Եվրոպական միություն. «Եզակի նախագիծ», թե՞ «հաշվարկով ամուսնություն» - Mediamax.am

exclusive
1706 դիտում

Եվրոպական միություն. «Եզակի նախագիծ», թե՞ «հաշվարկով ամուսնություն»


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Քեմբրիջի համալսարանի էմպիրիկ իրավական հետազոտությունների դոցենտ Անթարա Հալդարի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

 

Այս տարի լրանում է Եվրամիության 30-ամյակը։ Երբ 1993 թվականին ուժի մեջ մտավ Մաստրիխտի պայմանագիր, եվրոպացիները վերազգային կառավարման եւ համատեղ ինքնիշխանության պատմականորեն եզակի գիտափորձ սկսեցին: ԵՄ միասնական շուկան թույլ է տալիս ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժ 27 անդամ երկրների միջեւ եւ ամենակարեւորը՝ Շենգենյան տարածքը բացում է սահմանները անդամ պետությունների միջեւ (եւ ազատ տեղաշարժի իրավունք տալիս նույնիսկ ոչ Շենգենյան երկրներում), ինչն ավելի քան 400 միլիոն մարդու տրամադրում է աննախադեպ քաղաքացիություն, որը վեր է ազգային տարածքներից: Թեեւ ազատ առեւտուրը հին գաղափար է, այսքան թվով մարդկանց ազատ տեղաշարժը բացարձակ նորույթ է:

 

Բայց արդյո՞ք ԵՄ-ը ավելին է, քան պարզապես գովաբանված առեւտրային դաշինք: Ուսանելի են վերջին երկու դեպքերը, երբ եվրոպացիները բախվեցին «ամուսնալուծության». Հունաստանի տնտեսական ճգնաժամը եւ Բրեքսիթը, որոնցից յուրաքանչյուրը լույս սփռեցին մայրցամաքի վերահսկողության համար պայքարող հակամարտող ուժերի վրա:

 

Հունաստանի դեպքում ԵՄ-ը խաղաց դաժան կեղեքիչի դեր, որն օգտագործում էր բաժանման սպառնալիքը՝ անդամ երկրից կոնկրետ զիջումներ ստանալու համար: Միացյալ Թագավորության դեպքում Բրյուսելը սխրագործ էր, որն հերոսաբար դիմանում էր դավաճանությանը՝ պաշտպանելով բազմակողմանիության եւ բացության սկզբունքները: Այս դրվագներից ո՞րն է լավագույնս արտացոլում ԵՄ էությունը:

 

Երբեմն թվում է, որ Եվրոպայի առաջնորդող փիլիսոփայությունը հիմնված է «տնային տնտեսության» վրա։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նմանվեց խնայասեր տնային տնտեսուհուն, որպեսզի հունական ճգնաժամի ժամանակ արդարացնի իր կոշտ դիրքորոշումը, իսկ ԵՄ որդեգրած քաղաքականությունը այդ հարցում նույնքան գիտական հիմք ուներ, որքան տատի հեքիաթները:

Լուսանկարը` REUTERS

Հիշեցնենք, որ Հունաստանի պարտքի խնդիրը արագորեն փլվող դոմինոյի մի մասն էր միայն: 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո Հունաստանն այլեւս չկարողացավ սքողել իր պարտքերի ահռելի բեռը, ուստի օգնություն խնդրեց ԵՄ-ից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից: Թեեւ ոչ ոք չէր ժխտում, որ Հունաստանի ֆինանսները խառը վիճակում էին, շատերը համարում են, որ «եռյակը» (Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը եւ ԱՄՀ-ը) սխալվեցին՝ քավություն պահանջելով անցյալի հանցանքների համար, այլ ոչ թե հիմքեր ստեղծելով ավելի բարվոք տնտեսական ապագայի համար։

 

Նրանք պնդում էին, որ Հունաստանը ֆինանսական աջակցություն կստանա միայն այն դեպքում, եթե ընդունի խիստ խնայողական տնտեսվարության քաղաքականություն, այդ թվում՝ բյուջեի կրճատումներ, հարկերի ավելացում, հարկադիր սեփականաշնորհում եւ բիզնեսին նպաստող մի շարք բարեփոխումներ: Ինչպես այն ժամանակ ասել էր Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը, այն, որ եռյակը սեւեռվել էր քավության, այլ ոչ վերականգնման վրա, Հունաստանին «հարկաբյուջետային խաշտանգումների» ենթարկեց: ԵՄ-ը հայտնվեց վրեժխնդիր կռվարարի դերում, որը ցանկանում էր անհարկի ցավ ու տառապանք պատճառել: Հրաժարվելով ներել Հունաստանի որոշ պարտքերը, այն կարծես որդեգրել էր դարվինյան փաստարկը, որ Եվրոպան կուժեղանա, եթե վերացվեն նրա ամենաթույլ տնտեսական կապերը (արդյունք, որից հազիվ հաջողվեց խուսափել):

Լուսանկարը` REUTERS

Այս կոշտ մոտեցման կողմնակիցներից գլխավորը Գերմանիան էր, որը պետք է լավ տեղյակ լիներ, թե ինչ կարող է պատահել, երբ երկիրը ենթարկվում է ազգային նվաստացման: Կրկնելով Գերմանիայի դրույթները՝ ԵՄ-ն պնդում էր, որ պետք է հարկաբյուջետային կոշտ կարգապահություն պահպանվի՝ անկախ այն «մեղմ» նկատառումներից, ինչպիսին է հույն ժողովրդի կանխատեսելի աղքատացումը:

 

Բրեքսիթի դեպքում Մեծ Բրիտանիայի կարգավիճակը, որպես ԵՄ երկրորդ խոշոր տնտեսություն, հանգեցրեց նրան, որ նա գոռոզամտության տրվեց: Բրիտանացիների աննշան մեծամասնությունը մերժեց ԵՄ-ում մնալու տնտեսական տրամաբանությունը եւ փոխարենը կենտրոնացավ իբր ներգաղթի հետեւանքով առաջացած խնդիրների վրա (օրինակ՝ տարրական դպրոցում տեղերի եւ բժիշկների պակասը): ԵՄ-ը լքելու աջակիցների կարծիքով՝ անխոչընդոտ առեւտրի օգուտները չէին արդարացնում ԵՄ-ում անխոչընդոտ միգրացիայի ծախսերը:

Լուսանկարը` REUTERS

Երբ Մեծ Բրիտանիան վկայակոչեց Եվրամիության պայմանագրի 50-րդ հոդվածը եւ սկսեց «ամուսնալուծության» վարույթը, ԵՄ-ը համախմբվեց որպես համայնք: Հունական ճգնաժամի ժամանակ ԵՄ-ի դիրքորոշումը լրիվ հակառակն էր։ 2016 թվականից հետո այն հավատարիմ մնաց նախկին թշնամիների միջեւ խաղաղություն եւ բարգավաճում ապահովելու իր սկզբնական մանդատին՝ արդարացնելով 2012 թվականին ստացված Խաղաղության Նոբելյան մրցանակը:

 

Բայց այն խանդավառությունը, որով Եվրոպան պատրաստ էր տանջել Հունաստանին եւ անտեսել հույն ժողովրդի ձայնը, շարժառիթ էր Բրիտանիայի պատեհապաշտ եվրոսկեպտիկների համար: Ինչի՞ն է Միացյալ Թագավորության պետք մի նախագիծ, որը թույլ է տալիս ուժեղներին ահաբեկել թույլերին: 2009-2010 թվականներից հետո Հունաստանը եւ ԵՄ հարավային այլ անդամ երկրները դարձան (ըստ անհամոզիչ տնտեսական տեսությունների), այն, ինչ «Նյու Յորք Թայմս»-ի Փոլ Քրուգմանը անվանեց «Խնայողաստան»: Մեծ Բրիտանիայի խնայողականության սեփական տխուր փորձը, հավանաբար, մեծապես նպաստեց Բրեքսիթի հանրաքվեի հաջողությանը:

Լուսանկարը` REUTERS

Եվրոպական նախագծի եզակիությունը ձգտումն է ստեղծելու մարդկանց եւ տեղի նոր տեսակի կապ, որի հիմքում «Եվրոպայի գաղափարն» է: Հունական եւ բրիտանական փորձը յուրովի ցույց են տալիս, որ այս գաղափարը չի կարող հիմնվել բացառապես գործարքային տրամաբանության վրա: 1930-ականներին տնտեսական խնայողության հետ կապված նախկին գիտափորձերը ի վերջո պառակտեցին մայրցամաքը: Եթե ԵՄ-ը մտադիր է եւս 30 տարի գոյատեւել, այն պետք է մեկընդմիշտ որոշի՝ խնայողությո՞ւն է ուզում, թե՞ համերաշխություն. ընտրություն, որն արտացոլված է դաշինքի հարկաբյուջետային կանոնների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկած բարեփոխման շուրջ ակտիվացող բանավեճում: Եթե ԵՄ-ը ընտրի խնայողությունը, ապա կարդարացնի նրանց, ովքեր կարծում են, որ եվրոպական նախագիծը միշտ էլ ընդամենը «հաշվարկով ամուսնություն» է եղել:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Copyright: Project Syndicate, 2023.

www.project-syndicate.org

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին