Ներկայացնում ենք Caucasus Analytical Digest պարբերականի 133-րդ թողարկման մեջ լույս տեսած Լամիյա Փանահովայի հոդվածի հայերեն թարգմանությունը:
Լամիյա Փանահովան միջազգային անվտանգության ոլորտում մագիստրոսի կոչում է ստացել Սենտ Էնդրյուսի համալսարանից: Այժմ նա Պրահայի Չարլզի համալսարանի Ռուսական եւ արեւելաեվրոպական հետազոտությունների ամբիոնի ասպիրանտ է:
Ներածություն
Ի տարբերություն 1990-ականների անկախության ավելի վաղ շրջանի, ադրբեջանական ազգային ինքնության եւ թյուրքիզմի (էթնոկենտրոն մոտեցում) եւ ադրբեջանականության (քաղաքացիական մոտեցում) միջեւ մրցակցության բանավեճը այլեւս գերակշռող չէ Ադրբեջանի ազգային խոսույթում: Փոխարենը որպես ազգաշինության հիմնական գաղափարախոսություն ընդունված է «ադրբեջանականությունը», որը ազգի քաղաքացիական հասկացություն է։
Էրգյունը բաժանում է ազգայնականության էվոլյուցիան հետխորհրդային Ադրբեջանում երեք փուլերի. պաշտպանական գործիք, պետականաշինության գործիք եւ ժողովրդավարացման գործիք։ Արդյո՞ք ազգաշինությունն այս դեպքում դեռեւս ծառայում է որպես ժողովրդավարացման գործիք: Այս հարցին պատասխանելու համար այս հոդվածում ուսումնասիրվում են ազգային պատումների բնույթն ու օրինաչափությունը նորագույն դպրոցական դասագրքերում:
Հայտնի է, որ դպրոցական կրթությունն ու դասագրքերը կարեւոր գործիքներ են ազգային պատումը խթանելու եւ նույն ինքնությունը կիսող քաղաքացիների դաստիարակության գործում: Փոդեհը անվանում է Իսրայելի դասագրքերը «պետության մեկ այլ թեւ» եւ «հիշողության գործակալներ», քանի որ դրանք ինքնության քաղաքականության հավատարիմ գործիքներ են: Ադրբեջանի դեպքում նման գրքերը հատկապես արդիական են, քանի որ բոլոր դպրոցների համար միասնական ուսումնական ծրագիր ունեցող կենտրոնացված կրթական համակարգը պահանջում է օգտագործել նույն դասագրքերը: Այսպես ավելի հեշտ է վերահսկել հիմնական պատումները, որոնք լսում են դպրոցականները:
Վիստրանդը Ադրբեջանում դպրոցական կրթության եւ ժողովրդավարացման վերաբերյալ իրականացրել է քաղաքացիական կրթության ուսումնասիրություն, որում պնդում է, որ կրթական բարեփոխումներում առաջնահերթություն չի տրվել քաղաքացիական կրթությանը, ինչն ազդել է ժողովրդավարության մասին քաղաքացիների գիտելիքների վրա: Ի՞նչ է աշակերտներին սովորեցնում կրթական համակարգը քաղաքացիության եւ ազգի մասին: Այս ուսումնասիրությունը վերաբերում է տարրական կրթությանը, այսինքն՝ դասասենյակներում օգտագործվող խորհրդանիշներին եւ հայրենիքի մասին պատումներին, թե ինչպես են դրանք արտացոլում սերն ազգի հանդեպ եւ ընդհանուր հանձնառություն առաջացնում մանկահասակ դպրոցականների մոտ: Ուսումնասիրությունը պատասխանում է հետեւյալ հարցերին.
• Ի՞նչ պատկերներով է տարրական դասարանների աշակերտներին ներկայացվում հայրենիքը, դրա պատմությունը եւ ազգը:
• Ի՞նչ տեղ է զբաղեցնում ռազմական բաղադրիչը տարրական դպրոցի ազգային պատումներում:
• Ի՞նչ տեղ է զբաղեցնում ներկայիս իշխանությունը դպրոցական ծրագրերում ներառված ազգային պատումներում:
Տարրական դպրոց եւ հայրենասիրություն. օրենսդրությունը
Ադրբեջանում 11-ամյա դպրոցական կրթության առաջին 4 տարիներն ապահովում են տարրական կրթություն, որի ընթացքում 6-ից 9 տարեկան աշակերտները սովորում են կարդալ, գրել եւ հիմնական մաթեմատիկական հմտությունները: Հիմնական դպրոցական առարկաները, ինչպիսիք են պատմությունը, աշխարհագրությունը, կենսաբանությունը եւ այլն, այս փուլում չեն դասավանդվում. «Ադրբեջաներեն լեզու» եւ «Կյանքի իմացություն» դասընթացների օգնությամբ աշակերտներին ներկայացվում են տարբեր ոլորտներ ընդգրկող տարրական գիտելիքներ։
Ադրբեջանում 2010 թվականին հաստատվել են դպրոցների նոր առարկայական ուսումնական ծրագրեր, եւ դպրոցներին բոլորովին նոր ուսումնական ծրագիր է ներկայացվել: Ուսումնական ծրագրի նոր չափորոշիչներն ընդգծում են, որ տարրական կրթության արդյունքներից մեկն այն է, որ «աշակերտները կարողանան ճանաչել եւ ներկայացնել ադրբեջանական ազգի բարոյական-ավանդական արժեքները, Ադրբեջանի պատմությունը, մշակույթը, արվեստը եւ նշանավոր մարդկանց, ինչպես նաեւ իրենց երկրի դեմ հանդես եկող «հակաուժերը»: Ըստ այդմ, տարրական դպրոցներում «Ադրբեջաներեն լեզու» առարկայի պահանջներից մեկը բնութագրվում է որպես «աշակերտներին ադրբեջաներեն լեզուն, պատմությունը, բարոյական արժեքները, արվեստը եւ ավանդույթները ներկայացնել»: 2020 թվականի հոկտեմբերին «Կրթության մասին» օրենքը փոփոխվել է, եւ տարրական դպրոցների նպատակների ցանկում ավելացվել է «աշակերտներին հայրենասիրություն եւ հարգանք սովորեցնել ադրբեջանական ազգի արժեքների եւ խորհրդանիշների նկատմամբ»:
Պաշտոնական ուղեցույցներից երեւում է, որ հայրենասիրության եւ ազգային արժեքների տարածումն աշակերտների շրջանում համարվում է տարրական կրթության լուրջ պարտականություններից մեկը: Տարրական դասարանների աշակերտները հաճախ մասնակցում են հայրենասիրական եւ հիշատակի միջոցառումներին, որոնք այս ուսումնասիրության համար վերցվել են Բաքվի քաղաքային կրթության վարչության կայքից վերջին 6 տարիների ընթացքում:
Ազգային պատումը խթանող դասագրքեր եւ դպրոցական միջոցառումներ
Վերոնշյալ պաշտոնական պահանջները եւ ուղեցույցները գործնականում կիրառվում են տարրական կրթության մեջ: Տարրական կրթության սովորական դասարանում պատին փակցված են ազգային դրոշն ու զինանշանը, պետական օրհներգի տեքստը, նախկին նախագահ Հեյդար Ալիեւի ու ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի լուսանկարները։ Դասարան գնալուց առաջ դպրոցականները դպրոցի բակում միասին երգում են ազգային օրհներգը։

Լուսանկարը` REUTERS
Յուրաքանչյուր տարրական դպրոցի դասագրքի առաջին էջում Հեյդար Ալիեւի էջի չափ լուսանկարն է՝ «Հեյդար Ալիեւ՝ ադրբեջանցիների համազգային առաջնորդ» նկարագրությամբ։ Յուրաքանչյուր գրքում կա «Իմ հայրենիքը» բաժին, որը նկարագրում է Ադրբեջանը եւ ադրբեջանցի ազգը: Այս հոդվածում կուսումնասիրվեն պատումները, որոնք բաժանված են մի քանի կատեգորիաների, այն է՝ հայրենիք եւ ազգի նկարագրություն, դրա պատմությունը, ռազմական տարրեր եւ հավատարմություն ներկայիս իշխանությանը: Թեեւ առաջին երկու կատեգորիաների կարեւորությունը ճանաչվում է ազգաշինության մասին գրականության մեջ, վերջին երկուսը հեղինակը համարում է յուրահատուկ Ադրբեջանի համար՝ իրենց տարածվածության պատճառով, ինչպես հետագայում կբացատրվի հոդվածում:
Հայրենիքի, ազգի եւ դրա պատմության նկարագրությունը
Ադրբեջանը նկարագրվում է որպես հնագույն երկիր, որը գտնվում է ո՛չ Եվրոպայում, ո՛չ Ասիայում, այլ ավելի շուտ Եվրասիայում: Հետեւաբար, որեւէ հատուկ կողմնորոշում դեպի արեւմտյան, արեւելյան կամ կրոնական արժեքներ չի գերակշռում։ Ադրբեջանական ժողովուրդը նկարագրվում է արծվի պես խիզախ: Լավ քաղաքացի լինելու համար ընդգծվում է բարոյական արժեքների կարեւորությունը, եւ այդ արժեքները կորցնելը հավասարազոր է ազգային ինքնությունը կորցնելուն: Այս բարոյական արժեքներից առավել հաճախ հիշատակվում են ազգային երաժշտությունն ու մշակույթը, անվախությունը եւ հյուրընկալությունը։
Պատմական գիտելիքները տարրական կրթության մակարդակում այնպես են կառուցված, որ առասպելներն ու իրական պատմական փաստերը ներկայացվում են միասին՝ հաճախ առանց հստակ տարանջատման: Այնուամենայնիվ, ընդգծվում է հնությունը եւ նախկինում ավելի մեծ տարածքներ ունենալը։ Ներկայացված առասպելներում Ադրբեջանը կոչվում է «Կրակի երկիր», եւ դրա տարածքը արաբների արշավանքի սկզբում նկարագրվում է որպես մեծ տարածք Սավալան լեռան (ժամանակակից Իրան) եւ Արարատ լեռան (ներկայիս Թուրքիա) միջեւ:
Կովկասյան ալբանական պետության թագավոր Ջավանշիրը նույնպես ներկայացված է որպես Ադրբեջանի քաջ հերոս։ Սեւան (Գոյչա) լիճը (ներկայումս Հայաստանում) նկարագրվում է որպես պատմական ադրբեջանական հող, որն ընդամենը 100 տարի առաջ է օկուպացվել հայերի կողմից՝ Ռուսաստանի աջակցությամբ։ Մեկ այլ ընդգծված ժամանակաշրջան է ղարաբաղյան ներկայիս հակամարտության պատմությունը, որի ընթացքում ադրբեջանական հողերը օկուպացվել էին Հայաստանի կողմից, իսկ ադրբեջանցիները ստիպված էին փախչել հրազենային կրակոցների ներքո:

Լուսանկարը` Համաշխարհային բանկ
Մեկ այլ հասկացություն, որը Ադրբեջանում համակցված է քաղաքացիական ազգության հետ, «բազմամշակութայնությունն» է, որը խթանում է էթնոլեզվական բազմակարծությունը: Ժողովրդական խոսույթում ակնառու է նաեւ կրոնական բազմակարծությունը, օրինակ՝ օրինակելի մահմեդա-հրեական հանդուրժողականությունը, որը ներկայացված է Քուբայում լեռնային հրեաների խաղաղ կյանքով: Այնուամենայնիվ, այս հասկացությունները լայնորեն չեն հիշատակվում դասագրքերում, որտեղ գերիշխող հայեցակարգը քաղաքացիական ազգությունն է: Դասագրքում միակ համատեքստը, որտեղ ընդգծված է էթնոկրոնական բազմակարծությունը, երկու պատմություններ են. առաջինում երեխան ունի երկու ընկեր՝ մեկ լեզգին եւ մեկ թալիշ (երկուսն էլ Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնություններ են), որոնք միասին ներկայացնում են Ադրբեջանը միջազգային մրցույթում: Մյուս պատմությունը էթնիկ ռուս երեխայի հետ ընկերության մասին է:
Պետականության ռազմական տարրերը
Այս տարրը դժվար է անտեսել, քանի որ այն առանձնահատուկ շեշտադրումով առկա է 1-ից 4-րդ դասարանների բոլոր դասագրքերում՝ ինչպես 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո, եւ օգտագործվել է որպես լավ հայրենասերի հիմնական հատկանիշ։ Աշակերտներին ներկայացվում է զինվոր լինելու եւ հայրենիքը պաշտպանելու պատիվը։
Դասագրքերում հատուկ տեղ են գրավում Մուբարիզ Իբրահիմովի հերոսության մասին պատմությունները, ով 2009 թվականին անցել է 1 կմ ականապատ տարածք դեպի հայերի կողմը եւ անհավասար մարտում սպանել նրանց։ Ընդգծվում է Խոջալուի ջարդը, որի ընթացքում 1992 թվականին հայկական զինված ուժերի կողմից զանգվածաբար սպանվել են ադրբեջանցի խաղաղ բնակիչներ, եւ Շուշիի խորհրդանշական նշանակությունը որպես պատմական քաղաք, որը ադրբեջանական ուժերը հետ են վերցրել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Ուսանողներին բացատրվում է հայրենիքի ոչ մի կտոր ոչ մեկին չտալու եւ սահմանները պաշտպանելու կարեւորությունը։
Բանակը բնութագրվում է որպես ադրբեջանական պետականության կարեւորագույն բաղադրիչներից մեկը, քանի որ այն աշխարհի 50 ամենաուժեղ բանակների շարքում է: Տարբեր պատմությունների միջոցով ընդգծվում է, որ բանակ գնալը պետք է լինի յուրաքանչյուր երեխայի երազանքը՝ հայրենիքի հանդեպ սերը ցույց տալու համար: Բոլոր դասարանների դասագրքերը ներառում են տարբեր պատմվածքներ եւ բանաստեղծություններ, որոնք նկարագրում են, թե ինչպես են նախադպրոցական տարիքի երեխաները ցանկանում միանալ բանակին, որպեսզի ծնողները հպարտանան, ինչպես նաեւ ասացվածքներ, ինչպիսիք են՝ «Ցո՛ւյց տուր քաջություն, կռվի՛ր թշնամու դեմ» կամ «Հողը հայրենիք է միայն երբ դրա համար մեռնող կա»:
Ռազմական բաղադրիչը աչքի է ընկնում նաեւ դպրոցական միջոցառումներում։ Ամեն տարի «Սեւ հունվարի» եւ Խոջալուի հիշատակի միջոցառումներում տարրական դասարանների տղաները կրում են զինվորական հանդերձանք։ Զինվորական այս հագուստը կրում են նաեւ այլ միջոցառումների ժամանակ, օրինակ՝ «Ազգային վերածննդի օրը», «Ազգային փրկության օրը» եւ այլ պետական տոներին: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո դպրոցներում ավելի հաճախակի էին անցկացվում այդ առիթով տոնակատարություններ։ 2020 թվականի պատերազմից հետո ոչ ռազմական միջոցառումները, ինչպիսիք են Նովրուզը եւ Կանանց միջազգային օրը, որոշ դպրոցներում նույնպես ստացել են հատուկ անուններ, ինչպիսիք են «Հաղթանակաբույր Նովրուզ» եւ «Կանանց միջազգային օր նահատակների մայրերի հետ»: Տարրական դպրոցի աշակերտներին հաճախ խնդրում են բանակի ձեռքբերումների մասին շարադրություններ եւ նկարներ ներկայացնել:

Լուսանկարը` REUTERS
Ի տարբերություն 2010-ին նոր ուսումնական ծրագրերի ներդրումից առաջ օգտագործված դասագրքերի, նոր դասագրքերում մայիսի 9-ը նշված չէ որպես «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի» օր։ 2020-ից հետո դասագրքերում ավելացվել է նոր «Հաղթանակի օր», որը նշվում է նոյեմբերի 8-ին: Թեեւ մինչեւ 2020 թվականը մայիսի 9-ի տոնակատարությունները դպրոցներում դեռեւս տեղի էին ունենում միջոցառումների տեսքով, դրանք փոխարինվեցին նոյեմբերի 8-ի տոնակատարություններով՝ ի նշանավորումն Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տոնած հաղթանակի:
Ներկայիս կառավարությունը եւ ազգային ինքնությունը
LaPorte սահմանում է Ադրբեջանը որպես «հեգեմոնիկ ավտորիտարիզմ», որտեղ ընդդիմադիր կուսակցություններն ու խմբերն արգելվելու փոխարեն մարգինալացված են եւ նրանց մուտքը հասարակություն եւ լրատվամիջոցներ օգտագործելու հնարավորությունը սահմանափակված է: Դրան գումարած գործող ռեժիմը ավելի տեսանելի է դարձել լրատվամիջոցներում եւ պաշտոնական խոսույթում: Նույն օրինաչափությունը կարելի է նկատել կրթական համակարգի դեռեւս տարրական փուլում՝ որպես ազգության պատումների մաս: Բացի դասագրքերի առաջին էջի դիմանկարից, Հեյդար Ալիեւը ներկայացված է որպես ադրբեջանական ժողովրդի ազգային առաջնորդ եւ մեծագույն ադրբեջանցի հայրենասեր։ Նա ներկայացվում է նաեւ որպես «ադրբեջանականության» գաղափարախոսության հիմնադիր, որը համախմբել է ազգին եւ փրկել պառակտումից։ Նրա «Ես հպարտ եմ, որ ադրբեջանցի եմ» ասույթի հիման վրա աշակերտներին խնդրում են գրել շարադրություն այն մասին, թե ինչու են նրանք էլ հպարտանում ադրբեջանցի լինելով: Դպրոցներում անցկացվող բոլոր միջոցառումներում Ալիեւի անունը հիշատակվում է որպես ինքնիշխանությունը հաջողությամբ պաշտպանած անձ, որը համախմբել է ազգը, ազգի պատմական ողբերգություններին անհրաժեշտ ուշադրություն դարձրել, հիմնել «ադրբեջանականության» գաղափարախոսությունը, ազգին համերաշխություն բերել եւ պահպանել լեզուն։ «Ազգային փրկության օրը», որը այն օրն է, երբ Ալիեւը խորհրդարանի նախագահ դարձավ, ամեն տարի նշվում է դպրոցներում եւ հիշատակվում տարրական դասարանների երեխաների կողմից՝ բանաստեղծություններ արտասանելով։ Հեյդար Ալիեւի այս կերպ ներկայացումը միահյուսում է նրա անհատականությունը «ադրբեջանական ազգի» հետ։ Թեեւ 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի առաջին ժողովրդավարական հանրապետությունը հիմնած «Մուսավաթ» կուսակցության իրավահաջորդներն այժմ ընդդիմադիր են, եւ՛ այդ առիթին, եւ՛ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին անկախության վերականգնմանը նվիրված միջոցառումներում ընդգծվում են Ալիեւի ծառայությունները ազգաշինման եւ անկախության ձեռքբերման գործում:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո գործող նախագահ Իլհամ Ալիեւի դերը տարածքների ազատագրման գործում ամեն առիթով նշվում էր որպես ողջ ադրբեջանական ժողովուրդը համախմբող ուժ:
Եզրակացություն
Դեռեւս տարրական դպրոցից բարոյական-ավանդական արժեքների եւ հայրենասիրության խթանումը սահմանված է համապատասխան օրենսդրությամբ եւ իրականացվում է միատեսակ գրված դասագրքերի եւ դպրոցներում ոգեկոչման միջոցառումների օգնությամբ: Ադրբեջանցիները ներկայացված են որպես շատ հին պատմություն ունեցող խիզախ եւ հյուրընկալ եվրասիական ժողովուրդ, որը նախկինում ավելի մեծ տարածքներ է ունեցել եւ տուժել է պատմության ընթացքում։ Կրոնական տարրերը բացակայում են ողջ ուսումնական ծրագրում, ինչը պատումին տալիս է բացարձակապես աշխարհիկ բնույթ: Առավել ընդգծված է ռազմական տարրը, որը քարոզում է հայրենիքի համար կռվելու սրբությունն ու անհրաժեշտությունը իսկական ադրբեջանցի լինելու համար։ Հեյդար Ալիեւի դերը ազգի կերտման գործում նույնպես հաճախ է հիշատակվում դպրոցներում անցկացվող ոգեկոչման միջոցառումներում, եւ նրա անունը կապված է բոլոր վերջին փառավոր իրադարձությունների հետ, ներառյալ անկախության ձեռքբերումը, կայունությունն ու համերաշխությունը եւ մայրենի լեզուն պաշտպանելը անհետացումից:

Լուսանկարը` Համաշխարհային բանկ
Տարրական դպրոցական կրթության միջոցով խրախուսվող ինքնությունը կենտրոնացած է բացառապես քաղաքացիական հիմքերի վրա՝ երկրի էթնիկ թյուրքական արմատներին հազվադեպ հղումներով: Թեեւ էթնիկ թյուրքականությունը ներառված է, «ադրբեջանցին» որպես առանձին ազգային ինքնություն ակնառու է եւ՛ դասագրքերում, եւ՛ միջոցառումներում:
Տարրական դպրոցների պատումներում քաղաքացիական ազգային քաղաքականությունը դեռ գերակշռում է բազմամշակութայնության քաղաքականությանը: «Ադրբեջանականության» բնույթը խիստ ռազմականացված է նույնիսկ տարրական դասարանների աշակերտների համար, ինչը կարելի է բացատրել ռազմական ոլորտում առաջնահերթ ներդրումներով եւ Ղարաբաղի հակամարտությամբ։ Ռազմական պատումները ոչ միայն առաջ են մղվում, այլեւ ուղղակիորեն պարտադրվում, եւ յուրաքանչյուր ադրբեջանցի տղա հռչակվում է ապագա զինվոր, որը պատրաստ է զոհվել հայրենիքի համար: Երկրի խորհրդային անցյալը նույնպես ընթացիկ տարրական կրթական պատումներից դուրս մնացած թեմա է: Խորհրդային ժամանակաշրջանի հետ կապված միակ միջոցառումը, այն է՝ մայիսի 9-ի Հաղթանակի տոնը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակից հետո հանվել է դպրոցական ծրագրերից եւ միջոցառումների ժամանակացույցից։ Ինքնության պատումները այժմ կենտրոնանում են բացառապես անկախության ժամանակաշրջանի վրա, իսկ հեռավոր անցյալին հազվադեպ հղումներն ընդամենը ցույց են տալիս, որ ազգը նախկինում ավելի մեծ տարածքներ է ունեցել:
Ազգաշինության եւ վարչակարգի կառուցման կապը չափազանց ակնհայտ է եւ առաջացնում է այն, ինչ Բրոերսը եւ Մահմուդլուն անվանում են «քաղաքացիական գերիշխանություն», այսինքն՝ «վարչակարգային ավանդույթի գերիշխանություն, որը օրինականացվել է քաղաքացիական ազգության պատկերման եւ գաղափարախոսության միջոցով»: Տարրական դպրոցի ազգային պատումները ընթանում են նույն ուղով եւ միահյուսում իշխող կուսակցության կերպարը ազգի նկարագրի հետ խորհրդանիշների եւ ամենօրյա դասասենյակային գործունեության, դասագրքերի եւ տոնական միջոցառումների միջոցով՝ քիչ տեղ թողնելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման համամարդկային արժեքներին:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: