Ներկայացնում ենք Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի Armenia, Azerbaijan on the brink – again հոդվածի հայերեն թարգմանությունը:
2020 թվականի Ղարաբաղյան պատերազմն ավարտվեց Ադրբեջանի բացահայտ հաղթանակով, սակայն այն վերջ չդրեց հակամարտությանը։ Բաքուն զգուշացնում է, որ Ղարաբաղի հայերը պետք է հաշտվեն Ադրբեջանի պետական համակարգին լիարժեք ինտեգրվելու հետ, եւ նրանց համար որեւէ տարածքային ինքնավարության մասին խոսք լինել չի կարող։ Նման խիստ պահանջները գրեթե տեղ չեն թողնում փոխզիջումների համար եւ խոչընդոտում են դիվանագիտական լուծումների որոնումը, որում այժմ ներգրավված են ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ Ռուսաստանը։ Նոր պատերազմի սպառնալիքը մնում է իրական։
Մեկուսացված Ղարաբաղը
Ադրբեջանական իշխանությունների կողմից աշխարհից գրեթե մեկուսացված Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է սրվում։ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ արյունալի հակամարտության ընթացքում Բաքվից առանձնացված տարածքը վերջնականապես գրավելու նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել՝ այնտեղ գտնվող հայերը պետք է հանձնվեն՝ ենթարկվելով Բաքվի կողմից առաջադրված բոլոր պահանջներին։
Ուկրաինա ռուսական ներխուժման ստվերում մնալով, Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները հազվադեպ են տեղ գտնում միջազգային լրահոսում: Սակայն նրանք ավելի մեծ ուշադրության են արժանի ոչ միայն հումանիտար նկատառումներով, այլեւ Ղարաբաղում նոր պատերազմի սպառնալիքի պատճառով, որը կլինի երրորդը վերջին երեսուն տարվա ընթացքում: Եվ դա չնայած նրան, որ տարածաշրջանի շուրջ դիվանագիտական ակտիվությունն աննախադեպ ծավալներ է ձեռք բերել. Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումները հաջորդում են մեկը մյուսին Բրյուսելում, Վաշինգտոնում եւ Մոսկվայում։
Հայ-ադրբեջանական դիմակայության ընթացքը միշտ որոշվել է ոչ այնքան դիվանագիտական նախաձեռնություններով, որքան ուժային ու էթնիկ զտումներով (դրանք իրականացվել են երկուստեք)։ Լեռնային Ղարաբաղի համար առաջին պատերազմը բռնկվել էր ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին։ Այն ավարտվեց հայերի հաղթանակով եւ ադրբեջանցիների զանգվածային վտարմամբ նվաճված տարածքներից։ 2020 թվականին Ադրբեջանը հետ նվաճեց նախորդ հակամարտությունում կորցրած գրեթե ամեն ինչ։ Այդուհանդերձ, ղարաբաղցի հայերի մեծ մասը մնաց հայրենիքում. հետաձգումը ապահովվեց տարածաշրջանում ռուս խաղաղապահների փոքրաթիվ կոնտինգենտի տեղակայմամբ։
Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը փաստացի պաշարման ենթարկեց ղարաբաղցի հայերին՝ փակելով Լաչինի միջանցքը՝ միակ երթուղին, որով Լեռնային Ղարաբաղ ապրանքներ եւ էլեկտրաէներգիա էր մատակարարվում Հայաստանից։ Երեւանի տվյալներով՝ արգելափակված Ղարաբաղում մնում է 120 հազար հայ։ Իրականում նրանք երեւի ավելի քիչ են, սակայն ճշգրիտ հաշվարկելը դժվար է։
Ղարաբաղում շատ քչերն ունեն Հայաստան մեկնելու եւ այնտեղից վերադառնալու հնարավորություն. Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն փորձում է լուրջ հիվանդություններ ունեցող մարդկանց դուրս հանել եւ ուղարկել բուժման։ Սակայն նույնիսկ այս ուղեւորությունները պարբերաբար ընդհատվում են։ Դադարեցվել է նաեւ ռուս խաղաղապահներից ապրանքներ գնելու տարբերակը (բնականաբար, չափազանց բարձր գներով), որոնք օգտվում էին ղարաբաղցի հայերի անելանելի վիճակից։ Ղարաբաղում պարենային պաշարները սպառվում են, խանութների դարակները՝ դատարկվում։
Թելադրանքի կարգով
Միջազգային միջնորդները փորձում են ազդել իրավիճակի վրա։ Բրյուսելում բանակցությունների հուլիսյան փուլից հետո Բաքվի եւ Երեւանի միջեւ գլխավոր միջնորդ, Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը կրկին կոչ էր արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Միեւնույն ժամանակ, նա պաշտպանել էր Բաքվի՝ մոտակա ադրբեջանական Աղդամ քաղաքից դեպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհ բացելու գաղափարը:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պարզաբանել էր, որ ադրբեջանական առաջարկը, որը դեռ գործնականում չի իրականացվել, պետք է լրացնի, ոչ թե փոխարինի Հայաստանից մատակարարումները։ ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները նույնպես Լաչինի միջանցքը ապաշրջափակելու կոչ էին արել։
Սակայն Իլհամ Ալիեւը վստահ է, որ իրավունք ունի թելադրել իր պայմանները։ 2020 թվականի ռազմական հաղթանակից հետո Ադրբեջանի նախագահը պատրաստ է օգտագործել եւ՛ դիվանագիտությունը, եւ՛ բանակը՝ հայերի հետ հարաբերություններում իր ուզածին հասնելու համար։ Ալիևը վստահ էր իր ուժերի մեջ դեռեւս ուկրաինական պատերազմի սկսվելուց առաջ, սակայն այժմ նա ստացել է լրացուցիչ հաղթաթուղթ. Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան Հարավային Կովկասից շեղեց եւ՛ Մոսկվային, եւ՛ Արեւմուտքին, ինչպես նաեւ ամրապնդեց միջազգային հանրության համոզմունքը, որ տարածքային ամբողջականության սկզբունքն ավելի կարեւոր է, քան անջատողական փոքրամասնության շահերը։ Անգամ Հայաստանը հրաժարվեց Ղարաբաղը Ադրբեջանից ֆորմալ անջատելու պահանջից։
Ալիեւի ինքնավստահությունն ակնհայտ է նաեւ միակուսակցական ավտոկրատիայի վերածված Ադրբեջանի ներսում։ Վերջին վառ օրինակն էր Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հրավիրված փորձագետ Գուբադ Իբադօղլուի ձերբակալությունը Բաքվում: Աշխարհահռչակ գիտնականը բացահայտորեն քննադատում էր Ադրբեջանի կառավարությանը եւ հուլիսին ձերբակալվեց ակնհայտ շինծու մեղադրանքով: Իսկ երեք փոքր ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը, որոնք նախկինում էլ հազիվ էին գոյատևում, այժմ լրիվ արգելքի ապառնալիքի ներքո են։
Ինչ վերաբերում է տարածքային հարցին, Ալիեւը հստակ ազդակ է ուղարկում Ղարաբաղի հայությանը. նրանք պետք է հաշտվեն Ադրբեջանի պետական համակարգին լիարժեք ինտեգրվելու հետ։ Տարածքային ինքնավարությունը չի քննարկվում, հայերը պետք է դառնան սովորական ադրբեջանցի քաղաքացիներ (գուցե ինչ-որ հատուկ, դեռեւս չսահմանված իրավունքներով մշակույթի եւ կրթության ոլորտում)։ Եթե նրանք ազատ արձակեն Ղարաբաղի խորհրդարանը եւ այլ ինքնակառավարման կառույցները, նրանց կարող են համաներում առաջարկել։ Սակայն ոչ հիմա։ Հուլիսի 29-ի տեղի ունեցավ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ցուցադրական կալանավորումը, ում Կարմիր Խաչը փորձել էր բժշկական նկատառումներով տարհանել Ղարաբաղից։ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են 1990-ականների սկզբին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։
Նոր պատերազմի սպառնալիքը մնում է օդում կախված։ Ադրբեջանցի մեկնաբանները բացահայտ ասում են, որ «անջատողականներին զինաթափելու ռազմական գործողություն իրականացնելը ժամանակի հարց է»։ Խոսքը Ղարաբաղում դեռ մնացած հայկական զինված խմբավորումների «ապառազմականացման» մասին է։ Հայերի եւ ադրբեջանցիների աշխարհի սեւ-սպիտակ պատկերում նրանք հանդես են գալիս կամ որպես «ինքնապաշտպանական բանակ», որը պաշտպանում է Ղարաբաղի բնակիչներին ադրբեջանցիների կողմից ոչնչացվելուց, կամ որպես հայկական «անօրինական զինված կազմավորումներ», որոնք սպառնում են Ադրբեջանի անվտանգությանը։
Այս ստորաբաժանումներում ծառայում է մոտ 5000 մարդ։ Նրանք, անկասկած, ունեն ծանր զինատեսակներ: Ադրբեջանական նոր գործողության դեպքում մարտիկները, անշուշտ, կմտնեն ճակատամարտի մեջ, որը իրենց համար ինքնասպանություն կլինի։ Երեւանում այս սցենարը համեմատում են հռոմեացիների կողմից հրեական Մասադա ամրոցի հայտնի պաշարման հետ։ Հիշեցնենք, որ մեր թվարկության 72 թվականին բերդի պաշտպանները, գիտակցելով իրենց վիճակի անհուսալիությունը, նախընտրեցին զանգվածային ինքնասպանություն գործել եւ հրկիզել բոլոր շենքերը, բայց չհանձնվել: Բանակցություններում ղարաբաղյան ջոկատների խաղաղ զինաթափման եւ մարտիկների զորացրման հարցը դեռ պատշաճ կերպով չի քննարկվել։
Միջնորդների մրցակցությունը
Իրավիճակի պարադոքսն այն է, որ Ղարաբաղի շուրջ լարվածությունն աճում է՝ չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ակտիվ դիվանագիտական շփումներին։ Նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել Եվրամիությունը՝ Շառլ Միշելն արդեն անցկացրել է Փաշինյան-Ալիեւ բանակցությունների վեց փուլ։ Եթե հաշվի չառնենք Ղարաբաղին առնչվող հարցերը, ապա այսօր հայ-ադրբեջանական համաձայնությունն ավելի մոտ է, քան երբեւէ։ Խոսքը, մասնավորապես, ինքնիշխանության փոխադարձ ճանաչման, սահմանագծման, Նախիջեւանի եւ Ադրբեջանի մնացած տարածքների միջեւ ճանապարհային եւ երկաթուղային հաղորդակցության պայմանների եւ այլնի մասին է։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
ԱՄՆ-ն նույնպես միացել է բանակցային գործընթացին։ Մայիսին, օրինակ, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մի քանի օր անցկացրել էին Վաշինգտոնում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հովանու ներքո քննարկելով «խաղաղության պայմանագրի» պայմանները։ Կամ, ավելի ճիշտ, երկկողմ պայմանագրի, որը պետք է կարգավորի 1991 թվականի անկախությունից ի վեր պատերազմող երկու երկրների միջեւ հարաբերությունները։
Ռուսաստանը նույնպես չի ցանկանում հրաժարվել այս հակամարտությունում միջնորդի իր ավանդական դերից։ Եվ նման մրցակցային դիվանագիտությունը զգալիորեն բարդացնում է իրավիճակը։
Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը զարմանալիորեն պասիվ էր Ղարաբաղում եւ նրա խաղաղապահ ուժերը որեւէ կերպ չէին միջամտում իրադարձությունների ընթացքին։ Դա կտրուկ հակասում է 2020 թվականի պատերազմից հետո Պուտինի կողմից արված հայտարարություններին։ Նա, մասնավորապես, պնդում էր, որ հակամարտության ժամանակ հայրենիքը թողած ղարաբաղցի հայերը կարող են վերադառնալ իրենց տները, քանի որ գտնվելու են Ռուսաստանի պաշտպանության ներքո։ Թվում էր, որ Մոսկվան մտադիր է ռազմաբազա ստեղծել Ղարաբաղում։
Հիմա դրա մասին խոսք չի գնում։ Բացատրությունները կարող են տարբեր լինել. Ռուսաստանը կա՛մ խրվել է Ուկրաինայում եւ իր բոլոր ուժերը կենտրոնացրել այս ուղղությամբ, կա՛մ գաղտնի պայմանագրեր է կնքել Բաքվի հետ, որոնք կարող են վերաբերել ոչ թե Ղարաբաղին, այլ որոշ այլ հարցերի։
Սակայն այս ամենը չի խանգարում Ռուսաստանին հավակնել Ղարաբաղում գլխավոր դատավորի դերին։ Հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Դա ամերիկյան բանակցությունների ճշգրիտ պատճենն էր՝ նույն ձեւաչափը, նույն օրակարգը, նույն ամփոփիչ փաստաթուղթը։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը պետք է ստորագրվի իրենց տարածքում։ Իսկ դա կարող է վտանգել համաձայնության հասնելու Արեւմուտքի ջանքերը:
Տաբուներ խախտողը
Երկկողմ բանակցություններում միանշանակ առաջընթաց կա՝ մեծապես Փաշինյանի խիզախ դիրքի շնորհիվ։ «Մենք կոտրել ենք բոլոր տաբուները», - հունիսին ինձ ասաց մի հայ պաշտոնյա: Վերցնենք, օրինակ, այն, որ Փաշինյանը լիազորել էր իր ներկայացուցիչներին բանակցել Հայաստանի երկու պատմական հակառակորդների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Չնայած Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Հայաստանի վարչապետն անձամբ մասնակցեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը։ Տեսականորեն Հայաստանն այս տարի կարող է կարգավորել հարաբերությունները թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ։
Սակայն կարեւոր է ոչ միայն համաձայնագրի պատրաստումը, այլեւ նրա իրականացմանը հասնելը։ Ըստ Ուփսալայի համալսարանի (Շվեդիա) հաշվարկների, խաղաղության համաձայնագրերի կեսը դադարում է իրագործվել ստորագրումից հետո հինգ տարվա ընթացքում։ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կնքված «խաղաղության պայմանագիրը» կարող է ավելացնել ձախողումների վիճակագրությունը։ Նուրբ կետերից մեկը հենց Ղարաբաղի խնդիրն է, որն երկու երկրների միջեւ առնվազն 20-րդ դարի սկզբից վեճի հիմնական պատճառն էր եղել եւ կանխորոշել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պատմությունը։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Փաշինյանն արդեն իսկ խախտել է ամենակարեւոր տաբուն՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այսպիսով, նա հրաժարվել է Ղարաբաղի նկատմամբ Երեւանի հավակնություններից։ Սակայն, չնայած այս զիջման, Հայաստանի ոչ մի ղեկավար չի ստորագրի այնպիսի խաղաղության պայմանագիր, որը կարող է ընկալվել որպես դավաճանություն Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Ըստ Հայաստանի իշխանությունների՝ այժմ խոսքն արդեն ոչ թե ինքնիշխանության, այլ Ղարաբաղի հայերի «իրավունքների ու անվտանգության» ու միջազգային երաշխիքների մասին է։ Հայ պաշտոնյաներից մեկն ինձ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ եթե Ադրբեջանը նման պարտավորություններ չվերցնի, ապա «խաղաղ պայմանագիրը կարող է վերածվել պատերազմի պայմանագրի»։
Սակայն ադրբեջանցի պաշտոնյան ինձ ասել է, որ Բաքուն հակված չէ փոխզիջման. «Ուժերի հավասարակշռությունը փոխվել է, հայերը պետք է հասկանան դա»։ Ալիեւն ակնհայտորեն տրամադրված չէ լայն ժեստեր անելուն։ Նրա տեսանկյունից Ադրբեջանը եւ անձամբ ինքը, տասնամյակներ շարունակ նվաստացված էին հայերի կողմից։ Ի վերջո, նրանք ոչ միայն հաղթեցին 1990-ականների սկզբի պատերազմում, այլեւ ամբողջությամբ կամ մասնակիորեն գրավեցին Ղարաբաղին հարակից Ադրբեջանի յոթ այլ շրջաններ։ Ավելի քան կես միլիոն ադրբեջանցիներ ստիպված էին փախչել այս շրջաններից։
Ադրբեջանցիների կոշտ դիրքորոշումը պայմանավորված է ոչ միայն քարոզչությամբ։ Երբ 2020-2021 թվականներին Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունը 1990-ականներին կորցրած տարածքների զգալի մասի նկատմամբ, ակնհայտ դարձավ, որ հայերը համակարգային կերպով ավերել են բոլոր քաղաքներն ու գյուղերը՝ դրանք կյանքի համար անպիտան դարձնելով։ Հարյուր հազարավոր ադրբեջանցիների «մեծ վերադարձն» ընթանում է շատ ավելի դանդաղ, քան սպասվում էր՝ պահանջվում են ընդարձակ վերականգնողական եւ ականազերծման աշխատանքներ: Ուստի ադրբեջանցիները Ղարաբաղի հայերի նկատմամբ կարեկցանք չեն զգում։
«Նրանք բոլորին պատանդ են պահում»,- այսպես է խոսում ղարաբաղցի հայերի մասին ադրբեջանցի զրուցակիցս։ Բաքվում կարծում են, որ նրանք դեռեւս ձգտում են անջատվել Ադրբեջանից եւ նրանց հարկավոր է դաս տալ: Ուժը, ինչպես վստահ է ադրբեջանական կողմը, վճռորոշ դեր ունի այս վեճում, եւ այժմ անհրաժեշտ է օգտագործել առկա առավելությունը։
Շտապելու տեղ կա
Երկար տարիներ Ղարաբաղի ղեկավարները նույնպես կոշտ դիրքորոշման կողմնակից էին։ Նրանք մերժում էին շատ ավելի լավ տարբերակներ, քան այն, ինչ իրենց առաջարկում են այսօր: Հենվելով Հայաստանի եւ հայկական սփյուռքի ազդեցիկ գործիչների աջակցության վրա՝ նրանք միջազգային ճանաչման էին ձգտում՝ «Արցախ» հին հայկական անվան տակ։ Այս տարբերակը, ըստ էության, բացառում էր այնտեղ ադրբեջանական ներկայության ցանկացած հնարավորություն։
1990-ականներին Հայաստանը շահեկան դիրքում էր, եւ փոխզիջման այն ժամանակ քչերն էին ձգտում: Նրանցից մեկը գիտնական եւ դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանն էր, ով նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից 1997 թվականին մասնակցել էր կարգավորման ծրագրի մշակմանը։ Ծրագիրն ի վերջո մերժվեց եւ՛ Երեւանի կոշտ դիրքորոշման կողմնակիցների եւ՛ Ղարաբաղի ղեկավարների կողմից, եւ կարճ ժամանակ անց Լիպարիտյանն ու Տեր-Պետրոսյանը կորցրեցին իրենց պաշտոնները:
«Ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական/դիվանագիտական հարթությունից տեղափոխեցին համոզմունքների, տաբուների եւ պատրանքների հարթություն։ Այսպիսով, Ղարաբաղի ղեկավարները ցանկացած քննադատությունից դուրս հայտնվեցին, նրանց գործողությունները մանրազնին չէին վերլուծվում, ինչպես դա սովորաբար լինում է քաղաքական գործիչների պարագայում»,- Լիպարիտյանն այսպես է նկարագրում այն իրավիճակը, որը բացառում էր ողջամիտ փոխզիջման հնարավորությունը։ Նույնիսկ 2020 թվականի պատերազմից հետո ղարաբաղցիները շարունակում էին ապավինել արտաքին հովանավորների օգնությանը՝ լինի դա Ռուսաստանը, Ֆրանսիան, թե հայկական սփյուռքը։
Վերջին ամիսներին Ղարաբաղի հայերը եւ Բաքուն բանակցություններ սկսելու մի շարք փորձեր էին արել, սակայն այդ ճանապարհին գրեթե անմիջապես դժվարություններ առաջացան։ Բուլղարիայում ԱՄՆ-ի միջնորդությամբ նախատեսված կոնֆիդենցիալ հանդիպումը չեղարկվել էր այն բանից հետո, երբ Ռուսաստանը պահանջեց Ղարաբաղի հայերի ներկայացուցիչներից չմասնակցել դրան։ Սլովակիայում ակնկալվող բանակցությունները նույնպես չկայացան։ Կողմերը մինչ օրս չեն կարողանում պայմանավորվել հանդիպման վայրի, մասնակիցների ու օրակարգի շուրջ։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Եթե բանակցություններն իսկապես սկսվեն, ապա շատ դժվար կլինի կանխատեսել դրանց արդյունքը, հատկապես՝ հաշվի առնելով ուժերի հսկայական անհամաչափությունը: Շատ բան կա համաձայնեցնելու: Ղարաբաղն Ադրբեջանին ինտեգրելու համար պետք է, օրինակ, լուծվեն անձնագրերի, ոստիկանության ու տեղական իշխանությունների աշխատանքի կազմակերպման, սեփականության իրավունքի, լեզվի, կրթական համակարգի հարցերը։ Դա շատ ժամանակ եւ միջազգային հանրության գրագետ օգնություն է պահանջում:
Սակայն Ալիեւը շտապում է որքան հնարավոր է արագ վերջ տալ այս ամենին։ Միգուցե նա փորձում է օգտվել պահից. Ռուսաստանը Ղարաբաղի հարցում իր վրա ճնշում չի գործադրում, իսկ Արեւմուտքում բարեհամբույր են տրամադրված եւ առավելագույնը վիճում են, թե արդյո՞ք Ադրբեջանը օգտակար է որպես ռազմավարական գործընկեր։
Արդյո՞ք Ադրբեջանի նախագահը չափազանց ինքնավստահ չէ։ Ինչպես ասել է ղարաբաղցի ընկերս, «հաղթանակը խանգարում է մարդուն սթափ գնահատել իրավիճակը, նա կորցնում է իրականության զգացումը»։ Նա համոզված է, որ դա բնորոշ էր Ղարաբաղի ղեկավարներին նախկինում, հիմա էլ՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությանը։
Ղարաբաղում տիրող իրավիճակը վերլուծելիս բազմաթիվ հարցեր են առաջանում։ Արդյո՞ք Ալիեւը փորձում է հասնել Ղարաբաղի հայերի եւ բուն Հայաստանի ամբողջական կապիտուլյացիայի։ Եթե այո, արդյո՞ք նա չափազանց ինքնավստահ չէ։ Թե՞ նա պարզապես խաղում է սրման վրա, որպեսզի արդյունքում կնքվի անհրաժեշտ համաձայնագիր, որը թույլ կտա պահպանել հարաբերությունները Արեւմուտքի հետ՝ միեւնույն ժամանակ գոհացնելով Ռուսաստանին: Պատասխանները, կարծես, շուտով կստանանք:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: