«ԵՄ-ը պետք է ուժ ցուցաբերի եւ լրացնի Կովկասում առաջացած վակուումը» - Mediamax.am

872 դիտում

«ԵՄ-ը պետք է ուժ ցուցաբերի եւ լրացնի Կովկասում առաջացած վակուումը»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի (ԿԱՀ) «Հարավային Կովկասի քաղաքական երկխոսություն» տարածաշրջանային ծրագրի ղեկավար

Շտեֆան Մալերիուսի Russlands Schwäche könnte die Chance sein – doch die EU zögert հոդվածի հայերեն թարգմանությունը

 

Շտեֆան Մալերիուս

 

Շուրջ 120.000 հայերին տեղահանություն կամ սովամահություն է սպառնում։ ԵՄ միջամտությունը խիստ անհրաժեշտ է, բայց արդյո՞ք դրա համար քաղաքական կամք կա։

 

Երբ ապրիլի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ-ում երկար բանակցային փուլի ժամանակ, դրան հաջորդած մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խանդավառված հայտարարեց, որ խաղաղության համաձայնագիրը երկու ժողովուրդների միջեւ, որոնք տասնամյակներ շարունակ թշնամիներ էին, «սարերի հետեւում չէ»:

 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

 

Մարաթոնում ամենադժվարը, ինչպես  գիտենք, միշտ վերջին կիլոմետրն է։

 

Այս զգուշավոր լավատեսությունն այժմ գոլորշիացել է. թվում է, թե վազորդները «վերադարձել են սկզբնակետին»: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի քանի անգամ հանդիպել են Բրյուսելում: Հունիսի սկզբին Քիշնեւում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման ժամանակ կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անձամբ խրախուսեցին նրանց եվրոպական աջակցությամբ հատել վերջնագիծը:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

 

Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում ամենամեծ խոչընդոտներից են ռազմագերիների փոխանակումը, սահմանազատումը եւ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: Սակայն խոսքն ըստ էության գնում է մոտ 120.000 հայերի ապագայի մասին, որոնք դեռեւս ապրում են Լեռնային Ղարաբաղում՝ գրեթե բացառապես հայերով բնակեցված տարածաշրջանում, որը, ըստ միջազգային իրավունքի, պատկանում է Ադրբեջանին։ Եվ այժմ նրանք կանգնած են տեղահանվելու կամ սովամահ լինելու մեծ վտանգի առաջ:

 

Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը ներկայիս էսկալացիայի մեկնարկային կետն է

 

Այժմյան էսկալացիայի մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմն էր, որի արդյունքում Ադրբեջանին հաջողվեց վերահսկողության տակ առնել հայկական կողմից օկուպացված յոթ բուֆերային գոտիներն ու բուն Լեռնային Ղարաբաղի մեկ երրորդը։ Պատերազմն ավարտվեց 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի կողմից միջնորդված հրադադարի համաձայնագրով։ Դրա հիմնական կետը մոտ 2000-հոգանոց ռուսական «խաղաղապահ ուժի» տեղակայումն էր, որը պետք է ապահովեր հրադադարի պահպանումը, գերիների փոխանակումը եւ, առաջին հերթին, անխոչընդոտ մուտքը Հայաստանի Հանրապետությանից Լեռնային Ղարաբաղի այն հատված, որը դեռեւս վերահսկվում է հայերի կողմից՝ միակ կապող ճանապարհով՝ այսպես կոչված Լաչինի միջանցքով։ Ռուս զինվորներն այդ պարտավորությունները չեն կատարում։

 

Օգտվելով Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի ակնհայտ քաղաքական եւ ռազմական թուլացումից՝ Ադրբեջանը նախ 2022-ի դեկտեմբերին պաշտոնական Բաքվի հանձնարարականով գործող բնապահպան ակտիվիստների օգնությամբ արգելափակեց միջանցքի մի մասը, ապա 2023-ի ապրիլին միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրեց։ Այդ պահին դեռ հնարավոր էր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը կենսական ապրանքներ մատակարարել Կարմիր խաչի կամ (սարսափելի մեծ հավելավճարի դիմաց) ռուսական զորքերի միջոցով, սակայն հուլիսին Ադրբեջանը փակեց նաեւ այդ ճանապարհը:

 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

 

Լաչինի միջանցքի լիակատար շրջափակումն այժմ հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մատակարարման սուր ճգնաժամի։ Ամենից առաջ զգացվում է մանկական սննդի, դեղորայքի եւ հիգիենայի միջոցների պակասը, բենզինի եւ գազի պաշարներ չկան կամ քիչ են, արդեն հաղորդվում է սովամահության առաջին դեպքերի մասին։ Մինչդեռ Ադրբեջանն առաջարկում է մատակարարում հասցնել իր տարածքից՝ Աղդամի ճանապարհով, որը Լեռնային Ղարաբաղի արեւելքում է եւ Ադրբեջանի վերահսկողության տակ է: Տարածաշրջանի հայերը մերժում են այդ առաջարկը՝ այն համարելով «թունավոր»:

 

Մատակարարման ուղիների մասին վեճն արտացոլում է հակամարտության ծագումը

 

Մատակարարման ուղիների շուրջ վեճն արտացոլում է հակամարտության բուն պատճառը, որը հատկապես սաստկացավ 1990-ականների սկզբին՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ: Ադրբեջանի տեսանկյունից Լաչինի միջանցքը խորհրդանշում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որտեղ հայերը տասնամյակներ շարունակ ապրել են ընտրված վարչական կառույցներով (ներառյալ ոստիկանությունն ու դատական համակարգը): Ամբողջությամբ կրկին Ադրբեջանի մաս դառնալու համար այս տարածաշրջանը պետք է փակ մնա։

 

Լեռնային Ղարաբաղի հայերի համար Աղդամից մատակարարումը նշանակում է հրաժարվել ինքնորոշումից ու ենթարկվել Ալիեւի ռեժիմին, ինչը նրանք կտրականապես մերժում են: Այս անհամատեղելիության մեջ կա նաեւ համակարգային կոնֆլիկտ. 2020 թվականին պատերազմով տարածաշրջանում իրավիճակը փոխելուց հետո ավտորիտար Ադրբեջանը այժմ ցանկանում է բռնի կերպով լիովին հաստատել տարածքային ամբողջականության իր ճանաչված իրավունքը։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար, որոնք սովոր էին իրենց համայնքի հիմնականում ժողովրդավարական սահմանադրությանը, աներեւակայելի է ապրել այնպիսի կենտրոնացված եւ ծայրահեղ ռեպրեսիվ երկրում, ինչպիսին Ադրբեջանն է Ալիեւի օրոք:

 

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը համակարգային կոնֆլիկտ է նաեւ այն պատճառով, որ ավտորիտար կողմը (ինչպես Ռուսաստանը Ուկրաինայում) փորձում է բիրտ ուժ կիրառել՝ միայն իր համար ընդունելի լուծում գտնելու համար: Բայց Հարավային Կովկասում, ի տարբերություն Ուկրաինայի, դեռ հնարավոր է կանխել նոր ռազմական էսկալացիան եւ համատարած հումանիտար աղետը։

 

Շատ բան կախված է Եվրոպայից: Լաչինի միջանցքը բացելու կոչերն ակնհայտորեն ուղղված են Ալիեւին եւ դրանք բավարար չեն։

 

ԵՄ-ը պետք է ուժ ցուցաբերի

 

ԵՄ-ն պետք է (եւ կարող է) հասկացնել Բաքվի կառավարությանը, որ չի ընդունում իրավիճակի հերթական բռնի փոփոխությունը տարածաշրջանում կամ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները, եւ պատրաստ է նաեւ կասկածի տակ դնել Ադրբեջանի հետ տնտեսական համաձայնագրերը: Բայց այս պահին, թվում է, դա անելու քաղաքական կամքի պակաս կա։

 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

 

Բրյուսելը, կարծես, հասկացել է, որ Ռուսաստանի դերը, որն ավելի քան 30 տարի հրահրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը եւ ակտիվորեն խարխլել այն լուծելու յուրաքանչյուր փորձ, այլեւս թուլացել է: Ռուս «խաղաղապահների» մանդատը լրանում է 2025 թվականին: Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել այն, իսկ Հայաստանն այժմ լիովին գիտակցել է, որ չի կարող Ռուսաստանից աջակցություն կամ պաշտպանություն ակնկալել։

 

Սա հնարավորություն է միասնաբար ձերբազատվելու տարածաշրջանում տասնամյակներ շարունակ գերիշխող կործանարար ազդեցությունից: Եվրոպան այժմ պետք է ցույց տա, որ քաղաքականապես պատրաստ է լրացնելու առաջացած վակուումը որպես նոր, կառուցողական եւ կարգավորող ուժ:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին