Թբիլիսին փորձում է գտնել «ոսկե միջինը»` աշխատելով Մոսկվայի եւ Բրյուսելի հետ - Mediamax.am

1593 դիտում

Թբիլիսին փորձում է գտնել «ոսկե միջինը»` աշխատելով Մոսկվայի եւ Բրյուսելի հետ


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում Carnegie politika կայքում հրապարակված Եվրոպական համալսարանի պրոֆեսոր եւ վրացական «Geocase» հետազոտական կենտրոնի Մերձավոր Արեւելքի գծով տնօրեն Էմիլ Ավդալիանիի Опасное сближение. На что рассчитывает Тбилиси, налаживая отношения с Москвой հոդվածի հայերեն թարգմանությունը։

 

Տասնյակ երկրներ դատապարտեցին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, սակայն Վրաստանը դրանց թվում չէր։ Հանրապետության իշխանությունները ոչ միայն պատժամիջոցներ չկիրառեցին Մոսկվայի դեմ, այլեւ նույնիսկ ձեռնպահ մնացին նրա գործողությունների բացահայտ քննադատությունից։

 

Կրեմլը ըստ արժանվույն գնահատել է դա։ Ռուս պաշտոնյաները բազմիցս գովաբանել են Վրաստանի կառավարությանը «ինքնիշխան երկրին հարիր կառուցողական մոտեցման համար»: Որպես խրախուսանք՝ Ռուսաստանի Դաշնությունը վերսկսել է ուղիղ օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ եւ չեղարկել 2000-ականների սկզբին սահմանված վիզային ռեժիմը։ Այս ֆոնին ակտիվացել է երկկողմ առեւտուրը. 2022 թվականին վրացական արտահանումը Ռուսաստան աճել է 6,8%-ով ($‌ 652 մլն), իսկ ներմուծումն աճել է 79%-ով ($‌ 1,8 մլրդ), ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 16 տարիների համար։

 

Վրաստանի դիրքորոշումը անտրամաբանական է թվում, եթե հիշենք նորագույն պատմությունը։ 1990-ականների սկզբից երկու երկրների հարաբերությունները դյուրին չեն եղել, իսկ 2008-ի պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, ամբողջությամբ խզվեցին։ Այդ ժամանակից ի վեր Մոսկվան վերահսկում է վրացական տարածքի մեկ հինգերորդը՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան՝ այնտեղ պահպանելով իր ռազմակայանները:

Լուսանկարը` REUTERS

Ռուսաստանի հետ անսպասելի մերձեցումը տեղի ունեցավ այն պահին, երբ Վրաստանի հարաբերություններն Արեւմուտքի հետ զգալիորեն վատթարացան: Թբիլիսին եւ արեւմտյան մայրաքաղաքները չեն վարանում միմյանց քննադատելուց։ Իսկ Վրաստանը նաեւ գործով է դրսեւորում իր վերաբերմունքը։ Ավելի ճիշտ՝ անգործությամբ. դեռեւս 2022 թվականի հունիսին Բրյուսելը Թբիլիսիին ներկայացրեց 12 պայմաններից բաղկացած ցուցակ՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, բայց այդ կետերից մեծ մասի առումով մինչ այժմ լուրջ առաջընթաց չկա։

 

Վրաստանի իշխանությունները բազմաթիվ պատճառներով են որոշել բարելավել հարաբերությունները Ռուսաստանի դաշնության հետ, սակայն առանցքային գործոնը տարածաշրջանում հանրապետության դերի աճն է։ Ուկրաինայում երկարատեւ պատերազմի պայմաններում ԵՄ-ը նվազագույնի հասցրեց Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական կապերը (ներառյալ էներգետիկ ոլորտը) եւ սկսեց այլընտրանքային ուղիներ փնտրել դեպի Չինաստան եւ Կենտրոնական Ասիա: Պարզվեց, որ ամենահարմար տարբերակներից մեկը Տրանսկասպյան երթուղին է (կամ Միջին տրանսպորտային միջանցքը), որն անցնում է հենց Վրաստանի տարածքով։

 

ԵՄ-ը հասկանում է Վրաստանի աշխարհագրական դիրքի նոր նշանակությունը եւ զգալիորեն ընդլայնել է իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ համաձայնության գալով Թբիլիսիի եւ Բաքվի հետ մի շարք գազային եւ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ: Արդյունքում Վրաստանն այժմ նոր լծակներ ունի Եվրամիության հետ հարաբերություններում։ Իսկ Ռուսաստանի հետ մերձեցման հեռանկարը հաղթաթուղթ է երկմտող արեւմտյան գործընկերների հետ բանակցություններում։

 

Սակայն սխալ կլինի ասել, թե Վրաստանը դառնում է ռուսամետ։ Թբիլիսիում կարծում են, որ Ռուսաստանը տարիներով, եթե ոչ տասնամյակներով, խրված կմնա պատերազմի մեջ։ Դա կնվազեցնի նրա ազդեցությունը Հարավային Կովկասում եւ մյուս տերություններին (առաջին հերթին՝ Թուրքիային եւ Իրանին) ավելի շատ մանեւրելու հնարավորություն կտա։ Ուկրաինա ներխուժումը ոչ միայն վերջ դրեց հետխորհրդային ժամանակաշրջանին. այն վերջ դրեց Ռուսաստանի գերիշխանությանը Հարավային Կովկասում։

Լուսանկարը` REUTERS

Օգտվելով Մոսկվայի թուլությունից՝ Վրաստանն այժմ կարող է ավելի համարձակ գործել։ Օրինակ, Թբիլիսին չի բացառում, որ բարդ իրավիճակում հայտնված Մոսկվան Աբխազիային եւ Հարավային Օսիային կդրդի հաշտության քայլեր ձեռնարկել Թբիլիսիի նկատմամբ եւ այդ դեպքում հակամարտության կարգավորման տեսական հնարավորություն կստեղծվի։ Խոսքը կարող է գնալ տնտեսական կապերի հաստատման եւ նույնիսկ որոշ քաղաքական շփումների մասին։ Հնարավոր է, որ տեղի բնակչության համար վերացվեն տեղաշարժի սահմանափակումները Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Վրաստանի մնացած տարածքների միջեւ։ Մեկ այլ իրատեսական նպատակ է կրճատել Վրաստանի քաղաքացիների առեւանգումների թիվը ռուս-օսական անվտանգության ուժերի կողմից։

 

Իր հաշվարկներում Վրաստանը ելնում է նրանից, որ այսօր Ռուսաստանին կարող է առաջարկել ավելին, քան մինչեւ 2022 թվականը։ Թբիլիսիի նշանակությունը Մոսկվայի համար իրոք շեշտակի աճել է։ Նախ, պատերազմող Ռուսաստանի իշխանությունները շահագրգռված են Վրաստանի հետ սահմանը բաց պահելու հարցում, քանի որ այն ռազմավարական կարեւոր տարանցիկ միջանցք է դեպի Թուրքիա եւ Հայաստան։ Երկրորդը, ամրապնդելով կապերը Վրաստանի հետ՝ Ռուսաստանը ապահովում է ԵՄ հետ Թբիլիսիի հարաբերությունների հետագա լճացումը։ Այսինքն՝ սա տարածաշրջանում արեւմտյան ազդեցությունը նվազեցնելու հիանալի ձեւ է։ Երրորդը, Վրաստանը կարող է խաղալ «Հյուսիսատլանտյան խաղաքարտով». կախված իր կարիքներից՝ մերթ քիչ, մերթ շատ խոսի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկության մասին։

Լուսանկարը` REUTERS

Ուկրաինայի հարցում Վրաստանը հատուկ դիրքորոշում ունի. իշխանությունները համարում են, որ պատերազմի իրական պատճառը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է։ Իսկ հիմա, ըստ Թբիլիսիի, Արեւմուտքը բավական ակտիվորեն չի աջակցում Ուկրաինային, որպեսզի նա հաղթի։ Ռուսաստանը նախկինի պես վերահսկում է օկուպացված տարածքների զգալի մասը, եւ ավելին (ինչպես կարծում է Վրաստանի ղեկավարությունը) ուժերի հարաբերակցությունը աստիճանաբար թեքվում է Մոսկվայի օգտին։ Այս ամենը շատ նման է նրան, թե ինչպես են պատերազմն ընկալում Գլոբալ հարավի երկրները։

 

Սակայն Վրաստանը կարող է սխալվել իր աշխարհաքաղաքական հաշվարկներում, ինչը երկարաժամկետ բացասական հետեւանքներ կունենա։ Այսօր բոլորովին անհասկանալի է, թե ինչ կլինի Վրաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության հետ, եթե Ռուսաստանը լուրջ ներքին ճգնաժամի մեջ թաղվի կամ, ընդհակառակը, հաղթի պատերազմում։ Ընդ որում, Մոսկվայի ուղղությամբ կատարված յուրաքանչյուր քայլ ավելի կհեռացնի Թբիլիսիին Արեւմուտքից։ Առանցքային պահը պետք է ակնկալել այս 2023թ. վերջին. եթե Բրյուսելը հրաժարվի Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել, Թբիլիսին կարող է է՛լ ավելի ակնհայտ մերձեցում սկսել Ռուսաստանի հետ:

Լուսանկարը` REUTERS

Մի բան հստակ է. ինչ ձեւով էլ տեղի ունենա Թբիլիսիի եւ Մոսկվայի հարաբերությունների կարգավորումը, ի վերջո ամեն բախվելու է Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրին։ Հայտնի է, որ Ռուսաստանը չի ցանկանում զիջումների գնալ այս հարցում։ Իսկ Ուկրաինայում պարտվելու դեպքում նա առավել եւս չի ցանկանա բաց թողնել Աբխազիան ու Հարավային Օսիան, որոնց անկախությունը ճանաչել է 2008-ին:

 

Այս պահին Վրաստանի լավագույն տարբերակը մանեւրելն է գնալով ավելի վտանգավոր դարձող Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, որն աստիճանաբար ընդլայնվում է դեպի արեւելք: Բայց ընդլայնվում է ոչ այնքան արագ, որ աշխարհագրորեն հեռավոր Վրաստանն անհապաղ իր շարքերն ընդունի: Թե որքան է պետք սպասել, պարզ չէ: Եվ մինչ բոլորը սպասում են, Ռուսաստանը կրկին կարող է ուղղակի սպառնալիք դառնալ Վրաստանի համար։

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին