Ներկայացնում ենք Փրինսթոնի համալսարանի միջազգային տնտեսական քաղաքականության հրավիրյալ պրոֆեսոր Աշոկա Մոդիի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: Աշոկա Մոդին «Կոտրված Հնդկաստան: Դավաճանված ժողովուրդ՝ անկախությունից ցայսօր» գրքի հեղինակն է («India is Broken. A People Betrayed, Independence to Today», 2023):
1985 թվականի մարտին «Wall Street Journal»-ը Հնդկաստանի նոր վարչապետ Ռաջիվ Գանդիին ամենաբարձր գովասանքների արժանացրեց: «Ռաջիվ Ռեյգան» վերնագրով խմբագրականում թերթը 40-ամյա Գանդիին համեմատեց «մեզ հայտնի մեկ այլ հայտնի հարկեր կրճատողի» հետ եւ հայտարարեց, որ ապակարգավորումը եւ հարկերի կրճատումը Հնդկաստանում «փոքր հեղափոխություն» են խթանել:
Երեք ամիս անց՝ Գանդիի Միացյալ Նահանգներ կատարած այցի նախօրեին, Կոլումբիայի համալսարանի տնտեսագետ Ջագդիշ Բհագվատին է՛լ ավելի պերճախոս գտնվեց: «Շատ ավելի, քան այսօր Չինաստանը՝ Հնդկաստանը տնտեսական հրաշք է, որը սպասում է իր ժամին, - գրեց նա «New York Times»-ում:
- Եվ եթե հրաշքը կատարվի, կենտրոնական դեմքը կլինի երիտասարդ վարչապետը»: Բհագվաթին նաեւ գովերգեց Գանդիի օրոք իջեցված հարկերի դրույքաչափերը եւ կարգավորման մեղմացումը:
1980-ականների սկիզբը բեկումնային պատմական պահ էր, երբ Չինաստանն ու Հնդկաստանը՝ աշխարհի ամենաբնակեցված երկրները մեկ շնչին ընկնող գրեթե նույնական եկամուտներով, սկսեցին ազատականացնել եւ բացել իրենց տնտեսությունները: Երկու երկրներին էլ «հեղափոխության» ու «հրաշքի» կանխատեսումներ տվեցին։ Բայց մինչ Չինաստանը արագ աճ գրանցեց՝ մարդկային կապիտալի զարգացման ամուր հիմքի վրա, Հնդկաստանը հուսախաբ արեց: Չինաստանը դարձավ տնտեսական գերտերություն. կանխատեսումը, որ հաջորդը Հնդկաստանն է, ուղղակի գովազդային աղմուկ է:
Տարբերությունների հիմքերը նոր չեն: 1981-ին Համաշխարհային բանկը Չինաստանի համար կյանքի սպասվող «բացառիկ բարձր» տեւողություն կանխատեսեց՝ 64 տարի, իսկ Հնդկաստանի դեպքում՝ 51 տարին: Նշվում էր, որ Չինաստանի քաղաքացիներն ավելի լավ են սնվում, քան հնդիկները: Ավելին՝ Չինաստանը տրամադրում ապահովում էր գրեթե համընդհանուր առողջապահություն, իսկ նրա քաղաքացիները՝ ներառյալ կանայք, օգտվում էին տարրական կրթության ավելի բարձր մակարդակից:

Լուսանկարը` REUTERS
Համաշխարհային բանկի զեկույցը ընդգծել էր Չինաստանի գենդերային հավասարության ուղղությամբ կատարված նշանակալի քայլերը Մաո Ցզեդունի օրոք: Ինչպես նշում են Նիկոլաս Քրիստոֆը եւ Շերիլ Վուդանը 2009 թվականին հրապարակված «Երկնքի կեսը» գրքում, Չինաստանը (հատկապես դրա քաղաքային շրջանները) դարձել են «կին մեծանալու լավագույն վայրերից»։ Կրթության հասանելիության եւ կանանց աշխատուժի մասնակցության բարձր մակարդակը հանգեցրին ծնելիության ցածր մակարդակի եւ բարելավեցին երեխաների դաստիարակությունը: Հաշվի առնելով Չինաստանի առաջընթացը մարդկային կապիտալի զարգացման եւ կանանց ներուժի հզորացման հարցում՝ բանկն անսովոր համարձակ կանխատեսում արեց. Չինաստանի կենսամակարդակը «հսկայական աճ կունենա մոտավորապես մեկ սերնդի կյանքի ընթացքում»:
Համաշխարհային բանկի զեկույցի կիզակետում ոչ թե հարկերի կրճատումը կամ տնտեսական ազատականացումն էին, այլ պատմական փաստը, որը վերջերս ընդգծեց Բրաունի համալսարանի տնտեսագետ Օդեդ Գալորը: Արդյունաբերական հեղափոխության սկզբից ի վեր ամեն անգամ, երբ տեղի է ունենում տնտեսական առաջընթաց (որի առանցքը արտադրողականության կայուն աճն է), այն կապված է մարդկային կապիտալում ներդրումների եւ կանանց աշխատուժի ավելի բարձր մասնակցության հետ:
Անշուշտ, շուկաների ազատականացումը մեծապես նպաստեց Չինաստանի եւ Հնդկաստանի տնտեսական աճին: Սակայն Չինաստանն իր զարգացման հաջող ռազմավարությունը կառուցել է մարդկային կապիտալի եւ գենդերային հավասարության երկու սյուների վրա, իսկ այդ ոլորտներում Հնդկաստանը շատ է հետ մնացել:

Լուսանկարը` REUTERS
Նույնիսկ շուկայական հարաբերությունների անցնելուց հետո Չինաստանը տպավորիչ ներդրումներ կատարեց մարդկային ռեսուրսներում եւ առաջ անցավ Հնդկաստանից՝ կրթության ու առողջապահության չափանիշները հասցնելով միջազգային մրցունակ աշխատուժի համար անհրաժեշտ մակարդակի:
Համաշխարհային բանկի 2020 թվականի մարդկային կապիտալի ինդեքսը (որը 0-ից 1 սանդղակով չափում է երկրների կրթության եւ առողջապահության արդյունքները), Հնդկաստանին տվեց 0,49 միավոր՝ Նեպալից եւ Քենիայից ցածր, թեեւ երկուսն էլ ավելի աղքատ երկրներ են: Չինաստանը գրանցեց 0,65 միավոր՝ համարյա նույնքան, որքան մեկ շնչի հաշվարկով շատ ավելի հարուստ Չիլին եւ Սլովակիան:
Չինաստանում կանանց մասնակցության մակարդակը աշխատուժում 1990 թվականի 80%-ից նվազել է մինչեւ մոտ 62%-ը, մինչդեռ Հնդկաստանում նույն ժամանակահատվածում այն 32%-ից նվազել է մինչեւ 25%: Հատկապես քաղաքային բնակավայրերում կանանց նկատմամբ բռնությունը հետ է պահում հնդիկ կանանց աշխատելուց:
Չինաստանի գերակշիռ մարդկային կապիտալը եւ գենդերային հավասարությունը միասին ապահովել են արտադրողականության ընդհանուր գործոնի (ռեսուրսների օգտագործման արդյունավետության ամենաընդգրկուն չափանիշի) շատ ավելի մեծ աճ: Եթե համարենք, որ երկու տնտեսությունները հավասարապես արդյունավետ էին 1953 թվականին (մոտավորապես այն ժամանակ, երբ սկսեցին իրենց արդիականացումը), Չինաստանը ավելի քան 50%-ով ավելի արտադրողական դարձավ մինչեւ 1980-ականների վերջը: Այսօր Չինաստանի արտադրողականությունը գրեթե կրկնակի ավելի մեծ է, քան Հնդկաստանինը:
Մինչ աշխատող հնդիկների 45%-ը դեռեւս զբաղված է խիստ անարդյունավետ գյուղատնտեսության ոլորտում, Չինաստանը գերիշխող է դարձել, օրինակ, համաշխարհային ավտոմոբիլային, հատկապես էլեկտրական մեքենաների շուկաներում:
Չինաստանը նաեւ ավելի լավ է պատրաստված նաեւ ապագա հնարավորություններին։ Չինական յոթ համալսարաններ աշխարհի լավագույն 100 համալսարանների շարքում են, իսկ Ցինխուայի եւ Պեկինի համալսարանները՝ լավագույն քսանյակում են: Ավելին՝ Ցինխուան համարվում է համակարգչային գիտության աշխարհի առաջատար համալսարանը: 9 չինական համալսարաններ մաթեմատիկայի ոլորտում աշխարհի լավագույն 50-ակում են: Հնդկական ոչ մի համալսարան՝ ներառյալ հայտնի հնդկական տեխնոլոգիական ինստիտուտները, աշխարհի լավագույն 100-ակում ներկայացված չեն:

Լուսանկարը` REUTERS
Չինացի գիտնականները զգալի առաջընթաց են գրանցել իրենց հետազոտությունների քանակն ու որակը բարձրացնելու ուղղությամբ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քիմիան, ճարտարագիտությունը եւ նյութագիտությունը, եւ շուտով կարող են առաջատար դառնալ արհեստական բանականության ոլորտում: Թվերը ցույց են տալիս, որ չինացի հետազոտողները՝ ինչպես ակադեմիական, այնպես էլ արդյունաբերության ոլորտում, արագորեն բարձրորակ արտոնագրեր են ստանում:
1980-ականների կեսերից հնդիկ եւ միջազգային դիտորդները կանխատեսում էին, որ ավտորիտար չինական «նապաստակն» ի վերջո մրցավազքում տանուլ կտա, իսկ դեմոկրատական հնդկական «կրիան» կհաղթի: Վերջին իրադարձությունները՝ Չինաստանի կոշտ համավարակային սահմանափակումները, երիտասարդների աճող գործազրկությունը եւ իշխանությունների անշնորհք ջանքերը՝ զսպելու երկրի գերաճած անշարժ գույքի սեկտորն ու խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, կարծես հաստատում են այս տեսակետը:

Լուսանկարը` REUTERS
Բայց մինչ Չինաստանը՝ հարուստ մարդկային կապիտալով եւ գենդերային հավասարությամբ, կանգնած է ինչպես հին, այնպես էլ նոր տնտեսությունների սահմանագծին, հնդիկ առաջնորդները եւ նրանց միջազգային գործընկերները գովազդում են, որ ի հեճուկս պատմական փաստերի, հնարավոր է փայլուն թվային եւ ֆիզիկական ենթակառուցվածքով թռնել փխրուն մարդկային գործոնի վրայով: Չինաստանը ներկայիս խառնաշփոթի միջով անցնելու խելամիտ ճանապարհ ունի: Հնդկաստանը, ընդհակառակը, կարող է հայտնվել անհիմն լավատեսության փակուղում:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Copyright: Project Syndicate, 2023.
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: