Ներկայացնում ենք Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի տնօրեն Մարկ Լեոնարդի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Երբ ՆԱՏՕ-ի առաջնորդները վերջերս հավաքվեցին Վիլնյուսում, նրանք ցանկանում էին ցուցադրել, որ կազմակերպությունը, որն Ուկրաինային աջակցելով նորովի միավորվել է, ամենեւին «ուղեղով մեռած» չէ, ինչպես 2019 թվականին տխրահռչակորեն նկարագրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Սակայն ՆԱՏՕ-ի այս նոր կենսունակությունը ավելի մեծ խնդիր է թաքցնում. Արեւմուտքը չկարողացավ համոզել մնացած աշխարհին, որ այն նույնպես մասնաբաժին ունի Ուկրաինայի պաշտպանության գործում, եւ սա մեծ տեղաշարժի խորհրդանիշ է:
Ուժային հարաբերությունների արագ փոփոխվող աշխարհում լուռ հեղափոխություն է տեղի ունենում, որը վերափոխում է բազմակողմանիության հասկացությունը եւ հետեւում թողնում Արեւմուտքն ու նրա ինստիտուտները: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին բառափոխելով՝ Արեւմուտքի խնդիրներն այլեւս աշխարհի խնդիրները չեն:
Այս զարգացումը գուցե անակնկալ է նրանց համար, ովքեր հետսառըպատերազմյան ժամանակներում ապավինում էին 1945 թվականից հետո ստեղծված գլոբալ կառավարման ինստիտուտների փոխակերպող ուժին: Արեւմուտքը բնազդորեն ընդգծում էր այս ինստիտուտների ունիվերսալիստական բնույթը եւ ընդլայնում դրանց գործունեությունը: Հույս կար, որ եթե նույնիսկ անհնազանդ երկրներին վրանի մեջ հրավիրես, պակաս հավանական է, որ նրանք այն կհրկիզեն: Ժամանակի հետ, պնդում էին նրանք, այդ երկրները, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ռոբերտ Զելիքի խոսքերով, «պատասխանատու բաժնետերեր» կդառնան:

Լուսանկարը` REUTERS
Բայց այս կանխատեսումը տապալվեց, հատկապես այն պատճառով, որ Չինաստանը՝ «պատասխանատու բաժնետեր» մոտեցման հիմնական թիրախը, այդպես էլ ընտրություն չկատարեց ինտեգրացիայի եւ ռեվիզիոնիզմի միջեւ: Սեղանի շուրջ տեղ զբաղեցնելուց հետո այն եռաթեւ ռազմավարություն կիրառեց՝ հնարավորինս շատ օգուտներ քաղելով համաշխարհային ինստիտուտներից եւ միաժամանակ պահպանելով սեփական ինքնիշխանությունն ու ստեղծելով զուգահեռ ինստիտուտներ: Դրանց թվում են BRICS խումբը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավային Աֆրիկա), Նոր զարգացման բանկը եւ Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկը, որոնց նպատակն է այլընտրանք լինել Մեծ Յոթնյակին, Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին:
Արեւմուտքն ըմբռնեց այս իրողությունը 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո միայն: Այդ ժամանակից ի վեր այն կրկնօրինակում է Չինաստանի գործելակերպը՝ փորձելով նմանատիպ եռաթեւ ռազմավարությամբ առաջ մղել իր շահերն ու արժեքները: Օրինակ՝ Միացյալ Նահանգները կրկին համագործակցում է ՄԱԿ-ի հետ, որպեսզի հակազդի չինական ազդեցությանը, եւ միեւնույն ժամանակ կառուցում է սեփական զուգահեռ ինստիտուտները. ԵՄ-ԱՄՆ Առեւտրի եւ տեխնոլոգիաների խորհուրդ, Քառակողմ անվտանգության երկխոսություն («Քառյակը»՝ Ավստրալիայի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ) եւ AUKUS (Ավստրալիայի եւ Միացյալ Թագավորության հետ):
Արեւմտյան կառավարությունները ջանքեր չեն խնայում նաեւ Եվրատլանտյան եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ինստիտուտների միջեւ կապող հյուսվածք ստեղծելու համար, օրինակ՝ ասիացի գործընկերներին հրավիրում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին: Բայց ամենից տպավորիչը նոր սեւեռումն է բացառիկ կլիմայական ակումբների, սահմանային ածխածնային հարկերի եւ բարեկամ երկրների հետ առեւտրի վրա: Հետամուտ լինելով այս գաղափարներին՝ Արեւմուտքն է՛լ ավելի է խարխլել 1945 թվականից հետո ստեղծված ինստիտուտները՝ դարձնելով դրանք (եւ հետեւաբար ինքն իրեն) պակաս վստահելի մնացած աշխարհի աչքում:
Զրոյական ելքով այս խաղի խնդիրն, իհարկե, այն է, որ արդյունքում է՛լ ավելի կդժվարանա հրատապ համաշխարհային մարտահրավերների լուծումը: Երբ գործը հասնում է կլիմայի փոփոխությանը, Ուկրաինայի պատերազմին եւ ապագա համաճարակների սպառնալիքին, գլոբալ կառավարման հաստատությունները ապացուցում են, որ ի վիճակի չեն համագործակցային լուծումներ առաջարկել՝ մասամբ վստահության կորստի պատճառով:
Մեզանից շատերը կցանկանային, որ 1990-ականների գլոբալ կառավարման մոդելն աշխատեր, բայց դժվար է հերքել, որ նախորդ «պատասխանատու բաժնետեր» էթիկան այժմ պետք է տեղը զիջի նոր էթիկային, որն ավելի հարմար է բազմաբեւեռ աշխարհին:

Լուսանկարը` REUTERS
Ցավոք, արեւմուտքցիները պետք է նվազեցնեն իրենց հավակնությունները ունիվերսալիստական հաստատությունների նկատմամբ՝ դրանց վերաբերվելով ոչ որպես լուծումների աղբյուրի, այլ ավելի շատ որպես տեղեկատվության փոխանակման եւ հակամարտությունների կառավարման ու լուծման հարթակների: ՄԱԿ-ը չի կարող կանխել խոշոր տերությունների միջեւ մրցակցությունը, բայց կարող է օգնել ամրացնել արգելապատնեշները: Աշխարհին ծայրահեղ կերպով անհրաժեշտ են ավելի մեծ ջանքեր՝ պատերազմը (ոչ միայն Թայվանի համար) պակաս հավանական դարձնելու համար, եւ դեռեւս անհրաժեշտ է դիվանագիտություն՝ վերջ դնելու այնպիսի հակամարտություններին, ինչպիսին Ուկրաինայում է: Նպատակը պետք է լինի այն, ինչ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն անվանում է «մրցակցություն առանց աղետի»:
Ան-համագործակցության դարաշրջանում պետք է վերաիմաստավորել գլոբալ կառավարումը: Կլիմայի փոփոխության եւ COVID-19-ի հարցում բազմակողմանիությունը շատ համեստ հաջողությունների հասավ, մինչդեռ ամենամեծ առաջընթացը պայմանավորված էր հակառակորդների մրցակցությամբ: Համագործակցությունը նախընտրելի կլիներ, բայց եթե դա հնարավոր չէ, երեւի թե նույն խրախուսող կառույցները կարող են նաեւ այլ ոլորտներում աշխատել։

Լուսանկարը` REUTERS
Մենք պետք է նաեւ գիտակցենք, որ իրադարձությունների մեծ մասն այժմ տեղի է ունենում Արեւմուտքի ղեկավարած հաստատություններից դուրս: Խաղաղության եւ անվտանգության ոլորտում Արեւմուտքն արդեն սկսել է հաշտվել մասնատված աշխարհի իրողության հետ։ Սիրիայում, Մոզամբիկում եւ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի մրցակցությունում որպես միջնորդ ավելի մեծ դեր են խաղում ոչ արեւմտյան ուժերը: Արեւմուտքը, ընդհանուր առմամբ, ենթարկվել է այս նոր տրամաբանությանը, անհրաժեշտության դեպքում ներգրավվում է, բայց սովորաբար առաջնորդվում է տեղի իրողություններով, այլ ոչ թե ցանկությունը որպես իրականություն ներկայացնելով:
Արեւմտյան երկրները չպետք է մտածեն, թե ում հրավիրեն Արեւմուտքի կողմից ղեկավարվող գործընթացներին, այլ պետք է նայեն դուրս: Ոչ արեւմտյան ո՞ր նոր ինստիտուտներում ու նախաձեռնություններում իմաստ ունի ներգրավվել, ո՞ր ոլորտներում (կարգավորող, ստանդարտների սահմանում եւ այլն) կարող են արեւմտյան տերությունները նպաստել բարենպաստ արդյունքների հասնելու համար:
Համակերպվել նոր բազմաբեւեռ աշխարհի հետ չի նշանակում բոլորից կտրվել: Նույնիսկ համախոհ երկրների հետ նոր ինստիտուտներ ստեղծելիս Արեւմուտքը պետք է շարունակի կառուցողականորեն համագործակցել ոչ արեւմտյան խաղացողների հետ: Համաշխարհային խնդիրների շուրջ համագործակցությունը հնարավոր է համատեղել մրցակցության հետ։ Իր շահերի եւ հնարավորությունների մասին հստակ պատկերացում ունենալով` Արեւմուտքը կարող է օգտագործել իր դեռեւս զգալի կշիռը ավելի մեծ ազդեցության համար: Դա ավելի լավ արդյունքներ կբերի, քան նահանջը դեպի սոլիպսիզմ:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Copyright: Project Syndicate, 2023.
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: