայց հեռավոր Կովկասում ադրբեջանցիների ու հայերի միջեւ բռնության հանկարծակի աճը ողբերգականորեն բարդ հակամարտություն է թվում:

 

1980-ականների վերջից Ղարաբաղի լեռնային շրջանում քրիստոնյա հայերի եւ մահմեդական ադրբեջանցիների միջեւ պարբերաբար բախումներ են տեղի ունեցել: Սակայն 2020 թվականին նավթով հարուստ Ադրբեջանն օգտագործեց իր ռեսուրսները՝ ֆինանսավորելու լավ զինված բանակ, որը մարտական գործողությունների ժամանակ անօդաչու թռչող սարքեր օգտագործեց եւ ռազմական հավասարակշռությունը վճռականորեն փոխեց իր օգտին: 2023 թվականի սեպտեմբերի 19-ի առավոտյան Ադրբեջանը որոշեց վերջ տալ տարածաշրջանի հայերի ինքնակառավարման հավակնությանը:

 

Ադրբեջանցիներն ու հայերը կռվում են մեծ ուժերի եւ էներգետիկ քաղաքականության խաչմերուկում։ Ադրբեջանը էներգիայի այլընտրանքային մատակարար է Արեւմտյան Եվրոպայի համար, որը կոնֆլիկտի մեջ է Ռուսաստանի հետ: Բայց արդյո՞ք Բրյուսելը պետք է աչք փակի այս նոր պատերազմի թե՛ մարդասիրական, թե՛ աշխարհաքաղաքական հետեւանքների վրա։

 

Արեւմուտքի ուշադրությունը միգուցե լիովին գրավել է Ուկրաինայի պատերազմը, սակայն Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան հետաքրքրված են պայքարելու այնտեղ, որտեղ իրենց շահերը համընկնում են կամ ավելի շուտ բախվում: Քչերն են պատահականություն համարում այն, որ Պուտինի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հենց այնպես ժամանեց Թեհրան, երբ սկսվեց ադրբեջանական հարձակումը Ղարաբաղի դեմ:

Լուսանկարը` REUTERS

Թեեւ Ռուսաստանը անվանապես Հայաստանի դաշնակիցն է, նա զբաղված է Ուկրաինայով, իսկ վերջին շաբաթներին Հայաստանի կառավարությունը նյարդայնացրել է Կրեմլին՝ հայտարարելով, որ միանալու է Հաագայի միջազգային տրիբունալին, որը մեղադրանք է առաջադրել Վլադիմիր Պուտինին: Հայաստանը հենց նոր ավարտեց փոքր զորավարժություն ԱՄՆ բանակի հետ, ինչը նույնպես մեծ թշնամանք առաջացրեց Մոսկվայում:

 

Բայց նույնիսկ եթե Ռուսաստանը սառել է Հայաստանի նկատմամբ, նրա հարեւանը` Իրանը, ավելի ու ավելի կենտրոնական է դառնում Պուտինի պատերազմում: Հայկական բիզնեսները Ռուսաստանի համար ծառայել են պատժամիջոցները շրջանցելու քողարկված միջոցներ, սակայն Կրեմլին անօդաչու թռչող սարքերի եւ այլ ռազմական մատակարարումների տրամադրման տեսանկյունից Իրանը շատ ավելի կարեւոր գործընկեր է դառնում:

 

Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս որպես Ռուսաստանի տնտեսական դաշնակից, քանի որ փաստացիորեն «լվանում» է ռուսական էներգակիրների արտահանումը, սակայն ռեժիմը ինքնավստահորեն խաղում է ՆԱՏՕ-Ռուսաստան պառակտման երկու կողմերում՝ ճիշտ այնպես, ինչպես իր մեծ թուրք եղբայրը՝ Անկարայում: Մինչդեռ Իրանը ենթարկվող Հայաստանին տեսնում է որպես դաշնակից իր դաժան տարածաշրջանային մրցակցի՝ Ադրբեջանի դեմ, որը բացահայտորեն նավթ է վաճառում այաթոլլահների աչքի փուշ Իսրայելին, վերջինս էլ իր հերթին՝ անօդաչու թռչող սարքեր եւ այլ սպառազինում՝ Բաքվին:

Լուսանկարը` REUTERS

Ճակատագրի հեգնանքով եւ՛ հայերը, եւ՛ իսրայելցիները ապրում են՝ չմոռանալով քսաներորդ դարում վերապրած ցեղասպանությունները: Հայերը համարում են Իրանը դե ֆակտո դաշնակից, մինչդեռ իսրայելցիները՝ մահացու սպառնալիք: Վերջին սերնդի տարբեր ժամանակներում պատերազմի հիմնական զոհերը հասարակ ադրբեջանցիներն ու հայերն են եղել։ Այսօր Ղարաբաղի անկլավի հայերին սպառնում է էթնիկ զտում՝ եթե բախտները բերի, եթե ոչ՝ ոչնչացում։

 

Սակայն տարածաշրջանի մեծ տերությունները մանեւրում են առավելություն ստանալու համար՝ անկախ տեղի ունեցող մարդասիրական աղետից: Այս ճգնաժամը տեղական կրոնական վեճ չէ: Պիղծ դաշինքներն ու կեղտոտ գործարքները, որոնք կարձագանքեն Կովկասի սահմաններից շատ ավելի հեռու, ավելի լայն պատերազմով են սպառնում:

 

Իրանի Հեղափոխական գվարդիան թշնամաբար է տրամադրված Ադրբեջանի օգտին տարածաշրջանային ազդեցության փոփոխության նկատմամբ: Բայց Իրանի միջամտությունը Հայաստանի օգտին կարող է հանգեցնել Թուրքիայի հետ հակամարտության, քանի որ նախագահ Էրդողանը շեշտում է պանթուրքական համերաշխությունը «եղբայրական ազգի»՝ Ադրբեջանի հետ:

 

ԵՄ-ը խաղաղության կոչ է արել, սակայն Հանձնաժողովը հայտնվել է անհարմար վիճակում: Ուրսուլա ֆոն դեր Լայենի արտաքին քաղաքականության ամենամեծ հաջողությունը Բաքվում Ալիեւի ռեժիմի հետ գազային համաձայնագրի շուրջ բանակցությունն էր, որը պետք է օգներ դադարեցնել իր հայրենի Գերմանիայի կախվածությունը ռուսական գազից: Արեւմուտք ուղարկվող «ադրբեջանական» գազի մեծ մասը, ըստ երեւույթին վերափաթեթավորված ռուսական գազ է, որը Բաքուն հավելագնով վերավաճառվում է, ի սկզբանե արատավորել է ֆոն դեր Լայենի դիվանագիտական հեղաշրջումը: Այժմ այն կրկնակի արյան մեջ է թաթախված:

Լուսանկարը` REUTERS

Բայց որպես գերմանացի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահը կանգնած է մեկ այլ երկընտրանքի առաջ. նա պետք է խիստ դիրքորոշում ընդունի Ադրբեջանի կողմից Ղարաբաղը խեղդելու հարցում: Նրա երկրում միլիոնավոր թուրքեր են ապրում, իսկ թուրքերի մեծ մասը բնազդաբար ադրբեջանամետ եւ հակահայ է: Ֆրաու ֆոն դեր Լայենը զգույշ կլինի, որ չթշնամացնի այս խումբը:

 

Ֆրանսիան, սակայն, ունի խիստ հայամետ ավանդույթներ եւ մշակութային նշանակություն ունեցող հայկական համայնք: Նախագահ Մակրոնը բազմաթիվ առիթներով վիճաբանել է Էրդողանի հետ: Հայկական Ղարաբաղը խեղդելուն օգնելը պարզապես լրացնի այդ ցանկը։

 

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան բոլորի համար պարզ էր, սակայն ադրբեջանա-հայկական հակամարտությունը պառակտում է Արեւմուտքի կարծիքը։ Տարածաշրջանի մաքիավելյան առաջնորդները ռեսուրսների, ինչպես նաեւ տարածքների նկատմամբ գերիշխանության համար դաժան մրցակցության մեջ են: Անվճռականությունը ոչնչացման եզրին կանգնած հնագույն համայնքի ճակատագրի հարցում Պուտինին ազդանշան է տալիս, որ Արեւմուտքի աջակցությունը Ուկրաինային կարող է թուլանալ:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին